Դիմադրությունը թեժանում է, իսկ լուծումներն անորոշ են
Եթե նախագահական ու խորհրդարանական ընտրությունները հասարակությանը պառակտեցին իրարամերժ խմբերի ու կուսակցությունների, ապա շատ ավելի առաջ հայտնված, սակայն ընտրությունների ստվերում մնացած անհատական ծածկագրերի ուրվականը քաղաքականացված տարբեր խմբերի միասնականացրեց մեր չարչրկված իրականություն մտնող նոր երեւույթի սպառնալիքով։ Հասարակությունը կրկին պառակտվել է, այս անգամ կառավարություն-եկեղեցի, կառավարություն-բնակչություն կտրվածքներով։
Այս տարվա հունվարի մեկից Հայաստանում գործում է «Անհատական ծածկագրերի մասին» օրենքը։ 2004 թ. հուլիսի 1-ից անհատական ծածկագրերը (ԱԾ) պարտադիր պիտի կիրառեն պետական ու տեղական ինքնակառավարման այն բոլոր օղակները, որոնք քաղաքացիների անհատական տվյալների հետ կապված որեւէ գործառույթ են իրականացնում։ Այսինքն, դրանց լայնորեն ներդրման համար շատ քիչ ժամանակ է մնացել։ Իսկ մինչ այդ կրքերը գնալով թեժանում են, եւ դեռ պարզ չէ, թե անլուծելի հանգույցի բախված հասարակությունը մերժելո՞ւ է պարտադրանքը, որի ոչ մի տողին ինքը համաձայն չէ, թե՞ այս ամենն ընդամենը սեփական ներկայությունը հիշեցնելու մի ապարդյուն փորձ է։ Սակայն իրավիճակային ինչպիսի գնահատումներ էլ որ անենք, այս ամբողջ աղմուկն ընդամենը կրկին ապացուցում է, որ, ինչպես միշտ, ժողովուրդն ավելի խելացի է, քան իր իշխանությունները, որոնց ձեւավորել, ծնել ու սնում է, այնուամենայնիվ, հենց ինքը։ Նրա ենթագիտակցական բնազդը անսխալ հուշում է վտանգների մասին, որոնց գոյությունը ոչ ենթադրել, ոչ էլ կանխատեսել են ծրագիրն ու օրենքը իր կամքին հակառակ իր վզին փաթաթողները։ Ինչի՞ց է զգուշանում հասարակությունը։
Ամենեւին չափազանցություն չէ, որ ԱԾ համակարգի ներդնումը նախ բախվելու է մեր ազգային անվտանգության շահերին։ Հայաստանում այսօր մոտ 3000 հասարակական կազմակերպություններ կան։ Դրսի դրամաշնորհների հովանավորությամբ դրանց գերակշիռ զանգվածը զբաղված է մեր իրականության բոլոր անկյունների ու իրողությունների մանրակրկիտ քրքրմամբ, որոնք իբրեւ ցանկացած ոլորտի վերաբերյալ տեսական պարտաճանաչ ուսումնասիրություն մատուցվում են օտարերկրյա կազմակերպություններին։ Մեր մասին նրանք հաստատ ավելին գիտեն, քան մեր իշխանությունները։ Հիմա հերթական քայլն է արվում փլուզելու ոչ հասանելի ինֆորմացիայի եւս մեկ պատնեշՙ անձի տվյալների գաղտնիությունը։ Եվ մինչեւ ո՞ր սահմանն են հասնելու ու մանրամասնվելու այդ տվյալները։ Նույնիսկ եթե մեր երկիրը հասցրած լիներ իբրեւ սոցիալական պետություն կայանալու ու հասնելու կենսամակարդակի զարգացման որոշակի մակարդակի, դարձյալ անվստահելի ու անթույլատրելի էր լինելու նման համակարգի ներդնումը։ Եվրոպան արդեն 2 տասնամյակ առաջ ապահովագրել է իրեն նման սպառնալիքներիցՙ 1981 թ. ընդունելով «Անհատական տվյալների պաշտպանության մասին» համաձայնագիրը։ Էջմիածնի հոգեւոր խորհրդի անդամ, Սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանի վկայաբերմամբ, եվրոպացի փորձագետները մեծ մտավախությամբ ընդգծում են, որ մի բազայում տեղեկությունների կուտակումը, անգամ տարբեր բազաների միջեւ տեղեկատվության փոխանակումը խիստ վտանգավոր են անձի պաշտպանվածության առումով։ Եվ առաջարկում են պարզապես քարտեր օգտագործել տարբեր ոլորտների համար, դարձյալ էլեկտրոնային կենտրոնում կուտակվող ինֆորմացիայով ու համարանիշներով։ Նույն Եվրոպայում հենց այդ սկզբունքով թոշակառուներն իրենց առանձին համարներով քարտեր ունենՙ թոշակ ստանալու համար, կան հարկատուների քարտեր իրենց համարներով, եւ վերջապես կան տվյալների պաշտպանության հստակ ու ճիշտ մշակված համակարգեր։ Նոր համակարգի վերաբերյալ հասարակության միտքը լուսավորելուն կոչված սեմինարներից մեկի ժամանակ Հայաստանում սոցիալական բարեփոխումների ծրագրի ղեկավար Ռոջեր Վոհնը նշեց, որ ԱՄՆ կառավարությունը շատ է կարեւորում այս համակարգի կայացումը Հայաստանում եւ նույնիսկ տեխնիկական աջակցության նպատակով 3 մլն դոլար է տրամադրել։ Բայց ԱԾ համակարգը, նույն մեխանիզմով, ինչ մեզանում է լինելու, ԱՄՆ-ում չի գործում։ Այնտեղ համարանիշներ եթե գործում էլ են, ապա միայն առանձին ոլորտների համար։ Մեզ համար ընտրվել է վատթարագույնՙ ունիվերսալ տարբերակը։ Նման ընտրությունը թերըմբռնմա՞ն, թե անվտանգության խնդիրներին մատների արանքով նայելու արատավոր ավանդույթի արտահայտություն է։
Մեր երկիրն ունի՞ քաղաքացիների նույնիսկ ֆիզիկական պաշտպանվածության վստահելի համակարգեր։ Հենց այս պահին միմյանց հաջորդող սպանություններին ու «ռազբորկաներին», համենայն դեպս, ոչ մի վճռական հակազդեցություն չի ցուցաբերվում։ Ուր մնաց որեւիցե անձի մասին տեղեկության գաղտնազերծումը որեւէ հանցադեպի հանդեպ։ Ըստ օրենքի, եթե քաղաքացին հանկարծ կարող է հայտնաբերել, որ իր անհատական տվյալներն ինչ-ինչ հանգամանքներում ի չարն են օգտագործվել, ապա նա կարող է դիմել դատարան։ Թույլ ու կասկածելի մխիթարություն։ ԱԼՄ հեռուստաընկերության եթերում հնչած ՀՀ սոցապ փոխնախարար Ա. Պետրոսյանի խոստովանությամբ, «մեզ մոտ էլ նախապես որոշվել էր անհատական տվյալների պաշտպանության անկախ հանձնաժողով ստեղծել, սակայն դրա իրագործմանը խանգարել է մեծ ծախսերի բախվելու հեռանկարը։ Բայց օրենքը ստեղծվել է արդեն, ենթաօրենսդրական ակտեր էլ կլինեն ու գտնում ենք, որ այս համակարգի համար նաեւ անհրաժեշտ պաշտպանվածություն կապահովվի»։ Այսինքն, ինչպես շատ դեպքերում, խնդրի վստահելիությունը հիմքից ապահովագրելու փոխարեն դեպի վերջն ենք վազել, այսինքն համակարգը ներդրման ընթացքում է, իսկ դրա պաշտպանվածության մեխանիզմները օրենքում չեն հստակեցվել կամ բավարարվել են ընդամենը ոչինչ չպարտադրող խաբուսիկ արտահայտություններով։
Դիմադրության երկրորդ հզոր ալիքը, որ փլվում է մեր իրականություն խցկվելու համառ փորձեր անող այս նոր նախագծի դեմ, մարմին է առնում եկեղեցու ու հավատավոր քրիստոնյաների դժգոհություններից։ Շրջանառվում են հավանական ու անհավանական, անհեթեթ ու տրամաբանությանը մոտ տարաբնույթ փաստարկումներ։ Նույնիսկ առ այն «վարկածը», թե համակարգի ներդրումը իրականացնելու կոչված «Նեմրութ» տեղեկատվական կենտրոնն ու ծրագրով շահագրգիռ կոնկրետ անձինք Նեռի պատվիրակներն են երկրի վրա։ Եվ անհատական համարանիշի մեջ տասնյակ ու հարյուրավոր դեպքերում «հայտնվելու» է 666 սատանայական թիվը. ուրեմն այդ համարանիշով մարդիկ էլ չարի առաքելություն են իրականացնելու։ Վրդովմունքի կարեւոր խթան է դառնում նաեւ բացառապես հոգեբանական գործոնըՙ մարդը չի ուզում թվի վերածվել, մարդը մկրտվել է սուրբ մյուռոնով, եւ Աստված նրան ճանաչում է անունով եւ ոչ թե թվով, ինչպես սատանան է։
Քանի որ շատ շուտով ծածկագրերը պարտադիր կիրառվելու են աշխատավարձեր, հարկեր, տուրքեր վճարելու գործընթացներում, կենսաթոշակներ ու նպաստներ նշանակելիս, ապա ստացվում է, որ համակարգի ներդրումը զուտ պարտադրանքի բնույթ է կրում։ Եթե քաղաքացին մերժի, կզրկվի այդ բոլոր գործառույթներին մասնակցելու սահմանադրական իրավունքներից, այսինքն դուրս կմղվի ցանկացած նորմալ հասարակությանը բնորոշ վարքի ու կենսաձեւի հաստատված նորմերից։ Իսկ եթե նա ընտրություն անելու հնարավորություն չունի, կոպտորեն խախտվում է նաեւ սահմանադրության հանրահայտ դրույթըՙ թե «յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք»։ Իսկ ընդդիմացող մարդկանց հավատքը արգելում է համակերպվել իրենց պարտադրվող խորթ ու մերժելի նոր իրականությանը։ Արդեն գրեթե 2 ամիս խոսակցություններ են պտտվում, որ Հայ առաքելական եկեղեցին հայտնելու է իր դիրքորոշումը խնդրի վերաբերյալ։ Հիմա էլ, ամեն պահ, սպասվում է նրա պաշտոնական արձագանքը։ Զարմանալի չէ, որ ուշանում է։ Խնդիրը խիստ բարդ է ու բազմաշերտ։
Սոցիալական կառույցների պաշտոնյաներն էլ նույն համոզվածությամբ սեփական հակափաստարկներն են բերում։ Նրանց կարծիքով, ԱԾ ներդրումը առաջին հերթին հարվածելու է ստվերային զբաղվածության շահերին, եւ հենց նրանք են այս ամբողջ իրարանցման ու աղմուկների հեղինակը։ Հիմա գործատուին ձեռնտու է թաքցնել իրական ծախսերն ու աշխատավարձերը, որպեսզի հարկեր քիչ վճարի։ ԱԾ սպառնալիքը ստվերը լուսավորելու իրական վտանգ է բովանդակում, ուրեմն եւ քողարկված եկամուտներից զրկվելու, նոր խարդավանքներ հայտնագործելու գլխացավանքի ենթարկվելու եւ մեծ անախորժությունների մեջ հայտնվելու հավանականություն։
Հասարակական կեցության նոր կարկանդակի համար հունցվող խմորը շարունակվում է փքվել, անընդհատ ջրի նոր պաշարներ կլանելով։ Հավատացյալների մի մեծ բազմություն արդեն խոսում է նույնիսկ հասարակության զոմբիացման դեմ պայքար մղելու անհրաժեշտության մասին։
Ինչ էլ լինի, համենայն դեպս, Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական վերաբերմունքը մեծ դեր կխաղա կրքերը խաղաղեցնելու համար։ Սպասենք նրա արձագանքին։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ