Թուրքական իշխանությունները կարեւոր նշանակություն են տալիս Սիրիայի վարչապետ Մուստաֆա Միրոյի Անկարա կատարած այցին։ Դրա վկայությունը ոչ միայն տեղական մամուլում հրապարակված հոդվածներն են, որոնցում այցը պատմական էր բնութագրվում, այլեւ վարչապետ Միրոյին ցուցաբերվող ընդունելության մակարդակը։
«Ազգը» նախորդ համարում Արմենպրեսի միջոցով անդրադարձել էր այցին։ Իսլամամետ «Վաքիթ» թերթն էլ անդրադառնում է Միրոյին ցուցաբերվող ընդունելությանն ու դա համարում «փառահեղ»։ Սիրիայի վարչապետն Անկարա էր ժամանել հուլիսի 30-ի առավոտյան։ Օդանավակայանում նրան Թուրքիայի արտգործնախարար եւ փոխվարչապետ Աբդուլլահ Գյուլի գլխավորությամբ դիմավորել էին եւս 5 նախարարներ, որոնցից 2-ըՙ պետնախարարի կարգավիճակով։
Մուստաֆա Միրոյին ընդունել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը։ Այնուհետեւ նա հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, արտգործնախարար Գյուլին, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Հիլմի Գյուլերին, առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղին, պետնախարարներ Ալի Բաբաջանին եւ Քյուրշադ Թյուզմենին, ինչպես նաեւ արտգործնախարարության խորհրդական Ուղուր Զիյալին։
Զիյալն այն անձնավորությունն է, որը Գյուլի այցի նախօրյակին գործուղվել էր Վաշինգտոն, որպեսզի այցը նախապատրաստելիս միաժամանակ նպաստի թուրք-ամերիկյան տարաձայնությունների հաղթահարմանը։ Քանի որ դրանք չեն հաղթահարվել, ուստի չափազանց ուշագրավ է դառնում Զիյալի մասնակցությունը Սիրիայի վարչապետի հետ հանդիպումներին։ Համենայն դեպս, Էրդողան-Միրո հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները մամուլի համատեղ ասուլիս են հրավիրել, որտեղ Թուրքիայի վարչապետը հայտարարել է. «Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդման առումով պաղեստինա-իսրայելական հակամարտության արդարացի եւ համապարփակ լուծումը կենսական նշանակություն ունի։ Մեր տեսակետներն այս հարցում համընկնում են»։
«Վաքիթ» թերթն ասուլիսի մասին այլ տեղեկություններ չի հաղորդում։ Հարկ է սակայն նշել, որ թուրք-սիրիական հարաբերությունների առումով կարեւորը տեղեկությունները չեն, այլ պաղեստինա-իսրայելական հարցում երկու երկրների մոտեցումները։ Որքանո՞վ են դրանք համընկնում կամ Էրդողանի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, ցույց կտա ժամանակը։ Այնուամենայնիվ, տարիների վաղեմության լարվածության պարագայում, որն առկա էր թուրք-սիրիական հարաբերություններում, հայտարարության փաստն անգամ ուշագրավ է դառնում։
Այլ կերպ, Թուրքիան Սիրիայի հետ մերձեցման ուղղությամբ նոր քայլեր է կատարում, անտեսելով դրան ԱՄՆ-ի հակազդեցությունը։ Ինչո՞ւ։ Ըստ երեւույթին այն պատճառով, որ նրան չի հաջողվում ոչ մի կերպ հաղթահարել թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը։ Թերեւս Սիրիայի վարչապետ Մուստաֆա Միրոյին Անկարայում ցուցաբերված, այսպես կոչված, «փառահեղ» ընդունելությունն այդ լարվածության յուրահատուկ արձագանքն է։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ