«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2003-07-31 | #146, 2003-08-01 | #147, 2003-08-02


ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՒԹԱՋԱՆՈՐԵՆ ԼՐՏԵՍՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՊՀ-ՈՒՄ

«Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրենիե» շաբաթաթերթի հուլիսի 25-31-ի համարում լույս տեսած Ստանիսլավ Վալերիեւի եւ Ալեքսանդր Վիկտորովի հետեւյալ հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար։

Խորհրդային Միության փլուզումը մեծապես ուռճացրեց Թուրքիայի աշխարհաքաղաքական կարեւորությունը։ Էթնիկական եւ կրոնական առումներով միավորված Թուրքիան հետամուտ է իրեն հարմար ձեւերով զարգացնելու միջազգային եւ այլ հարաբերությունները։ Անկարան ջանք ու ժամանակ չի խնայում Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող գործընթացներին առավել էթնիկական եւ պանթուրքական բնույթ հաղորդելու։ Թուրքական գաղտնի ծառայությունները միշտ էլ աչալուրջ հետեւել են այդ տարածքների տնտեսական եւ քաղաքական կացություններին, ամբողջովին նոր մակարդակների են բարձրացրել իրենց հետախուզական եւ քայքայիչ գործունեությունները։ Ապահովելու համար իրենց հաջողությունը եւ արդյունավետությունըՙ գաղտնի գործակալություններն օգտագործում են ամեն գործոն, այդ թվում տնտեսական զարգացման ցածր մակարդակը, ինչպես նաեւ երկրի քրեական կացությունը։

Ռուսաստանի Դաշնության ազգությամբ ադրբեջանցիներին նրանք (թուրքերը) աշխատանքի են հրավիրում Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատանը։ Բարելավում են նրանց սոցիալական վիճակը, հրավիրում տարեկան արձակուրդն անցկացնելու Թուրքիայում։ Մի խոսքովՙ տարբեր միջոցներով հավաքագրում են մարդկանց։

Անկարան նաեւ օգտագործում է ԱՊՀ-ի մյուս թուրքախոս հանրապետությունների գաղտնի գործակալությունների ծառայությունները։ Համագործակցության պայմանագրերի ստորագրման ժամանակ Անկարան միշտ պնդում է, որ դրանցում «ընդհանուր նպատակների» համար հետախուզական տվյալների փոխանակման մասին նշվի հատուկ կետով։ «Ընդհանուր նպատակների» մեջ, անշուշտ, մտնում են Ռուսաստանը եւ նրա ԱՊՀ դաշնակիցներըՙ Հայաստանը, Բելառուսը, Տաջիկստանը։

Թուրքական հմուտ լրտեսները հատկապես սերտ կապեր են հաստատել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության եւ ԳՌՈՒ-ի հետ։ Ադրբեջանցի գաղտնի գործակալները կանոնավոր կերպով տեղեկություններ են հաղորդում իրենց թուրք գործընկերներին Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Իրանի վերաբերյալ։

Թուրքական գաղտնի ծառայությունները (ՄԻԹ-ը եւ զինվորական հետախուզությունը) Ռուսաստանում գործում են դիվանագիտական քողի ներքո։ Քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնիկական, ռազմական եւ այլ տեղեկություններ ստանալուց բացի, նրանք ծրագրում եւ իրականացնում են նաեւ քայքայիչ գործողություններՙ ակնկալելով ազդել Ռուսաստանի եւ հատկապես Կովկասի իրադրությունների վրա։

Նրանք չեն սահմանափակվում միայն գաղտնի գործակալությունների կամ օտար կազմակերպությունների հետ համագործակցելով։ Մոտենում են նաեւ անհատներիՙ հատկապես թուրքախոս, ստանալու համար տեղեկություններ Թուրքիայի հարեւան տարածքներիՙ Կրասնոդարի եւ Ստավրոպոլի վերաբերյալ։ Թուրքական գաղտնի ծառայություններին մեծապես օժանդակում են թուրքամետ կրոնական եւ հասարակական կազմակերպություններ։ Նրանք Թուրքիայում իրենց արձակուրդն անցկացնողների շրջանում հարցում են կատարումՙ պարզելու, թե ովքեր են ցանկանում մշտական բնակություն հաստատել Թուրքիայում։

Պաշտոնական Անկարային մտահոգում է ադրբեջանցիների զանգվածային հոսքը դեպի Թուրքիա, եւ գաղտնի գործակալությունների ջանքերն ուղղված են նաեւ նման գործողությունների կանխմանը։

Բայց վիթխարի են նրանց հետաքրքրությունները հատկապես տնտեսական բնագավառում։ Նրանք ձգտում են եւ պայքարում տիրանալու մասնավորապես ԱՊՀ-ի հարավային երկրների բնական ռեսուրսներին ու տրանսպորտային ենթակառույցներին։ Այդ նպատակին հասնելու համար նրանք չեն խուսափում պետական այրերին կաշառելուց։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4