Բացի ահաբեկիչներից, նա էլ է կրակել ԱԺ նիստերի դահլիճում
«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությանը երեկ որպես վկա ներկայացել էր ահաբեկչության ժամանակ Վազգեն Սարգսյանի թիկնապահ Արկադի Զաքարյանը, որը ներկայումս աշխատում է պաշտպանության նախարարությունում։ Նա իր դատաքննական ցուցմունքը ներկայացրեց շատ ավելի հակիրճ, քան նախաքննական ցուցմունքը։ Ուստի հարկ եղավ հարցերով ճշտել, եւ պարզվեց հետեւյալը։
1999 թ. հոկտեմբերի 27-ին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ Ազգային ժողով են գնացել նրա թիկնապահներ Արկադի Զաքարյանը եւ Տիգրան Գալստյանը, վարորդ Հակոբ Համբարձումյանը։ Մտնելով Ազգային ժողովի տարածք, երեքը միասին սահմանված կարգով անցել են անցակետը։ Եվ քանի որ երբեք խորհրդարանի շենք չէին մտնում, այդ օրը նույնպես Վազգեն Սարգսյանին ուղեկցել են մինչեւ առաջին հարկի վերելակ եւ ապա վերադարձել մեքենայի մոտ, որը կանգնած էր բակում։
Վկայի խոսքերով, այդ օրն էլ, եթե մեքենայում միացված չլիներ ռադիոն, իրենք չէին էլ հասկանա, թե ինչ է կատարվում խորհրդարանի շենքում։ Կրակոցներից հետո նրանք վազել են, մտել ԱԺ եւ հասել մինչեւ խորհրդարանի նախագահի ընդունարան։ Թիկնապահ Արկադի Զաքարյանը եւ նրա հետ ԱԺ մտնողները չեն կարողացել գնալ դահլիճ, քանի որ շենքում չլինելով չեն պատկերացրել, թե որտեղ է այն գտնվում։ Ճշտելուց հետո Արկադի Զաքարյանը մյուսների հետ փորձել է մտնել նիստերի դահլիճի նախագահության հետեւում գտնվող դռնից։ Երբ փորձել են մոտենալ դռանը, դահլիճի դռան հետեւից կրակել են։
Արկադի Զաքարյանը մանրամասնեց, որ դահլիճ բարձրանալիս իր եւ մյուս թիկնապահիՙ Տիգրան Գալստյանի մոտ եղել է մեկական ատրճանակ։ Դռան հետեւից կրակոցներ լսելուն պես Արկադի Զաքարյանն իր ատրճանակը տվել է Տիգրան Գալստյանին, ապա վազել ներքեւ, բակում կանգնած մեքենայից ինքնաձիգ բերելու։
Վերցնելով ինքնաձիգը, Զաքարյանը բարձրացել է վերեւ, իրեն պատահած աշխատակիցներին խնդրելով ցույց տալ նիստերի դահլիճ տանող մեկ այլ դուռ։ Այս անգամ ինչ-որ դռնից Արկադի Զաքարյանը մտել է դահլիճ եւ տեսել, որ ահաբեկիչներից մեկը ինքնաձիգը նշանառել է դեպի, վկայի հիշելով, Անդրանիկ Մանուկյանը։
Դատարանում վկան նշեց, թե մտնելով դահլիճ ինքը կրակել է լուսատախտակի ուղղությամբ, նախազգուշական նպատակովՙ փորձելով զինաթափել ահաբեկիչներին, սակայն ահաբեկիչները պատասխան կրակ են բացել, սպառնալով, որ եթե նա դուրս չգա, կսպանեն վարչապետին։ Արկադի Զաքարյանը լքել է դահլիճը, նաեւ մտածելով, որ այնտեղ մնալու դեպքում կարող է վնասել դահլիճում գտնվող մարդկանց։ Դուրս է եկել ու իջնելով ներքեւ, հանդիպել է զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։
Այս վկայի առնչությամբ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը միջնորդեց դատարանին գործին կցել իր կողմից ներկայացվելիք մի տեսաերիզ, որտեղ ներկայացված են վկայի պատմած իրադարձությունները։ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը միջնորդության կապակցությամբ ասաց, որ նման տեսաերիզը նորություն չէ, եւ դա արդեն իսկ կցված է գործին։ Բայց քանի որ տեսաերիզը 3 ժամ տեւողություն ունի, թերեւս իմաստ չկա նայել ամբողջությամբ։ Դատավոր Սամվել Ուզունյանը միջնորդությանն ի պատասխան նշեց, որ նախ պետք է ավարտել հարցաքննությունը։
Երբ հարցեր ուղղելու հերթը հասավ ամբաստանյալ Նաիրի Հունանյանին, վկա Արկադի Զաքարյանը հայտնեց, որ չի պատասխանի նրա հարցերին։ Դատավոր Ուզունյանը հիշեցրեց վկային, որ նա պարտավոր է պատասխանել հարցերին։ Արկադի Զաքարյանն էլ հայտարարեց, որ եթե իմանար վարչապետի սպանված լինելու մասին, Նաիրի Հունանյանը կենդանի չէր մնա, եւ ընդհանրապես Վազգեն Սարգսյանի սպանվելուց հետո վկային, իր իսկ խոսքերով, չէր հետաքրքրի, թե դահլիճում ով կենդանի կմնար։
Ինչեւէ։ Անդրադառնալով Արկադի Զաքարյանի այն դատաքննական ցուցմունքին, ըստ որի, վկան հայտնվելով դահլիճումՙ նախազգուշական կրակոց է արձակել լուսատախտակի ուղղությամբ, Նաիրի Հունանյանը հիշեցրեց Զաքարյանի նախաքննական ցուցմունքից այն, որ Տիգրան Գալստյանին Արկադի Զաքարյանը պատմել է, թե դահլիճ մտնելովՙ ինքը նշան է բռնել, կրակել եւ ինչ-որ մեկն էլ ընկել է։ Մի քանի հարցից հետո վկան ի վերջո պնդեց իր նախաքննական ցուցմունքը։
Այնուհետեւ Օլեգ Յունոշեւը հիշեցրեց իր միջնորդության մասին, ավելացնելով, որ այդ նյութի միջոցով ինքն անհերքելի ապացույց ունի, որ ԱԺ-ում եղել է առնվազն եւս մեկ զինված մարդ, որն աջակցել է ահաբեկիչներին։ Յունոշեւը նշեց նաեւ, որ համոզված է, թե իր հիշատակած տեսաերիզը կեղծ է։ Միջնորդական քննարկման ժամանակ մեղադրող Գագիկ Ավետիսյանն առարկեց, թե անիմաստ է տվյալ պահին տեսաերիզը դիտել։ Աշոտ Սարգսյանն էլ ավելացրեց, ի դեպ, որ տեսաերիզի կադրերն արագացված են եւ հարկ է մասնագետի օգնությամբ բերել նորմալ վիճակի։
Դատավոր Ուզունյանը համաձայնեց, որ մասնագետի կարիք կա։ Նա նշեց նաեւ, որ նախ կհարցաքննեն այդ դրվագի մյուս վկաներին եւ անհրաժեշտության դեպքում կդիտեն նաեւ տեսաերիզը։ Այդպիսով, դատավորը միջնորդությունը համարեց ժամանակավրեպ։
Դատարան ներկայացած մյուս վկանՙ Ղազար Սարգսյանը Սիրիայից եկած եւ ազատամարտի գործողություններին մասնակցած երկրորդ կարգի հաշմանդամ է։ Սարգսյանը նշեց, որ Հունանյանին ճանաչել է 1988 թ.-ից, ճանաչել է նաեւ եղբորըՙ Կարեն Հունանյանին։ Իր իսկ խոսքերով մոտ է եղել նաեւ Վազգեն Սարգսյանի հետ։ Վկան դատարանում ցուցմունք տվեց, որ 1999-ին Նաիրի Հունանյանին տեսել է համալսարանում։ Վերջինս, Սարգսյանի դրամական խնդիրները հաշվի առնելով, ասել է, թե գուցե աշխատանքի տեղավորի նրան։ Այդ հանդիպումից հետո վկայի զանգով Նաիրի եւ Կարեն Հունանյանները, էլի ինչ-որ մեկը, որին վկան չի ճանաչել, գնացել են Ղազար Սարգսյանի այն ժամանակվա աշխատավայրՙ հատուկ գունդ։ Մի քանի օր հետո հանդիպում է տեղի ունեցել սրճարանում, եւ ենթադրելով, որ Հունանյանի մոտ իրեն աշխատանքի տեղավորել չի ստացվում, վկան այլեւս չի հետաքրքրվել։
Հետաքրքրական է, որ նախաքննական իր ցուցմունքում Ղազար Սարգսյանը բազմաթիվ այլ հանգամանքների մասին է խոսել։ Այս կապակցությամբ արդեն դատարանում վկան նշեց, որ նախաքննության ժամանակ իրեն սպառնացել են ու թեեւ իրեն չեն խաբել, բայց գրել են ցուցմունք եւ ինքը ստորագրել է։ Այնուհետեւ, երբ դատավարության կողմերն անդրադարձան Ղազար Սարգսյանիՙ ամբաստանյալների եւ նրանց արարքին վերաբերող գնահատականներին, վկան վատ զգաց։ Նիստն ընդմիջվեց եւ մեր տեղեկությամբ վկային տարան հիվանդանոց։
Այդպիսով նիստն ընդմիջվեց մինչեւ այսօր։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ