Մինչեւ 2004 թ.-ի վերջը
Երեկ համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը եւ Հայաստանում գտնվող «Էյ Յութիլիթի» ընկերության խորհրդի նախագահ Անդրեա Մանգանոն։ Նպատակն էր ամփոփել Երեւանի ջրամատակարարման կառավարումն իտալական ընկերության ստանձնելուց հետո համակարգում կատարված աշխատանքների արդյունքները։
Գագիկ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Երեւանի ջրամատակարարման համակարգը կառավարման է հանձնվել մրցույթը շահած ընկերությանը 2000 թ.-ի փետրվարին։ Պայմանագիրը կնքվել էր 4 տարի ժամանակով, որը հետագայում դարձավ 5 տարի։ Մինչ 2002 թ. Համաշխարհային բանկի ֆինանսավորած ծրագիրը համակարգում էր Երեւանի քաղաքապետարանը, իսկ դրանից հետոՙ ջրային տնտեսության կոմիտեն։ Վերջինիս նախագահը նշեց, որ ծրագիրը հիմնականում ընթանում է այնպես, ինչպես նախատեսված է, իսկ որոշակի ցուցանիշներով անգամ առաջ է ընկել։ Եղել են նաեւ փոփոխություններ։
Մայրաքաղաքից դուրս որոշ աշխատանքներ հետաձգվել են։ Փոխարենը ներքաղաքային ցանցի նորոգման, ջրաչափության հետ կապված միջոցառումներն են ավելացել։ Ծրագրով նախատեսվել է Երեւանի ջրմուղ-կոյուղու կառավարմանը հանձնել մայրաքաղաքին մոտ գտնվող Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերի գյուղերը, որոնք սնվում են Երեւան մտնող ջրատարներից։
Գագիկ Մարտիրոսյանը նաեւ իր գոհունակությունը հայտնեց այս ժամանակահատվածում կատարած աշխատանքից, իտալական ընկերության հետ համագործակցությունից, բնակչությանՙ ջրամատակարար ընկերության հետ ակտիվ համագործակցությունից։
Անդրեա Մանգանոն ասելով, որ ինքը մի քանի ամիսը մեկ լինում է Երեւանում, տեսանելի է համարում փոփոխությունները։ Բնակչությունն սկսել է զգալ փոփոխությունները ջրամատակարարման ոլորտում։ Ըստ իտալական ընկերության ղեկավարի, ծրագրի սկզբնական փուլում զգացնել տվեց օրենսդրական դաշտի անկատարությունը։ Եվ միայն օրենսդրության փոփոխություններից հետո հնարավորություն ստեղծվեց «մաքրել դաշտը» եւ նոր հարաբերություններ հաստատել սպառողի եւ ջրամատակարարի միջեւ։ Դրա արդյունքում Երեւանի բնակչության շուրջ 17-18 տոկոսն անցել է շուրջօրյա ջրամատակարարման, իսկ բազմաթիվ այլ վայրերում ջրամատակարարումն էապես բարելավվել է։ Ջրաչափերի տեղադրումը շարունակվում է։ Անդրեա Մանգանոյի հավաստմամբ, 1 շաբաթում շուրջ 7 հազար ջրաչափ է տեղադրվում։ Իսկ ընդհանուր առմամբ 247 հազար բաժանորդներից ջրաչափեր է տեղադրել մոտ 153 հազարը։ Վարձավճարների հավաքման ցուցանիշներն արմատական փոփոխություններ են արձանագրել։ Անցյալ տարի վճարում էր բնակչության 9-10 տոկոսը, այս տարի արդենՙ 90 տոկոսը։
Ի պատասխան մեր հարցի, Գագիկ Մարտիրոսյանն այսպիսի վիճակագրություն ներկայացրեցՙ 2000 թ.-ին հավաքվել է տարեկան 350 մլն դրամ, 2001-ինՙ 480 մլն, 2002-ինՙ 1 մլրդ 150 մլն դրամ, իսկ այս 2003-ի մեկ ամսվա ընթացքումՙ 350 մլն դրամ։ Այսինքնՙ այնքան, որքան 2000-ին տարեկան էր հավաքվում։ Սակայն այս ցուցանիշը բավարար չէ համակարգի շահութաբեր աշխատանքի համար։ Նման ցուցանիշի նախատեսվում է հասնել 2006 թ.-ից։
Ինչպես տեղեկացրեց ջրային տնտեսության կոմիտեի նախագահը, լիարժեք շահութաբերության համար ջրի սակագինը պետք է կազմի 1 խմ-ի դիմաց 300 դրամ։ Սակայն սակագնային քաղաքականությունը կկատարվի քայլ առ քայլ։ Պետությունն առժամանակ համակարգում կապիտալ ներդրումների իրականացումը կվերցնի իր վրա, որը կկազմի վերոնշյալ 300 դրամից 100 դրամ։ Ջրահեռացումն արժե մոտ 60 դրամ, իսկ այժմ հաշվարկվում է 10 դրամը։ Այնուամենայնիվ, ընթացիկ սակագինը, ըստ Գագիկ Մարտիրոսյանի, առժամանակ կպահպանվի 150-160 դրամի սահմանում։
Սակագների փոփոխման դիմում բնական մենաշնորհների համակարգման հանձնաժողովին եղե՞լ է, «Ազգի» մյուս հարցին ջրային տնտեսության կոմիտեի նախագահը պատասխանեց, որ առայժմ չի եղել։ Ներկայումս հաշվարկներ են կատարվում, որից հետո նման դիմում կլինի։
Երեկ հերթական անգամ հայտարարվեց, որ Երեւանը շուրջօրյա ջրամատակարարում կունենա մինչեւ 2004-ի դեկտեմբերը (բացառությամբ Սարիթաղ, Անաստասավան եւ 1-2 այլ թաղամասերի)։ Դա տեղի է ունենալու աստիճանաբար, ըստ սահմանված ժամանակացույցի։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ