ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Այսուհետ Հայաստանի տարածքում գործող բանկերում եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում վերստուգումները իրականացվելու են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Բանկերում վերստուգումների իրականացման ձեռնարկ»-ի համաձայն։ Ինչպես օգոստոսի 21-ի ասուլիսին հայտնեց ԿԲ-ի Բանկային մեթոդաբանության եւ վերլուծությունների վարչության պետ Դավիթ Սարգսյանը, ԿԲ-ն անցում է կատարում ռիսկերի վրա հիմնված վերահսկողության իրականացմանը, եւ անհրաժեշտություն էր առաջացել հստակ սահմանել այն օբյեկտիվ չափանիշները, որոնց հիման վրա իրականացվում են բանկերի վերստուգումները։ Ըստ նրա, այսուհետ վերստուգման կենթարկվի ոչ թե բանկերի գործունեությունն ամբողջությամբ, այլ կհայտնաբերվեն եւ կվերստուգվեն բանկի գործունեության առավել ռիսկային ոլորտները։ Այդ առումով, Դավիթ Սարգսյանի հավաստմամբ, ձեռնարկի առկայությունը նպատակահարմար է նաեւ առեւտրային բանկերի համար. այն հնարավորություն է տալիս առավել թափանցիկ դարձնել վերստուգման մեխանիզմը։ Իսկ Կենտրոնական եւ առեւտրային բանկերի միջեւ ծագած դատական վեճերի ժամանակ այն կարող է հանդիսանալ որպես հիմնավոր փաստաթուղթ։