«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2003-07-29 | #144, 2003-07-30 | #145, 2003-07-31


ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՆԿԱՐԵԼ ՉԻ՞ ԿԱՐԵԼԻ

Հանրապետության նախագահի նստավայրի մոտ Զեյթունի հանրակացարանի ուսանողների երեկվա ցույցի մասին տեսանյութ պատրաստող լրագրողների մեջ էին նաեւ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հեռուստալրագրության դասընթացներին այժմ մասնակցող Երեւանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի օպերատորական բաժնի ուսանող Նարեկ Մարտիրոսյանը եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ստեփանյանը։ Բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց աշխատանքն ավարտելուց հետո արդեն գնացել էին, երբ նախագահի նստավայրի ցանկապատի առջեւ իր երկու երեխաների հետ նստած տիկնոջը մոտեցան ոստիկանության աշխատակիցներըՙ պահանջելով հեռանալ այնտեղից։ Միջադեպին ականատես Նարեկը, որ այդ պահին սպասում էր «Ինտերնյուսի» մեքենային, միացնում է հեռուստախցիկը եւ նկարահանում, ինչը, բնականաբար, դուր չի գալիս ոստիկաններին։ Առանց ներկայանալու Նարեկից անմիջապես պահանջում են տեսանյութըՙ առանց ֆիզիկական բռնություն գործադրելու, սակայն պնդելով, որ Նարեկն իրենց նկարահանելու իրավունք չունի։ Օպերատորը սկզբում մերժում է հանձնել տեսանյութը, որից հետո եթերով հեռարձակվելուն դեմ ոստիկանների թիվը 3¬ից հասնում է 13¬ի։ Նարեկի բացատրությունները, որ իրենք ընդամենը ուսանողներ են եւ նկարահանում են այն, ինչ տեսնում են, անկախ նրանից եթերով կցուցադրվի, թե ոչ անցնում են ապարդյուն։ Դրանից հետո նրանից պահանջում են տեսախցիկըՙ տեսանյութից «ավելորդ» կադրերը ջնջելու համար։ Հետագա տհաճություններից խուսափելու համար Նարեկը հանձնում է տեսանյութն ու վերադառնում «Ինտերնյուս»։

Նարեկի ու Անահիտի հետ զրուցեցինք «Ինտերնյուսի» գրասենյակում։ Երկուսն էլ հուսահատ էին, հիասթափված։ Նարեկը սովորելուն զուգահեռ աշխատում է «ԱԼՄ» հեռուստաընկերությունում։ Ոստիկանները վերցրել էին նաեւ օպերատորի աշխատանքային վկայականը։

Զավեշտալին այն է, որ ոստիկանները դասեր են տվել Նարեկին, թե իրենց նկարահանելու իրավունք չունի ոչ մի օպերատոր։ Թե որտեղ է գրված այդ օրենքը, որի մասին լրագրողները չգիտեն, համենայն դեպս մեզ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ ոստիկաններն ամեն տեղ նույնն ենՙ նախագահական նստավայրի մոտ թե, ասենք, Մաշտոցի պողոտայում։ Նրանց թույլատրելի է ամեն կոպտություն։ Հարց է առաջանումՙ Նարեկի նկարահանած տեսանյութը վերցրած ոստիկանները ինչպե՞ս կվարվեին, եթե նախագահի նստավայրի մոտ նստած տիկնոջը վերաբերվեին բարեկրթորեն։ Ցավոք, մեր մեջ արմատացած հոգեբանական բռնությունը մեզ երբեւէ չի ազատելու նմանատիպ երեւույթներից։ Նամանավանդ, երբ դրա իրագործողներն ամենից առաջ օրինապահներն են։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4