Էկոլոգիական աղետը շարունակվում է
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Պարզապես կանաչ սպանդի հեղինակները փոխել են ձեռագիրը. ծառերի բարբարոսական հատումներն իրականացվում են հատուկ սցենարներովՙ հողերի աճուրդային վաճառքի բեմականացմամբ, որի ե՛ւ գլխավոր, ե՛ւ երկրորդական դերակատարներն իրենք են։ Տարածքն առնում են, մեծ մասամբ խորհրդանշական գներով, հետոՙ տեղն իրենցն է, ինչ ուզեն, կանեն։ Միայն թե ոչ ոք նրանց ձեռքը չի բռնում, թե ինչ իրավունքով են առուծախի առարկա դարձնում Երեւանի անտառամասերը։ Բացահայտ այդ ապօրինության մասին համեստորեն լռում ենՙ առաջ մղելով նույնպիսի «օրինականությամբ» վարագուրված «քաղաքաշեն» ծրագրերը։ Այդ աճուրդների մասին սովորաբար ոչ ոք չի իմանում, նույնիսկ հարակից տարածքի բնակիչները։
«Հաղթանակ» զբոսայգուց դեպի Զեյթուն տարածվող անտառամասում մի այդպիսի պատմություն ներկայացնող «Ազգի» երեկվա համարը տպարանից դեռ դուրս չեկած, խմբագրությունում երկրորդ ահազանգը հնչեց... դարձյալ նույն համայնքից։ Այս անգամ իրապես հոշոտվել էր «Հաղթանակի» անտառայգու մի այլՙ Կ. Ուլնեցու փողոցի թիվ 30 եւ 30ա շենքերի հարեւան հատվածը։
Կից, դեռեւս անվնաս մասում ստվերախիտ ծառ ու թփեր են, այնպես որ արահետ բանալու համար ճյուղերը հետ պիտի հրես։ Անսպասելի զովության ու անդորրի զգացողությունը կարճ է տեւում. միանգամից աչքիդ առաջ փռվում է մի մեծ բացատՙ ոչ վաղ անցյալում արմատահան արված ծառ ու թփերի մասին իրեղեն մնացորդների տխուր հիշատակներով։ Բնակիչների պատմածով, հունիսի 30-ին հենց իրենց աչքի առաջ, անծանոթ մարդիկ հողին են հավասարեցրել 2000-ից ավելի ծառեր։ Դրանց մի մասը մրգատու ծառեր էին, որոնք իրենց ձեռքով տնկել էին հարեւան շենքերի բնակիչները։ Ռուսաց թագավորին նամակ գրող Արթին պապի դյուրահավատությամբ բնակիչները մեկը մյուսի հետեւից դիմումներ հղեցին քաղաքապետին, գլխավոր դատախազին, ՀՀ նախագահին։ Նախագահի վերահսկողական ծառայության նամակների բաժինը դիմումն ուղարկել էր քաղաքապետարան, որտեղից եւ քաղաքացիներին առաջարկվում էր ստանալ պատասխանը։
Սպառելով բողոքների ու դիմումների բոլոր հնարավորությունները, եւ ստանալով կցկտուր, անբավարար պատասխաններ, Կ. Ուլնեցու փողոցի բնակիչների մի մեծ խումբ մտադիր է համապատասխան հայցով ներկայանալ դատարանՙ ընդդեմ այն անձի կամ կազմակերպության, որն աճուրդով գնել է այս անտառամասը, որի անունն էլ դեռեւս չեն պարզաբանել իրենց համար, բայց որի արգահատելի կերպարը Երեւանը շարունակում է զրկել շնչառությունից։ Ավելի ճիշտ կլիներ վաճառողներին դատի տալ։