Նրանց վերջին հույսը երկրի առաջին դեմքն է
Այսօր Զեյթունի հանրակացարանի 5-րդ մասնաշենքի ուսանողներին իրենց սենյակներից դուրս կհրավիրեն, քանի որ օգոստոսի 1-ից, կնքված պայմանագրի համաձայն, բժշկական համալսարանն սկսում է մասնաշենքի վերանորոգումը։
Երեկ ուսանողները ծայրահեղ քայլի էին դիմելՙ նախագահի նստավայրի առջեւ նստացույց կազմակերպելով։ Պաստառները խնդրանք, պահանջ էին Ռոբերտ Քոչարյանինՙ ուշադրություն դարձնել իրենց խնդրին. «Մենք հավատում ենք, որ նախագահը մեզ կօգնի, քանի որ, մեր համոզմամբ, հարցի բուն էությունը նրան պարզ չէ, որովհետեւ նրան խնդրի վերաբերյալ զեկուցվել է միակողմանի»։ Ցանկությունը մեկն էր. հանդիպել անձամբ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ որեւէ այլ պետական պաշտոնյայից նրանք աջակցություն չեն ակնկալումՙ ոչ կրթության եւ գիտության նախարարությունից, ոչ էլ նախագահի աշխատակազմի որեւէ ներկայացուցչից։ Անցյալ ուրբաթ, երբ ուսանողները դարձյալ պաստառներով նախագահական էին եկել, նրանց մի մասին ընդունեցին, խոստացան աջակցել գործին, սակայն ընթացք տալով երկուշաբթի օրը։ Ուսանողները պատմում են, որ երկուշաբթի, ինչպես եւ նախորդ ուրբաթ պայմանավորվել էին, իրենք զանգահարեցին, սակայն նրանց հետ հանդիպելուց հրաժարվեցինՙ ասելով, որ հանգիստ գնացեք ձեր տները, իսկ սեպտեմբերին կգաք վերանորոգված հանրակացարան։ Սակայն ուսանողները վստահ են, որ վերանորոգումից հետո այդ հանրակացարանում այլեւս տեղ չեն ունենա. 5 հարկերից 3-ը բժշկական համալսարանինն է լինելու, իսկ մյուս երկու հարկերում այդ քանակությամբ ուսանողներ ուղղակի չեն տեղավորվի։ Բացի այդ կգործեն սենյակների վարձակալության անհամեմատ բարձր սակագներ եւ մարզերից եկած սոցիալապես անապահով ուսանողները կացարան չունենալու պատճառով կզրկվեն կրթություն ստանալու հնարավորությունից։
Լրագրողներս նստացույց անող ուսանողների հետ նախագահի նստավայրի դիմաց մնացինք մոտ մեկ ժամ, այնտեղ էին նաեւ մի խումբ ոստիկաններ։ Ուսանողները խնդրում էին մեզ չհեռանալՙ մտավախությամբ, որ եթե տեսախցիկները չլինեն, ինչպես նախորդ անգամ, իրենց կպարտադրեն հեռանալՙ մահակներ կիրառելու սպառնալիքով։ Իսկ ոստիկանները նստացույցի առաջին իսկ պահից ասում էին, թե գնացեք դիմացի մայթին (մետրոյի առջեւ) նստացույց արեք։
Մ. Հ.