Հարցազրույց գրահրատարակիչ Սերգեյ Խաչիկօղլյանի հետ
Օրերս «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը լույս ընծայեց իր 40-րդ գիրքըՙ XVII դարի ֆրանսիացի խոշորագույն մտածող եւ գիտնական Բլեզ Պասկալի «Մտքերը» առաջին ամբողջական թարգմանությամբ։ Հետեւելով հրատարակչության տարիների գործունեությանըՙ կարելի է վստահաբար արձանագրել, որ այստեղ իրականացվում է լուրջ եւ ծրագրված գրահրատարակչական քաղաքականություն։ Առաջին անգամ հայ մշակույթ են ներմուծվում եւ հայերեն ներկայացվում համաշխարհային գեղագիտական, փիլիսոփայական, գիտական մտքի ամենանշանավոր ու կոթողային աշխատություններ։
Հրատարակված գրականությունը ներկայացված է առանձին շարքերովՙ «Արվեստի մատենաշար», «Իմացություն գրադարան», «Ժամանակ եւ խոսք» եւ այլն, եւ ներառում է գեղագիտության, արվեստի տեսության, փիլիսոփայության, կրոնի, պատմագիտության, լեզվաբանության, ոգեգիտության ոլորտները։ Թվարկենք մի քանի անուններ. արվեստՙ Գոգեն, Վան Գոգ, Սեզան, Պիկասսո, Մատիս, Կանդինսկի, Դիդրո, Բոդլեր, Ռոդեն, Սարյան, Կոստան Զարյան, Ռիդ, փիլիսոփայությունՙ Պիեռ Տեյար դը Շարդեն, Պլոտինոս, Կանտ, Լայբնից, Շտայներ, Բերգսոն, Քսենոփոն։ Շուրջ 30 գիրք ընթացքի մեջ էՙ պատրաստ է կամ պատրաստվում է հրատարակության։
Շուտով լույս կտեսնի Անրի Բերգսոնի եւս մեկ հատորըՙ երկու հիմնարար աշխատություններՙ «Մետաֆիզիկայի ներածություն» եւ «Ստեղծարար էվոլյուցիա», XX դարի մեծ բյուզանդագետ Շառլ Դիլի վերջին գործըՙ «Բյուզանդիայի պատմության հիմնախնդիրները», Մարկ Շագալի «Իմ կյանքը», Խոան Միրոյի «Զրույցները»։ Սկսված է Պլատոնի հիմնական երկերի թարգմանությունը, թարգմանվում են Մարկուս Ավրելիուսի «Խորհրդածությունները» եւ Սյորեն Կիրկեգորի «Ահ եւ դող»-ը։ Եկող տարի լույս կտեսնի Կանտի գլխավոր երկըՙ «Զուտ բանականության քննադատությունը», եւ այլն, եւ այլն։
Պատկառելի գրականության մի ցանկ, որ անկասկած պահանջում է որոշակիորեն գրագետ եւ բարձր իմացականությամբ օժտված ընթերցող։ Ինչպե՞ս է իրականացվում նմանաբնույթ աշխատանքը այսօրվա հոգեւոր-մշակութային պայմաններում, ի՞նչ նպատակների, գաղափարական ի՞նչ սկզբունքների է հետամուտ։ Իրավիճակ. մշակույթ եւ ժամանակ, բարոյականություն, անհատ եւ միջավայրՙ այս հարցերի մասին է իմ զրույցը հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանի հետ։
¬ Հրատարակչությունը ստեղծվել է 1993 թ.։ Առաջին գիրքը լույս է տեսել 1994 թ.։ Սակայն ծրագիրն իբրեւ գաղափար եւ վճիռ ծնվել է 1987-ին, թեեւ դրա անհրաժեշտության գիտակցումը ձեւավորվել էր դեռեւս 70-ականներին։ Խորհրդային տարիներին անհնար էր իրականացնել ազատ մշակութային ծրագիր, դա կարելի է անել միայն ու միայն անկախ պայմաններում։ Դժվար 7 տարիներ անցան մինչեւ լույս տեսավ առաջին գիրքը։ Մենք փորձում ենք նոր ժամանակներում առաջին անգամ ծրագրված կերպով հրատարակել այն համաշխարհային, համամարդկային, բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների համար պարտադիր գրականությունը, որին չենք անդրադարձել խորհրդային եւ նախախորհրդային ժամանակներում։ Թիկունքում, իհարկե, ունենք Չարենցիՙ այդ վիթխարի մարդու, բանաստեղծի եւ անզուգական հրատարակչի փորձը, բայց նա շատ բան չհասցրեց անել, մասնավորապես գիտական գրականության հրատարակման հարցում։ Երբ այս ծրագիրը հղացանք, ցանկություն կար, որքան հնարավոր է մեր օրերում փորձել վերարծարծել, ակտուալացնել Չարենցի մտահղացումները։
¬ Դատելով Ձեր հրատարակություններից, հատկապես սա թարգմանական գրականությանն է վերաբերում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ աշխատանք է այստեղ կատարվում։ Լեզվական ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում, ինչպիսի՞ հնարավորություններ ունի ժամանակակից հայերենն այսպիսի գրականության «տիրույթներում»։
¬ Յուրաքանչյուր գիրք շատ մանրակրկիտ աշխատանք է պահանջում, երբեմն խմբագրումը ավելի ծանր եւ աշխատատար է լինում, քան բուն թարգմանությունը։ Օրինակ, Լայբնիցի «Մետաֆիզիկական երկերը» 15 անգամ խմբագրվել է, բազմիցս հղկվել, թեեւ թարգմանությունն ինքնին որակյալ էր։ Հենց այնպես, բառարանային առաջին արժեքներով բառիմաստներ թարգմանել ու գիրք սարքել չի կարելի։ Նախ եւ առաջ բնագիրը հասկանալու խնդիր կա, ապա անհրաժեշտ է գտնել մտքի հայերեն ճշգրիտ համարժեքը։ Գրեթե չունենք թարգմանիչ պրոֆեսիոնալներ մասնագիտական բնագավառներում, դիմում ենք այն հազվագյուտ բանասեր-թարգմանիչներին, ում հատուկ է մտածելու հակումը, որոնք տեքստը հասկանալու համար պատրաստ են ճիգ անել։ Բայց, միեւնույն է, մասնագիտական աչքով այդ բոլոր թարգմանությունները խստագույնս քննվում են։
Բարդ գիտական գործընթաց է, եւ նույնիսկ հասուն, մշակված լեզուները, ինչպես անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, ռուսերենը եւ այլն, ունեն շատ պրոբլեմներ։ Հայերենի դեպքում բարդություններն ավելի մեծ են։ Որովհետեւ ձեւավորված գիտական պրոզա, փիլիսոփայական լեզու դեռ չունենք, այս ամենը խմորման փուլում է, այն, ինչ կա այսօր, բավարար չէ, կարելի է ասելՙ մեկ-երկու պատահական բացառությամբ չունենք օրիգինալ եւ թարգմանական գրականություն։ Անշուշտ, խոսքս նոր հայերենիՙ աշխարհաբարի մասին է, որն իբրեւ գրական լեզու հազիվ 200¬250 տարվա կյանք ունի։
Բոլոր լեզուները (եւ ավելի լայնՙ մշակույթները) զարգանում են ներքին ռեսուրսների շնորհիվ եւ փոխառությամբ։ Երբ վախենում են օտար ազդեցություններից եւ փակվում, զմռսվում, կոնսերվացվում, դա շատ վտանգավոր է։ Գիտակցության այս ներփակվածությունից մահվան հոտ է գալիս, դա նախանշան էլ չէ, հստակ սինդրոմ է, որ ազգը, մշակույթը հիվանդ է։ Լեզուն ոգեղեն հոսուն տրամաբանություն է, ներքին ընթացքՙ աշխարհը մտածելու, վերապրելու, արտահայտելու իր բազմապիսի ազդակներով ու կարողություններով։ Մեխանիկական, արհեստական թարգմանությամբ ոչնչի չենք հասնի։ Առհասարակ մշակույթը եւ լեզուն զարգանում են, երբ այդ մշակույթի ընդերքում գիտակցվում, մտածվում եւ ձեւակերպվում են համամարդկային, համամոլորակային, համատիեզերական գաղափարներ։ Երբ էթնոսը, որ ապրում է այդ փուլը, ի դեմս իր մտածող զավակների ներքին պահանջ է զգում ձեւակերպելու այդ մեծ մտքերը, այնժամ լեզուն ոգեղենանում է, գոյանում է համապատասխան լեզվամտածողություն։ Պետք է ընդլայնվել եւ՛ խորությամբ, եւ՛ մակերեսով. եթե չկա ոգու էքսպանսիա, ոգին մեռնում է։ Սա լոկ «մշակույթին» չի վերաբերում. երբ սկսում է «մարել ոգին», երկիրը տկարանում է մարմնով, ֆիզիկապես, կորցնում է տարածքներ, բնակչություն, դիմագիծ։
¬ Բացի լեզվական խոչընդոտներից, ուրիշ ինչպիսի՞ դժվարություններ ունեք։
¬ Ակնարկում եք ֆինանսական բարդություննե՞րը։ Իհարկե, կան։ Որքան ուզեք։ Ցանկացած հրատարակիչ, որ կփորձի այս պայմաններում նման ծրագիր իրագործել, անպաշտպան լարախաղաց է, եթե չասեմ արկածախնդիր։ Գրքից գիրք պարտքերը մեծանում են, երբեմն տոկոսով պարտք ես անում, որ աշխատավարձ տաս։ Հազար ու մի միջոցի ես դիմում, որպեսզի նավդ բաց, ալեկոծ ծովում չխորտակվի։ Երբեմն թվում էՙ վերջ, ոչինչ չի փրկի, եւ Աստված ես կանչում, որ հերթական գիրքդ վերջինը չլինի։ Բայց դա չէ ամենալուրջ պրոբլեմը, որ կանգնած է նման ծրագիր իրականացնող հրատարակչի առջեւ։
Ամենայն պատասխանատվությամբ եւ առանց սեթեւեթանքիՙ խնդիրը առաջին հերթին դրամը չէ։ Նախ եւ առաջ մարդկանց պակասն է, այն պրոֆեսիոնալների, որ ինչպես հարկն է գիտեն իրենց մասնագիտությունը, տիրապետում են ե՛ւ հայերենին, ե՛ւ օտար լեզուներին։
ԽՍՀՄ-ի ամենասոսկալի բաներից մեկը գիտե՞ք որն էրՙ պրոֆեսիոնալիզմի հետեւողական, կարծես ծրագրված վերացումը։ Իսկ նրանք, ովքեր ոնց-որ թե մասնագետներ էին, հաճախ օտարվում էին իրենց լեզվից ու մշակույթից եւ դառնում ապազգային (ուստի պակասավոր) մտավորականություն, մյուս մասն էլ իբր հայկաբան է, բայց նեղմիտ ու ներփակ, որ մտածում է հարազատ գոմի կատեգորիաներով եւ վախենում է դուրս գալ տիեզերքի հոսանքներին հանդիման։ Անշուշտ, թեեւ խիստ սակավաթիվ, բայց եղել են ու կան ճշմարիտ մասնագետ-մտավորականներ, եւ հենց նրանց հետ էլ իրականացնում ենք մեր ծրագիրը։
Մեր հրատարակած «Զրույցներ Սարյանի հետ» (Վիլհելմ Մաթեւոսյան) գրքում կա այսպիսի դրվագ. Մարտիրոս Սարյանը եւ Արտաշես Շահինյանը տագնապով խոսում են հենց այդ պրոֆեսիոնալիզմի սրընթաց անկման մասին, որն իբրեւ ազգային աղետ մի օր պայթելու է մեր գլխին։ Եվ պայթեց։ Կյանքի բոլոր ոլորտներում անխտիր։ Ես ամենից առաջ պակաս ունեմ լուրջ մասնագետների, խելքը գլխին առաջաբան, մեկնաբան¬գրողների։
Լուծված չէ հարկային խնդիրը։ Գրահրատարակչական ոլորտը հարկավոր է միառժամանակ ազատել բոլոր հարկերից, ինչպես դա արվեց Ռուսաստանում։ Մի զավեշտական, սկանդալային օրինակ. Եվրամիության ապահով երկրներում գրքի ավելացված արժեքի հարկը 5% է, իսկ հազիվ ոտքերին կանգնած, պարտքով ապրող երկրումՙ 20%։
Մեր այսօրվա տպաքանակների, ազգաբնակչության ցավալի գնողունակության, գիրքն ինքնարժեքից ցածր գնով վաճառելու պարագայում գործը դառնում է վնասաբեր, ֆինանսական առումով, իհարկե։ Ու եթե որեւէ հրատարակիչ գնում է այս ճանապարհով, երբ նախ եւ առաջ ոչ թե բիզնես է դա դիտում, այլ լուսավորական ծրագիր, հայտնվում է անելանելի վիճակում։
¬ Իսկ ինչպե՞ս եք դուրս գալիս այդ վիճակից, ինչպե՞ս եք գիրքն իրացնում, կազմակերպում նյութական խնդիրները։
¬ Շատ նվիրում եմ գրադարաններին (ոչ միայն Երեւանի), բարեկամ մտավորականներին, որպեսզի գիրքը մտնի գիտական շրջանառության մեջ, կատարի այն դերը, ինչի համար որ ծնվել է։ Իսկ ծնվել է, որ դառնա հոգեւոր սնունդ։ Աջակցության համար դիմում ենք արտասահմանյան ֆոնդերին, օրինակ, Սորոսի ֆոնդին, մեր սփյուռքահայ հայրենակիցներին, երբեմն պետպատվեր ենք ունենում։ Վերջերս դիմեցի Եվրախորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ֆոնդերի աջակցությանը։ Ցավոք, մեր երկրի քաղաքական վերջին անցքերը բացասաբար ազդեցին. պատասխան չեմ ստանում, պարզապես անտեսում են։ Անշուշտ, մեծապես կախված ենք հովանավորներից։
¬ Վերջին քաղաքական իրադարձություններն իսկապես քաոսային իրավիճակներ են ստեղծել։ Հասարակության սոցիալական բեւեռացումն արտաքին, երեւացող կողմն է միայն, իսկ խորքում բարոյազրկում եւ հոգեւոր տարբեւեռացում կա։ Ի՞նչ եք խորհում այս մասին։
¬ Ցավալի երեւույթներ եղան։ Այսօր ամեն ինչ պայմանավորել օբյեկտիվ պատճառներով, թե փոքր երկիր ենք, ռեսուրսներ չունենք եւ այլն, եւ անտեսել սուբյեկտիվը չի կարելի, սա անսքող կեղծիք է։ Մեր քաղաքական այրերն այսօր երկրի եւ գործի նկատմամբ ազնվություն, պատասխանատվություն, ներքին շիտակություն չունեն, եւ ցավալիորեն դա դարձել է հայ մարդու ընդհանուր նկարագիրը։ Չեմ խոսում այն բացառությունների մասին, որոնց առաջ պատրաստ եմ խոնարհվել եւ հույս ունեմ, որ այդ բացառությունը երբեւէ նորից կդառնա հայի գերիշխող տիպը։ Բայց այսօր մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր ամեն տեղ փորձում են շահ տեսնել եւ ամենասարսափելինՙ ապրում են կրկնակի ստանդարտով։ Հայաստանի ներկայիս բարոյական անկումը, կեղտն ու աղտեղությունը, որ ամենուրեք է, դուրս է եկել տներից ու փողոցներ թափվել, մտել պետական ատյաններ, սրբավայրեր, գիտական ինստիտուտներ եւ ուսումնական հաստատություններ, գալիս է հայ մարդու կրկնակի ստանդարտով ապրելուց։ Բայց նաեւ տգիտությունից, թերուսությունից։ Անբարոյական է լինել դիլետանտ եւ ղեկավարել գիտական հաստատություն, համալսարան կամ նախարարություն, ամոթ է լինել որեւէ հիմնարկի ղեկավարՙ դրա ներքին իրավունքը չունենալով։
Թվում էՙ գերիշխող բեւեռն ամեն ինչ անում է Հայաստանը կործանելու համար, չէի ասիՙ անպայման գիտակցաբար։ Իմ զգացողությամբ, հայոց մեջ դարեր ի վեր գործում է ինքնակեղեքման, ինքնաոչնչացման մի մոլուցք, մի դիվային իմպուլս, որ տանում է ներքին հոգեւոր տկարության, հայ հոգեւոր տեսակի վերացման։ Բայց որքան էլ դժվար լինի, որքան ուժերն արտաքուստ անհավասար են այսօր, ոգու մյուս բեւեռը պետք է դիմակայի, որովհետեւ սա այլեւս վերջին սահմանն է, որից նահանջելու տեղ չկա։
Սակայն այս խայտառակ նահանջի հետ մի ուրիշ հանգամանք էլ կա. հոգեւոր ազատության պայմաններում հենց մեր երկրում կարելի է շատ բան անել, որ, սակայն, արվում է ոչ բավարար չափով։ Ըստ իսՙ այսօր Հայաստանի միակ իրական փրկարար գործոնը ինքնագիտակցության եւ ինքնաճանաչման ձգտող անհատներն ենՙ իրենց գաղափարների ու իդեալների համակարգով, կամքով ու անսասանությամբ։
¬ Նրանք քիչ են, եւ հասարակությունը հաճախ անտեղյակ է նրանցից։
¬ Միշտ են քիչ եղել, հիմաՙ առավել եւս։ Մոլորակի մասշտաբներով են քիչ։ Ավանդական քրիստոնեական քաղաքակրթությունն այսօր անկում է ապրում։ Փաստ էՙ վերջին 30¬40 տարիների ընթացքում մոլորակի մասշտաբով առաջ չեն եկել փիլիսոփայական ֆունդամենտալ գաղափարներ, արվեստի, գիտության հիմնարար երեւույթներ, ինչպես XX դարասկզբին։ Մեր ազգի ողբերգությունըՙ անկախացանք եւ հնարավորություն ունեցանք վերելք ապրելու, երբ ամբողջ մարդկությունը կուչ է գալիս, փակվում, ետ է գլորվում։ Եվ եթե մի բան այսօր հնարավոր է փրկել, կարծում եմՙ միայն անհատական ջանքերով, քանի դեռ իբրեւ հասարակական ազգ ձեւավորված չենք, չունենք այն սոցիումը, հասարակությունը, որ դարերի ընթացքում կազմավորված ազգերն ունեն խավերի տեսքովՙ իրենց վարվելաձեւով, հոգեբանությամբ, բարոյականությամբ։
Ես մի ցնցող ապրում ունեցա մարտի սկզբին։ Սպասում էինք նախագահական թեկնածուների առաջին բաց հեռուստաբանավեճին եւ, բնականաբար, տեսանք, «մասնակցեցինք»։ Ավարտին հաղորդումը վարող լրագրողը անցավ մի ուրիշ ստուդիաՙ «Գիշերային ճեպընթացում» զրուցելու իր հյուրիՙ Արա Գուրզադյանի հետ։ Նա բացառիկ ներքին ուժով ու կենտրոնացումով խոսեց էականի, հոգեւորի մասին, ճակատագրի հանդեպ ներքին ազնվության մասին։ Նույն հայերեն հնչյուններն էին կարծես լսվում էկրանից, բայց մտածողության ի՜նչ վիթխարի տարբերությունՙ ոչ հօգուտ նախորդների... Ես շոկ ապրեցի, թեեւ այդ մտքերը բազմիցս լսել եմ իմ թանկ բարեկամից։ Փրկությունը սա է. պետք է լինեն ոգեկիր այսպիսի մարդիկ, պետք է անհողդողդ մնան ցանկացած պարագայում, անեն իրենց ազգաստեղծ գործը, ամեն գնով անմար պահեն ոգին։ Այդպես են ժողովուրդները ազգ դառնում, անդեմ բազմություններըՙ հասարակություն։
Այսօր Հայաստանում երաժշտություն է գրվում. Տիգրան Մանսուրյանը լարված աշխատում է իր նոր գործերի վրա։ Ղարաբեկյանն իր հրաշալի համերգներն է տալիս։ Կարպիս Սուրենյանն իր երկհատոր օրագրությունն է պատրաստում հրատարակությանՙ արվեստագետ-գրողի 60 տարվա ներքին կենսագրություն, հայոց կյանքի մի փառահեղ, աննախադեպ համայնապատկեր։ Այսօր Հայաստանում գրքեր են գրվում ու տպագրվում, գիտական ու փիլիսոփայական աշխատություններ են ստեղծվում, կանտեր ու պլատոններ են թարգմանվում բնագրից, եւ այլն, եւ այլն։ Ահա նման անհատները պետք է լինեն այն լիցքերը, ովքեր ներքին ուժով կձեւավորեն համապատասխան այն դաշտը, որն իր հերթին կծնի նորանոր լիցք-անհատներ։
¬ Հավանորեն այսօր նման անհատներից է կախված հոգեւոր փլուզման կասեցումը եւ վերելքը, անհատներ, որոնք բարդ պայմաններում էլ շարունակում են կրել հոգեւոր այս «բեռը»։
¬ «Հոգեւոր բեռը» ցանկացած մարդու դեպքում պարտադրանք չէ, այն կրում են մեծագույն սիրով ու պատրաստակամությամբ։ Եվ ցանկացած նման մարդ կխելագարվի ցավից, եթե այդ բեռը պակասի ուսերից, կկործանվի, թեեւ երբեմն այդ բեռի տակ կքում է ու ճզմվում, չի դիմանում, գերլարումից պայթում են ջղերը։ Միեւնույն է, դա ի՛ր բեռն է, եւ հոժարակամ է տանում։ Այդ առումով է, որ «բեռը թեթեւ է»...
Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ