Հնագետները պեղումներ են սկսել նորահայտ քարանձավային բնակատեղիում
Մի քանի օր էՙ շիրակցի երեք մասնագետներից կազմված հնագիտական արշավախումբը պեղումներ է սկսել մարզի Հայկաձոր գյուղի տարածքում հայտնաբերված քարանձավային բնակավայրում։ Մեկ տասնյակից ավելի քարանձավներ ընդգրկող այս նորահայտ հնավայրը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նրանով, որ հարում է Անի մայրաքաղաքինՙ գտնվելով անմիջապես մեր միջնադարյան կրոնական, գիտական ու մշակութային նշանավոր կենտրոն Հոռոմոսի վանքային համալիրի դիմաց, նրա տարածքից բաժանված լինելով միայն Ախուրյան գետով։ Միջնադարյան Անին, իր 100-հազարանոց բնակչությամբ լինելով ժամանակի ամենախոշոր քաղաքներից մեկը ողջ տարածաշրջանում, բնականաբար պետք է ունենար արվարձաններ նաեւ այսօրվա Հայաստանի Հանրապետության իրեն մերձ տարածքում։ Անիի ժամանակաշրջանին վերագրվող այս հնավայրը, ենթադրաբար, նրա այդպիսի մի արվարձանն է (ասել է թեՙ քաղաքն ունեցել է նաեւ քարանձավային հատված), որի ուսումնասիրությունը կարող է հարստացնել գիտական պատկերացումները հայոց հնամենի մայրաքաղաքի նյութական մշակույթի վերաբերյալ։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ հայ մասնագետները 1916 թվականից հետո երբեւէ հնարավորություն չեն ունեցել պեղելու Անին, իսկ նրա հնադարյան գանձերի մեծ մասը մինչեւ հիմա կորած է համարվում, այս պեղումների նշանակությունը էլ ավելի է մեծանում։
Գիտական այս ծրագիրը նախաձեռնող, Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը տեղեկացրեց, որ քարանձավային այս բնակատեղին երեւան է եկել ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից 1997¬2001 թթ. պետական ֆինանսավորմամբ իրականացված հնագիտական-հետախուզական աշխատանքների ընթացքում, որոնց նպատակը մարզի տարածքում անտիկ ժամանակաշրջանի հուշարձանների հայտնաբերումն էր։ 2002 թվականին արդեն պետական ֆինանսավորման ներկայացվեց եւ հաստատվեց այս հուշարձանի ուսումնասիրությունը որպես առանձին թեմաՙ «Անիի նյութական մշակույթը ըստ նորահայտ արվարձանի հնագիտական ուսումնասիրության տվյալների», սակայն հատկացված գումարների սղությունը ստիպում էր նաեւ հովանավորներ փնտրել։ Սկզբնական շրջանում ֆինանսական աջակցություն ցույց տվեց հայաստանյան կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես արք. Տեր-Ներսեսյանը, ապա Փարիզի Պողոս-Նուբար հայկական գրադարանի տնօրեն, ճանաչված պատմաբան, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Հարություն Գեւորգյանի աջակցությամբ Ֆրանսիայում գտնվեց հիմնական հովանավոր, որը սակայն ցանկացել է անհայտ մնալ։ Հովանավորության գումարները տեղ հասցնելու գործում աջակցել է «Հայաստան» հիմնադրամի տնօրենությունը։
Ներկայացնելով սկսված պեղումների ընթացքը, հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Լարիսա Եգանյանը նշեց, որ առաջին երեք օրերին իրենք մասնակի պեղել են մի քարանձավ։ Հուշարձանախմբում դրանք կողք-կողքի են, մեկ-երկու սենյակից բաղկացած, սյունաշարերով, կամարներով անջատված։ Կան կացարաններ, որոնք երկհարկ են։ Առաջին պեղված քարանձավը մուտքի երկու կողմերում ունի երկու սենյակներՙ դեպի դուրս նայող առանձին, կամարաձեւ պատուհաններով։ Սենյակների մեջ կան բազմաթիվ փոքր խորշերՙ ինչպես լամպ դնելու, այնպես էլ տնտեսական այլ նպատակների համար։ Պեղումներով բացվել են նաեւ տնտեսական հորեր ու տաշտաձեւ ամբարներՙ հավանաբար սննդի պաշար պահելու համար նախատեսված, գտնվել են քարե մի կուռք, բրոնզից կամ արծաթից ճրագ, տարբեր խեցանոթների բեկորներ, որոնք բոլորն էլ նախնական թվագրմամբ վերաբերում են 9¬11-րդ դարերին։ Մասնագետներին առայժմ հավանական է թվում, որ տվյալ ժամանակաշրջանում այս կացարաններում մշտական չեն ապրել, դրանք եղել են պատսպարաններ կամ գուցե աղքատ բնակչության ապրելավայր։ Այս եւ բազմաթիվ այլ գուցեների պատասխանը պետք է տա հետագա ուսումնասիրությունը։ Մյուս կողմից, նկատի ունենալով նաեւ տեղանքի նպաստավորությունը (բարձր դիրքը, ջրի մոտիկությունը, պատսպարվելու հարմարությունը), քիչ հավանական է համարվում, որ ավելի վաղ այստեղ բնակված չլիներ նաեւ նախնադարյան մարդը։ Այսինքնՙ հետագա ուսումնասիրությունը կարող է բացել մշակութային նոր շերտեր։ Այս քարանձավների ներսում առայժմ ոչ, սակայն նրանց մոտակայքում, հուշարձանի տարածքում գտնվել են դացիտից եւ վանակատից (սատանի եղունգից) պատրաստված պալեոլիթյան, այսինքն հին քարե դարի գործիքներ, այլ նյութեր։ Ներկա պեղումների նպատակն է նաեւ առավել որոշակիացնելՙ ինչ դարաշրջանի հուշարձաններ կան տարածքումՙ հետագայում հուշարձանախումբը տարբեր դարաշրջանների մասնագետների աջակցությամբ ավելի խոր մասնագիտական ուսումնասիրության ենթարկելու համար։
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ