«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2003-07-30 | #145, 2003-07-31 | #146, 2003-08-01


«27»-Ի ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ԶԱՎԵՇՏԸ

Կատակում են գրեթե բոլոր կողմերը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց վկա Ղազար Սարգսյանի հարցաքննությունը։ Նախորդ դատական նիստի ժամանակ Ղազար Սարգսյանը հարցաքննության ժամանակ իրեն վատ զգաց, եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Երեկ նիստի սկզբում դատավոր Սամվել Ուզունյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը վկա Ղազար Սարգսյանը նիստերի դահլիճից տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն։ Մասնագետների կարծիքով, նա էպիլեպսիկ ցնցումային նոպաներ է ունեցել։ Բժիշկներն առաջարկել են անկողնային ռեժիմով բուժում, սակայն Ղազար Սարգսյանը հրաժարվել է եւ գնացել տուն։

«27»-ի դատավարության ժամանակ բժշկական օգնությունն ապահովող շտապօգնության բժիշկն իր հերթին հայտնեց, որ վկան նախացնցումային վիճակում էր եւ հնարավոր է, որ նորից վատանա։ Եվ չնայած բժիշկը խորհուրդ չտվեց անցնել հարցաքննության, բայց քանի որ վկան դեմ չէր, հարցաքննությունը շարունակվեց։

Մինչ այդ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը կրկին անդրադարձավ դատակոչված վկաների ցուցակին։ Նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վկաները դատարան չեն կանչվում ըստ դատակոչի ցուցակի հերթականության։ Յունոշեւը դատարանին խնդրեց պարզաբանել նաեւ, թե, իրո՞ք, պետական մեղադրողների դատակոչած վկաների կրճատված ցուցակի առկայության դեպքում դատարանը պետք է հրապարակի դա։

Դատավոր Սամվել Ուզունյանն ի պատասխան նշեց, որ Յունոշեւը խոսում է մի ցուցակի մասին, որն իրականում գոյություն չունի։ Իսկ ինչ վերաբերում է դատարան կանչվողների հերթականությանը, ապա այդ առումով դատավորն ասաց, որ ցուցակային հերթականություն չի պահպանվել նաեւ տուժողներին դատարան կանչելու ժամանակ։

Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանն էլ իր հերթին փորձեց տեղեկանալ, թե ի՞նչ է արվում գործով վկա Տիգրան Նազարյանին Հայաստան բերելու եւ դատարան հրավիրելու կապակցությամբ։ Ի պատասխան հայտնվեց, որ հարցի կապակցությամբ տեղեկացված է արտգործնախարարությունը, եւ գործն ընթացքի մեջ է։

Անդրադառնալով վկայի հարցաքննությանը, հարցեր սկսեց տալ մեղադրող կողմը։ Ի պատասխան Ղազար Սարգսյանը հայտնեց, որ Մուշեղ Մովսիսյանի հետ որեւէ բարեկամական կապ չունի, սակայն, քանի որ վերջինի մայրը եւս սփյուռքից է (ինչպես եւ Ղազար Սարգսյանը), Մուշեղ Մովսիսյանն էլ իրեն վերաբերվել է որպես մորաքրոջ տղա։ Այնուհետեւ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատահել, որ Նաիրի Հունանյանի ցուցմունքով վերջինս ցանկացել է Ղազար Սարգսյանին ընդգրկել ծրագրվող ահաբեկչական գործողություններում, բայց արդեն Ղազար Սարգսյանի խոսքով, իրեն այդ մասին ոչինչ չի ասվել։

Քանի որ վկային ուղղվող հարցերի զգալի մասն արդյունք էին նրա նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների հակասության, հարց առաջացավ նախաքննական ցուցմունքների ճշմարտացիության վերաբերյալ։ Վկան չպնդեց իր նախաքննական ցուցմունքները, նշելով, որ նախաքննության ժամանակ իր նկատմամբ կիրառվել են հոգեբանական ճնշում եւ բռնություններ։ Ըստ Ղազար Սարգսյանի, երբ նա ներկայացել է դատախազություն, հարցերի հետ մեկտեղ նրա վրա գոռգոռացել են, սպառնացել, թե «կիջեցնեն ներքեւ», անգամ պարտադրել են հանրապետության նախագահի դեմ ցուցմունք տալ։ Բայց քանի որ, Ղազար Սարգսյանի խոսքերով, ինքը հայերեն լավ չի շարադրել, նրա փոխարեն գրել է քննիչը։ Քննիչի գրածն ինքն արտագրել է, տեսնելով, որ գրվածում կան անհամապատասխանություններ իր ասածի հետ։ Իսկ թե ինչո՞ւ է ուղղակի արտագրել, Ղազար Սարգսյանը պատճառաբանեց։ «Նորմալ մարդը մտնում է այնտեղ, աննորմալ դուրս է գալիս։ Բա ես որ մտել էի (Ղազարը երկրորդ կարգի հաշմանդամ է-Ա. Հ.), իմ տերն ով պետք է լիներ»։

Վկայի այս խոսքերին որպես արձագանք, մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը նշեց, որ Ղազար Սարգսյանի հարցաքննված վայրումՙ զինդատախազությունում, ներքեւում, ուր սպառնացել են նրան տանել, գտնվում է ճաշարանը։ Մեղադրողի խոսքերով կարելի է կարծել, թե զինդատախազությունը սրբության մարմնացում է, կամ էլ առողջարան, որտեղ կարեւոր հանգամանք է ճաշարանը։

Իր նախաքննական ցուցմունքում վկան նշել է, թե Նաիրի Հունանյանը ցանկանում էր հանդիպել Վազգեն Մանուկյանին, Սմբատ Հակոբյանին եւ այլն։ Արդեն դատարանում Սարգսյանը նշեց, որ հստակորեն չի հիշում, բայց ասվածը քննիչի ստեղծագործությունն է։

Յունոշեւն առաջարկեց վկային տալ իր նախաքննական ցուցմունքները եւ, ըստ այդմ, պարզել, թե որ մասն է ճիշտ, իսկ որն է տրվել ճնշման տակ։ Դատավոր Ուզունյանը հայտնեց, որ Յունոշեւը դա կարող է անել իր հարցաքննության ժամանակ։

Ինչեւէ։ Մեղադրող Մարտիրոսյանը շարունակեց իր հարցաքննությունը, փորձելով պարզել, թե երբվանից է Սարգսյանի մեջ ձեւավորվել բողոքական կեցվածք։ Վկան պատասխանեց, որ բոլոր ազատամարտիկներն էլ դժգոհում են պետության ոչ համարժեք վերաբերմունքից։ Այնուհետեւ մեղադրող Մարտիրոսյանն անդրադարձավ Սամվել Ուզունյանի մի դիտարկմանը, թե վկան դահլիճում հաճելիորեն ժպտացել է Նաիրի Հունանյանին։ Վերջինս առարկեց, որ հարցը կապ չունի գործի հետ։ «Էլ չեմ ասում, որ օրվա ընթացքում Հակոբ Մարտիրոսյանն ինձ մի 10 անգամ ժպտում է», ավելացրեց ամբաստանյալը։

Այնուհետեւ Յունոշեւը միջնորդեց, որ դատարանում ցուցմունք տվող որոշ վկաների նախաքննական ցուցմունքների հետ հակասությունների առումով պետք է հարուցել քր. գործՙ սուտ վկայության մեղադրանքով, կամ էլ պատասխանատվության ենթարկել դատախազությանը, եթե եղել են ճնշումներ։ Դատավարության մասնակիցները Յունոշեւի միջնորդությունը գնահատեցին որպես անգրագիտություն, այն պատճառաբանությամբ, որ ցանկացած ցուցմունք կարող է ճիշտ կամ սուտ գնահատվել դատավճռի կայացումից հետո։

Շարունակվող հարցաքննությանը, վկան սկսեց պատասխանելՙ չեմ հիշում, չգիտեմ։ Իսկ նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների հակասությունների առումով ձեւակերպեց, թե իր նախաքննական ցուցմունքների մեջ դատաքննականին չհամապատասխանող մասերը քննիչի գրածն են։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4