Թուրքական եւ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները շարունակում են լուռ մնալ «Գյուլհանե» թուրքական զինվորական ակադեմիայի կլինիկայում գտնվող Ադրբեջանի նախագահի առողջական վիճակի մասին։ Թուրքականներից երեկ բացառություն կազմեց TRT-2 հեռուստակայանը, որի հակիրճ հաղորդագրության համաձայն, «Էսենբողա» օդանավակայանում Հեյդար Ալիեւի օդանավը սպասում է նրան տեղափոխելու Բաքու։ Մյուս կողմից, «Eurasia Turk» ինտերնետային լրատուն հաղորդում է, որ Ալիեւի մարմինն այլեւս դեղորայք չի ընդունում եւ նա շուտով կտեղափոխվի Բաքու։ Այդպես է ցանկացել նախագահի ընտանիքը, որպեսզի նա իր վերջին շունչը փչի հայրենիքում։ Իր հերթին «Star TV» թուրքական հեռուստակայանը պնդում է, որ «Գյուլհանեում» Ալիեւն այլեւս չի բուժվում, այլ պայքարում է կյանքի համար։ Հեռուստակայանն ավելացնում է, որ նախագահ Սեզերն է երեկ այցելել Ալիեւին։ Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով «Star TV»-ին նշում է, որ Հեյդար Ալիեւը տառապում է միանգամից 8 հիվանդությամբՙ սիրտ, թոք, երիկամ, ստամոքս, լեղապարկ, քաղցկեղ եւ նյարդային համակարգի խանգարում։
Այս բոլոր տեղեկությունները ստուգելու նպատակով Թբիլիսիից «Ազգի» թղթակիցը երեկ փորձեց տեղեկություն ստանալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների ղեկավար Նովրուզ Մամեդովից, որը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց։