«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2003-08-02 | #148, 2003-08-21 | #149, 2003-08-22


ՍԱՀՄԱՆՈՒՄ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԱՅՆՊԻՍԻ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ՍԱՀՄԱՆԻ ԱՅԴ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի «Լիդեր» հեռուստաընկերությունը, հղում անելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի տված բացառիկ հարցազրույցին, նշել Է, որ վերջինս բացատրություններ է պահանջել հայկական կողմից մոնիտորինգի ժամանակ տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։ Արմենպրեսի խնդրանքով մեկնաբանելով այս տեղեկատվությունը, ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը «Lիդերի» տարածած տեղեկատվությունը որակեց որպես իրականությանը չհամապատասխանող։ «Եվ սա ես վստահորեն եմ ասում, քանի որ ստիպված էինք ճշտել պրն Կասպրչիկից, թե նրան վերագրվող մեկնաբանությունները որքանով են համապատասխանում իր ասածներին», նշեց ԱԳՆ խոսնակը։

Նրա խոսքերով, ՀՀ ԱԳ նախարարությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից տեղեկացվել է, որ սկսված հրաձգության պատճառով երեկ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Չինարի գյուղի եւ Ադրբեջանի կողմից Թովուզի շրջանի Աղդամ գյուղի մերձակայքում անցկացվող մոնիտորինգըՙ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա դաշտային օգնականների մասնակցությամբ, սկսված հրաձգության պատճառով եւ մոնիտորինգային խմբի անվտանգության մտահոգություններից ելնելով, դադարեցվել է։ Ձ. Աղաջանյանն ընդգծեց այն փաստը, որ, ըստ մոնիտորինգին մասնակցած հայկական կողմի ռազմական ներկայացուցիչների, հրաձգությունն իրականացվել է այնպիսի զինատեսակներից, որոնք սահմանի այդ հատվածում հայկական կողմը չի օգտագործում։ Սրա մասին հստակ տեղեկացվել են եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկը, եւ հայկական կողմում նրա դաշտային օգնականը։ «Եվ ինչպես ինքըՙ պրն Կասպրչիկն է նշում, որեւէ վերջնական եզրակացություն չի կատարել», նշեց ԱԳՆ խոսնակը, ավելացնելով, որ, ըստ իր մանդատի, Անջեյ Կասպրչիկը դեպքի մասին իր եզրակացությունները կներկայացնի ԵԱՀԿ գործող նախագահին ու ՄԽ համանախագահներին տրամադրվող առանձին զեկույցում։

«Իսկապես ցավալի է, որ ներքաղաքական շահարկման նպատակներով, ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմում է նման քայլերի, որոնք հղի են անկանխատեսելի ու խիստ վտանգավոր հետեւանքներով», հավելեց Ձյունիկ Աղաջանյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4