«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2003-07-29 | #144, 2003-07-30 | #145, 2003-07-31


ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ծննդյան 60-ամյակի առթիվ

Միջնակարգն ավարտելուց հետո Ազատ Գասպարյանն ընդունվեց գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, երջանկահիշատակ բեմադրիչ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։

Ազատ Գասպարյանն աշխատել է Երեւանի գրեթե բոլոր թատրոններումՙ Գ. Սունդուկյանի անվան, Հր. Ղափլանյանի անվան, պատանի հանդիսատեսի, «Մետրո» եւ վերջապես հեռուստատեսության թատրոններում։ Այսօր Ա. Գասպարյանը «Երիտասարդական» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եւ առաջատար դերասանը։ Ա. Գասպարյանը յուրաքանչյուր թատրոնում թողել է իր շոշափելի հետքը, ընկալվել որպես բնութագրական ցայտուն հատկություններով օժտված արհեստավարժ դերասան։

Ավելի քան երեք տասնամյակ բեմական կյանքի ընթացքում արտիստն անձնավորել է բազմաթիվ ուշագրավ կերպարներ։ Վերհիշենք ամենանշանավորները. Օկսեն եւ Շողոքորթՙ Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» եւ «Շողոքորթը» կատակերգություններում, դատախազՙ Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսում, Մեռելի Ենոքՙ Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» երգիծավեպի բեմականացման մեջ եւ այլն։ Գասպարյանի նշված անձնավորումներն ունեն տարբեր ժամանակների կնիք, սակայն միավորված են մատուցման ինքնատիպությամբ, բեմական բնավորություն արարելու հմտությամբ, կերպարները խորքից ընկալելու կարողությամբ։

Գասպարյանը բազմակողմանի դերասան էՙ թատրոնի, կինոյի, հեռուստատեսության, ռադիոյի, էստրադայի (ասմունք)։ Նա հավասարապես հաջողակ եւ հավաստի է վերոհիշյալ բոլոր բնագավառներում։ Սա ժամանակակից դերասանի լավագույն հատկանիշներից է, որին լիուլի տիրապետում է մեր ակնարկի հերոսը։ Ազատն ազգային նկարագրով դերասան է, ունի ուրույն դիմագծեր, նրան չես շփոթի մեկ ուրիշի հետ։

Գասպարյանը թատերարվեստին զուգընթաց սկսեց նկարահանվել կինոյում, եւ ի պատիվ արտիստի պետք է նշել, որ նա կարողացավ շատ արագ ձերբազատվել կինոյի համար ոչ ցանկալի թատերական միջոցներից։ Արտիստը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տասներկու ժապավենում։ Կինոյում անձնավորած Գասպարյանի ազնվաբարո Գեղամը («Հեղնար աղբյուր», բեմադրիչՙ Ա. Մանարյան), շփոթահար Միխոն («Խաթաբալա», բեմադրիչՙ Յու. Երզնկյան), թեեւ դրվագային փոքր դերեր են, բայց արտիստի համար դարձան հուսալի աստիճաններ մեծ էկրան տանող ճանապարհին։

Դիտարկենք արտիստի կինոդերերից մի քանիսը, որոնցով կարելի կլինի պատկերացում կազմել նաեւ մյուսների մասին։

Ազատ Գասպարյանին համընդհանուր ճանաչում բերեց կինոն, երբ նրան բախտ վիճակվեց անձնավորել մեր ժողովրդի ճակատագրով այրվող, հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի նվիրական կերպարըՙ արժանահիշատակ կինոբեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» կինոասքում։ Երիտասարդ դերասանը մարմնավորեց 25-ամյա Եղիշե Չարենցին։ Այն մեծ բանաստեղծի կերպարի համարձակ ու հավաստի անձնավորում է, որն ամրագրվեց Չարենցին չտեսած, բայց Չարենց երազող երիտասարդ սերնդի հիշողության մեջ։ Շնորհաշատ արտիստը, մնալով չափազանց հավաստի, Չարենցին ներկայացրեց ներշնչանքով։ Գասպարյանը որսաց Չարենցի բնավորության ամենաբնորոշ հատկությունները եւ կարողացավ ճկուն անձնավորմամբ ամբողջացնել կերպարը։ Շնորհաշատ արտիստը բանաստեղծի կերպարին հաղորդեց ռոմանտիկական շունչ, որն իր հետ բերեց ուրույն գույներ, արտահայտման նոր հնարավորություններ։ Մեծ բանաստեղծի կերպարի խիզախ անձնավորումը ոգեշնչեց արտիստին, ստիպեց էլ ավելի խորանալ Չարենցի պոեզիայի անհատակ խորքերը եւ կարճ ժամանակ անց շնորհալի արտիստը դարձավ բանաստեղծի ժառանգության երեւելի մեկնաբանողներից եւ կատարողներից մեկը։ Ազատ Գասպարյանը Չարենցի կերպարին անդրադարձավ նաեւ «Երկիր Նաիրի» երգիծավեպի հիման վրա նկարահանված հեռուստաֆիլմում (բեմադրիչՙ Կ. Վարժապետյան), որը հեռուստաֆիլմերի մերձբալթյան փառատոնում արժանացավ առաջին կարգի մրցանակի։

Գասպարյանի լավագույն կինոդերերից է նաեւ միլիցիայի լեյտենանտ Մեսրոպըՙ Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմում, ուր նրա խաղընկերներն էին հանրաճանաչ Գալյա Նովենցն ու Մհեր Մկրտչյանը։

Արտիստն իր համարձակ եւ հուզականորեն հագեցած անձնավորմամբ դառնում է վերոհիշյալ տաղանդավոր արտիստների արժանի խաղընկերը։ Գասպարյանն այստեղ ունի կերպարի սուր զգացողություն եւ իր հերոսին ներկայացնում է կենդանի ու շռայլ գույներով։

Կինոբեմադրիչ Ներսես Հովհաննիսյանն իր «Երջանկության մեխանիկա» ֆիլմի գլխավոր դերը վստահեց Ազատ Գասպարյանին։ Ֆիլմը մարդկային ամենավեհ զգացմունքիՙ սիրո մասին էՙ հետաքրքրական եւ ինքնատիպ մեկնաբանությամբ։

«Երջանկության մեխանիկա» ֆիլմի համար Ազատ Գասպարյանն արժանացավ հանրապետության ամենաբարձր պարգեւիՙ ՀՀ պետական մրցանակի։

Արտիստին երբեք չի լքում չափի թանկագին զգացողությունը, բեմական խոսքի բարձր կուլտուրան։ Այս ամենից հետո դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի ստեղծագործական մեծ լարվածություն է ապրում արտիստը կերպար արարելու ընթացքում։

Ազատ Գասպարյանի ծննդյան 60-ամյակը լրանում է օգոստոսի 13-ին։ «Ազգը» նախապես է շնորհավորում սիրելի արտիստինՙ օգոստոսի 4-ից արձակուրդ գնալու պատճառով։

ՀԱՅԿԱԶ ԵՐԱՆՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4