«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2003-07-29 | #144, 2003-07-30 | #145, 2003-07-31


ԿԻՆԸ ԱԲՐԱՀԱՄ ԳԱՏՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ

Կնոջ ինքնատիպ «կենսագրական» մի պատում է ստեղծել բեյրութահայ Աբրահամ Գատյանըՙ «Կնոջ երգը» ժողովածուում։ Իր կյանքի 37 տարիները Աբրահամ Գատյանը նվիրել է ուսուցչությանը, մանկավարժական գործունեություն ծավալել Բեյրութիՙ հիմնականում ՀԲԸՄ-ի վարժարաններում։ Ծնվել է Ճեպել-Մուսայի Բիթհաս գյուղում։ Սովորել է Այնճարի Հայ ավետարանական վարժարանում, Մելգոնյան կրթական հաստատությունում հետեւել վարժապետարանի, որից հետո Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի հայագիտական կաճառի դասընթացներին։

Իր այս անդրանիկ ժողովածուում Ա. Գատյանը կնոջ կերպարի միջոցով մարդու պատմությունն է պատմումՙ նրա տարափոխիկ ու առեղծվածային հոգու մութ ու լույս խորշերով։ Կնոջ հանդեպ իր վերաբերմունքն արտահայտվել է չափածո ձեւի մեջ, պարզ շարադրանքով եւ բավական ընդհանրական նկարագրված է կնոջ բնույթի ամենատարբեր կողմերըՙ հասնելով երբեմն ծայրահեղ մանրամասների։ Առանձնահատուկ սիրով է ներկայացված հայ կնոջ կերպարըՙ իր ավանդական առաքինությամբ եւ զոհողություններով, որի ֆոնին հայոց պատմությունն էՙ Անահիտ-Աստղիկի պաշտամունքից, սբ. Մարիամ, Եղիշեից Կոմիտաս ու Անդրանիկ, 1915-ից Սումգայիթ, մինչ այսօր։

Չափազանց պարզ ժողովրդական պատումի ոճով կինը «բացվում» է իր ամենատարբեր դրսեւորումներով. կինըՙ ընկեր, կինըՙ մայր, քույր, կինըՙ բարեկամ, կինըՙ հարճ, կինըՙ դահիճ։ Դժվար է ասել ձոն է կնոջ գեղեցկությանը եւ հմայքին, թե՞ խղճահարություն կամ ցավ նրա նախաստեղծ մաքուր նկարագրի խաթարման եւ բռնի այլասերումների համար։ Գովերգում է կնոջ մարմնական գեղեցկությունները («Կաթ ու կրակով կրքի հուր ու բոցով» լեցուն), հիանում նրա առաքինություններով, սակայն եւ միեւնույն ժամանակ հուսահատվում, որովհետեւ հոգին ամբարված է «ծով նախանձով, թույն ու մաղձով»։ Մարդու բնույթի այս երկվությունն է անկատարությունների պատճառը, ու հեղինակը կարծում է, թե կինն աշխարհը կարող է վերածել երանավետ դրախտի կամ տանջալի դժոխքի, որովհետեւ «ան, թաց երազն է պարմանիի, /եւ չոր տենչը... ծերունիի։

«Տխուր հիւմորով համեմված, անկեղծ հայու սրտէն ու մտքէն արձակուած տուրք մըն է, որ հեղինակը կը հրամցնէ ընթերցողինՙ իր այս երախայրիքը հանդիսացող հատորով», գրում է Ժիրայր Դանիելյանը գրքի առաջաբանում։

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4