ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային հերթական ցուցակը։ Հայաստանի ազգային հավաքականը 400 միավորով զբաղեցնում է 113-րդ տեղը։ Նախորդ ցուցակի հետ համեմատ մեր ընտրանին նահանջել է մեկ հորիզոնականով։ Նահանջը բնավ էլ զարմանալի չէ, քանի որ հայ ֆուտբոլիստները վերջին հանդիպումներն անհաջող են անցկացրել։ Ընտրական մրցաշարում մեր թիմի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունեն իսպանացիները, որոնք 755 միավորով պահպանել են տեղն առաջատար եռյակում։ Բավական բարձր վարկանիշ ունեն նաեւ հույները։ Նրանք 619 միավորով 33-րդ տեղում են։ Ուկրաինացիները 576 միավորով 47-րդ հորիզոնականում են։ 110-րդ տեղում է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը, որի օգտին գրանցված է 403 միավոր։ Ինչ վերաբերում է նախկին ԽՍՀՄ-ի երկրների հավաքականներին, ապա ամենաբարձր վարկանիշն ունեն ռուսները։ Նրանք 622 միավորով 32-րդ հորիզոնականում են։ Ռուսներն էլ վերջին շրջանում անհաջող ելույթների պատճառով դասակարգման ցուցակում նահանջ են ապրել։ Նախորդ ամսվա համեմատ Ռուսաստանի հավաքականը 2 հորիզոնականով նահանջել է։ Համեմատության համար նշենք, որ տարեվերջին Ռուսաստանի ընտրանին զբաղեցնում էր 22-րդ տեղը։
ԱՊՀ մյուս երկրների հավաքականների ցուցանիշներն այսպիսին են. 62. Էստոնիաՙ 532 միավոր, 76. Լատվիաՙ 497, 83. Բելառուսՙ 474, 88. Վրաստանՙ 462, 94. Լիտվաՙ 440, 105. Մոլդովաՙ 409, 108. Ադրբեջանՙ 409, 112. Ուզբեկստանՙ 401, 129. Ղազախստանՙ 353, 144. Թուրքմենստանՙ 292, 172. Ղրղզստանՙ 176, 180. Տաջիկստանՙ 157։
Լավագույն տասնյակում նախորդ ամսվա համեմատ միայն մեկ փոփոխություն է կատարվել։ Մեքսիկայի հավաքականը, որը վերջերս հաղթող ճանաչվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկությունում, 11-րդ հորիզոնականից տեղափոխվել է 5-րդ տեղՙ միավորների քանակն ավելացնելով 6-ով։ Տասնյակից դուրս է մնացել Չեխիայի հավաքականը։
Ներկայացնում ենք վարկանիշային ցուցակում առաջին 20 տեղերը զբաղեցրած հավաքականների ցուցանիշները.
1. Բրազիլիա - 848
2. Ֆրանսիա - 824
3. Իսպանիա - 755
4. Հոլանդիա - 750
5. Մեքսիկա - 749
6. Արգենտինա - 746
7. Թուրքիա - 738
8. Գերմանիա - 736
9. ԱՄՆ - 731
10. Անգլիա - 726
11. Չեխիա - 711
12. Դանիա - 709
13. Կամերուն - 709
14. Իտալիա - 708
15. Իռլանդիա - 702
16. Պորտուգալիա - 686
17. Կոստա Ռիկա - 684
18. Բելգիա - 670
19. Շվեդիա - 662
20. Պարագվայ - 651