Այսօրվանից ուղղաթիռներով սրսկումներ շուրջ 1000 հա-ի վրա
Նման բան Հայաստանում մեկ էլ արձանագրվել է 1951 թվականին։ Ապարանի տարածաշրջանի յոթ համայնքների հողատարածքներում, մոտ 3 հազար հա-ի վրա մորեխների «իտալական» կոչվող տեսակը ավերիչ արշավանք է սկսել։ Սարսափելին իտալական մորեխի ամենակերությունն է։ Բոլոր մշակաբույսերն էլ հաճելի են նրա քիմքին։ Այն ուտելիքի տեսականու մեջ տարբերություն չի դնում։ Արդեն հասցրել է մեծ վնասներ պատճառել եւ բանջարաբոստանային բույսերին, եւ հացահատիկին, եւ արոտավայրերին ու խոտհարքներին։ Առայժմ մորեխների այս բուռն բազմացման պատճառները հստակ չեն։ Բույսերի պաշտպանության պետական ծառայության տնօրեն Մկրտիչ Դանիելյանի մեկնաբանմամբ, մորեխների արշավանքին ենթարկված տարածքներում անցած տարիներին քիմիական պայքարի որեւէ միջոցառում չի իրականացվել, եւ իտալական մորեխը անարգել բազմացել էՙ աստիճանաբար մեծ կուտակումներ առաջացնելով։ Մի խոսքով, ոչ մի ոլորտում, առավել եւս այս, որեւէ վրիպում բնությունը անհետեւանք չի թողնում։ Ենթադրվում է, որ անցած ձյունառատ ձմեռը եւս նպաստել է, որ նրանք անվնաս ու փառավոր պատսպարվեն ձյան թանձր ծածկոցի տակ եւ գարնան գալստյան հետ այսպես ազդարարեն իրենց մոռացված գոյության մասին։
Այս պահին հասցվել է պայքարի միջոցառուններ ձեռնարկել ընդամենը 800 հա-ի վրա։ 4,5-6 սմ երկարությամբ կարմրաթեւ մորեխները նաեւ արագ թռչելու ունակություն ունեն եւ հարկավոր ժամին փոխում են գործողության վայրըՙ սրսկված տարածքներից տեղափոխվելով ապահով գոտիներ։ Վտանգի ենթակա բնակավայրերի թիվը մեծանում է։ Ապարանից բացի մորեխների գրոհի զոհ են դարձել նաեւ Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերը։ Նրանց ներկայությունը առայժմ ամենաքիչը զգացվում է Արարատյան դաշտում։
ՀՀ գյուղնախարարությանն արդեն հաջողվել է հայթայթել անհրաժեշտ 5,5 մլն դրամը, եւ այսօրվանից ուղղաթիռներով սրսկումներ են իրականացվելու եւս 1000 հա-ի վրա։ Կիրառվելու են ամենաարդյունավետ ու թանկարժեք միջոցներըՙ «բուլդոգ» եւ «սումի ալֆա» պատրաստուկներից զատ ձեռք է բերվել նաեւ «արիվո» թունանյութը։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ