«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2003-07-31 | #146, 2003-08-01 | #147, 2003-08-02


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՀԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԻՐ ՄԱՍԻՆ

«Ազգի» հուլիսի 17-ի համարում ֆրանսիական «Էքսպրես» շաբաթահանդեսից վերատպություն էինք ներկայացրել ֆրանսահայ մի տիկնոջՙ Սոֆի Օդուեն Մամիկոնյանի մասին, որն իրեն հայտարարում է արքայադուստր, Հայաստանի գահի հավակնորդ։

Իրեն Մամիկոնյանների ժառանգ անվանող այս կնոջ մասին, որ հրապարակ է եկել ֆանտաստիկ ժանրով մանկական մի գրքի տպագրությամբ, մանրամասներ է ներկայացնում նաեւ Ֆրանսիայում լույս տեսնող «Նուվել դ՛ Արմենի» ամսագիրը։

«Մամիկոնյան իմ նախնիները պատմական Հայաստանից գաղթել են Ռուսաստան։ Նախապապս եղել է ռուսական ցարի բժիշկ-հոգեբանը Սանկտ Պետերբուրգում։ Հետո ամուսնացել է ռուս մի իշխանադստեր հետ։ 1917-ին էլ հայ ազնվականությունը ռուսականի հետ գաղթել է Եվրոպայի տարբեր երկրներ», ասում է Ս. Օ. Մամիկոնյաննՙ ինչպես եւ իր նախորդ հարցազրույցում, չբերելով որեւէ կոնկրետ անուն ու թիվ։ Իսկ ահա տիկնոջ տատիկը, հավանաբար, Արեւմտյան Հայաստանից «Ցեղասպանությունը վերապրելով ոտքով կտրել-անցել է ողջ Եվրոպան։ Ցնցված Ցեղասպանության եւ պատերազմի փաստից, նա հրաժարվել է իր տիտղոսից ու մշակույթից եւ 1933-ից հպարտությամբ ընդունել Ֆրանսիայի քաղաքացիությունը»։

«Նորին գերազանցություն Սոֆի Օդուեն Մամիկոնյանն անգիր գիտի հայոց պատմությունը, քանի որ դա համընկնում է իր ընտանիքի պատմության հետ», հիացմունքով գրում է «Նուվել դ՛ Արմենին»։ Պարբերականը տեղեկացնում է, որ Ս. Օ. Մամիկոնյանն իր տատիկի օրինակով, որը տասներկու լեզու է իմացել, մի շարք լեզուների է տիրապետում։ Դրանց շարքում, սակայն, չկա հայերենը։ «Հայերեն չգիտեմ։ Բայց իրատես եմ եւ վստահ, որ Հայաստանին առավել օգտակար կլինեմ այլ լեզուներ իմանալով։ Ճիշտ կլիներ, եթե արաբերեն սովորեի»։ Ինչո՞ւ է հատկապես արաբերենը հույժ կարեւոր հայրենիքին օգտակար լինելու համար, տիկինը չի պարզաբանում։

Ինչեւէ, «Նուվել դ՛ Արմենին» հիացական ոճով շարունակում է, որ Ս. Օ. Մամիկոնյանը երկար տարիներ թաքցրել է իր ծագումը եւ այսօր էլ բացահայտել էՙ միմիայն ի սպաս դնելու Հայաստանի խնդիրների լուծմանը։

«Կարծում եմՙ պիտի շարժվենք Իսրայելի լոբբիի օրինակով։ Ու շատ ազդեցիկ է, երբ ներկայացնում եմ եւ թվում տիտղոսներս։ Հատկապես ամերիկացիներն են տպավորվում»։

Ամսագիրը հավատում է, որ «Ցավ առանց սահմանների» կազմակերպության հետ համագործակցությամբ տիկինը պատրաստվում է «վիրաբուժական հատուկ կենտրոն բացել երեւանյան մի հիվանդանոցում»։

«Նուվել դ՛ Արմենիի» լրագրողը նյութը եզրափակում է տեղեկությամբ, թե հարցազրույցից հետո նորին գերազանցությունը գնալու էր ամերիկացիների հետ հանդիպմանՙ լուծելու մեր երկրի հերթական խնդիրները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4