Թբիլիսին նոտա է հղել Մոսկվային
Վրաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանությունՙ Մոսկվայից պահանջելով դադարեցնել Սոչիի եւ Սուխումի միջեւ սկսած ծովային երթեւեկությունը։
Անցած շաբաթ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումից դեպի ռուսական Սոչի նավահանգիստ ուղեւորվեց զբոսանավակ, այդպիսովՙ տասը տարի անց վերականգնվեց նավագնացությունը Ռուսաստանի եւ դե ֆակտո անկախ Աբխազիայի միջեւ։
Վրաստանի արտգործնախարար Իրակլի Մենաղարիշվիլին ռուս-աբխազական նավագնացությունը որակել է արկածախնդրություն, իսկ Վրաստանի սահմանապահ դեպարտամենտի ղեկավար Վալերի Չխեիձեն ասել է, որ հնարավորության դեպքում վրացական ծովային ուժերը կալանելու են Ռուսաստանից դեպի Աբխազիա եւ հակառակ ուղղությամբ լողացող նավերը։
Աբխազիայի վարչապետ Ռաուլ Խաջիմբան ասել է, որ Սոչի-Սուխում նավագնացության վերականգնումն անհրաժեշտություն է եւ սպասարկելու է Աբխազիա ժամանող զբոսաշրջիկներին։
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագրով Մոսկվան պարտավորվել է որեւէ հարաբերություն չհաստատել Աբխազիայի հետ, քանի դեռ չի լինի Թբիլիսիի համաձայնությունը։
2002 թ. դեկտեմբերին սկսվեցին Սոչի-Սուխում երկաթուղու կանոնավոր չվերթերը, ինչը նույնպես հակասում էր Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությանը, սակայն Մոսկվան պնդում է, որ ե՛ւ երկաթուղու, ե՛ւ ծովագնացության վերականգնումը մասնավոր ընկերությունների պայմանավորվածության արդյունք է։
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Վախթանգ Կոլբայան ասում է, որ մոտ ապագայում կգործի Սուխումի օդանավակայանը, եւ կսկսվի անջատողական Աբխազիայի եւ Ռուսաստանի միջեւ օդագնացությունը։
Երկուշաբթի օրն իր ավանդական ռադիոհարցազրույցում, ապա մամուլի ասուլիսում, նախագահ Շեւարդնաձեն չանդրադարձավ Սոչի-Սուխում նավագնացության վերականգնման փաստին։
Ըստ էության, Թբիլիսիի քաղաքականությունըՙ շրջափակման օգնությամբ մեկուսացման մեջ պահել Աբխազիային, ձախողվել է։ Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Վրաստանի ռազմավարական դաշնակից Թուրքիան Աբխազիայի հետ տնտեսական, առեւտրային հարաբերություններ են հաստատել, ներդրումներ են անում չճանաչված հանրապետությունում։
Եվ չնայած թուրքական նավերն առավել հաճախ են խախտում Վրաստանի ծովային սահմանը Աբխազիայի հատվածում, Թբիլիսին բողոքի նոտա չի հղում Անկարային։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի