«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2003-08-02 | #148, 2003-08-21 | #149, 2003-08-22


ՀՌԱԿ-Ն ՍԿՍՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Երեկվա թեման ավիացիան էր

Երեկ ՀՌԱԿ գրասենյակում հրավիրվել էր ասուլիս կուսակցության համանախագահներ Հարություն Առաքելյանի, Մեխակ Գեւորգյանի եւ կուսակցության կողմից որպես ավիացիայի հարցերի մասնագետ ներկայացած Հայկ Պողոսյանի մասնակցությամբ։

Ամենից առաջ Հարություն Առաքելյանը նշեց, որ ՀՌԱԿ-ն սկսում է հանդիպումների շարքՙ կապված երկրում բացասական երեւույթների հետ, որոնք, ինչպես արտահայտվեց պրն Առաքելյանըՙ «խփում են Հայաստանի իմիջին»։ Միջոցառումները նվիրված կլինեն բնապահպանական, գյուղատնտեսական եւ այլ հարցերի։

Երեկվա հանդիպման թեման ավիացիան էր, մասնավորապեսՙ «Հայկական ավիաուղիների» եւ «Արմավիայի» հարցերը։ Հարություն Առաքելյանն ավիացիայի ոլորտը կարեւորեց ազգային անվտանգության տեսակետից այն հիմնավորմամբ, որ դրանում գերակշիռ տեղ են զբաղեցնում օտարերկրյա ընկերությունները։

Ներկայումս թռիչքամեթոդական համալիրի ինժեներ Հայկ Պողոսյանը սկսեց նրանից, որ արդեն իսկ որոշված է մինչեւ տարեվերջ «Հայկական ավիաուղիները» լուծարելու հարցը։ Այդ կերպ, ըստ պրն Պողոսյանի, աշխատանքից կզրկվեն մի շարք ինքնաթիռների անձնակազմերը, մինչդեռ «Արմավիան», համաձայն իր ստանձնած պարտավորությունների, աշխատակազմում պետք է 80 տոկոս ներգրավի հայաստանյան ներկայացուցիչներ։

Անդրադառնալով Էռնեկյանի գործունեությանը, Հայկ Պողոսյանը նշեց, որ օդանավակայանում սպասարկման որակը չի բարձրացել, չեն կատարվել մի շարք խոստումներ։ Եվ ըստ էության, Էռնեկյանն օդանավակայանում ներդրումներ է կատարում հենց օդանավակայանից ստացված գումարներից։ Անդրադարձ եղավ նաեւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանին եւ այնտեղ առկա խնդիրներին։

Ընդհանուր առմամբ, ըստ էության, ասուլիսի ժամանակ նոր որեւէ բան չհայտնվեց, միայն ընդհանուր եւ ամփոփ ձեւով ներկայացվեցին մեր ավիացիայում առկա խնդիրները։

ՀՌԱԿ վերջին օրերի գործունեության հետ կապված հետաքրքրական իրադարձություններից մեկն այն էր, որ ՀՌԱԿ-ՀՅԴ հանդիպման արդյունքում դաշնակցությունը տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն ՀՌԱԿ-ին այսուհետեւ ԱԺ-ում պիտի ներկայացներ ՀՅԴ-ն։ Այս կապակցությամբ լրագրողներից մեկի հարցին պատասխանելով, ՀՌԱԿ համանախագահ Հարություն Առաքելյանը հայտարարեց, որ «պաշտոնապես» հերքում է նման պայմանավորվածության առկայությունը։ Պրն Առաքելյանն ավելացրեց նաեւ, որ հանդիպմանը ներկա են եղել ինքը եւ համանախագահներից Մեխակ Գեւորգյանը, իսկ իրենք երկուսով չէին կարող նման քաղաքական որոշում կայացնել։

Պատասխանելով լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր կուսակցությունների հետ հարաբերություններին, Հարություն Առաքելյանը ձեւակերպեց, որ կուսակցությունը հանդիպումներ է ունենում գրեթե բոլորի հետ։ Եվ հետաքրքրական է, որ, ըստ պրն Առաքելյանի, «մեզ հետ (ՀՌԱԿ-ի-Ա. Հ.) ընկերություն անել սիրում են»։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4