«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2003-08-02 | #148, 2003-08-21 | #149, 2003-08-22


ՔԱՐՏԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ԽՆԴՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ

Մեր հասարակությունը բազմաթիվ մասերի բաժանած անհատական ծածկագրերի համակարգի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցին ի վերջո արտահայտեց իր պաշտոնական դիրքորոշումը։

Ի պատասխան, սոցապ նախարարությունն անմիջապես կառավարություն ներկայացրեց օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը։ Սպասվում է, որ կառավարությունը օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես կգա Ազգային ժողովում։ Սակայն կրքերը չեն հանդարտվում։ Շարունակվում են տաք քննարկումներն ու վիճաբանությունները։ Ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի։ Խնդրի էությունը փորձեցինք կրկին պարզաբանել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանի հետ։

- Եկեղեցու դիրքորոշումը կոնկրետ ձեզ բավարարու՞մ է, կարելի՞ է կոմպրոմիսային համարել։ Մի՞թե սա միայն քարտի անվանման, նեռի թվի կամ Նեմրութի հարց է։

- Հայ եկեղեցին, մասնավորապես, նշել է անհատի անվանը համազոր թվի կիրառման անթույլատրելիությունը, առաջարկել է օրենքի վերնագրում եւ ողջ տեքստում «անհատական ծածկագիր» հասկացությունը փոխարինել «սոցիալական ապահովության քարտ» բառակապակցությամբ, հստակ եւ սպառիչ թվարկել համակարգի կիրառման ոլորտները, բացառել քաղաքացու անհատական տվյալների կուտակումը մեկ տեղում, համակարգի գործադրման ընթացքում բացառել հակաքրիստոնեական խորհրդաբանությունը (սիմվոլիկան)։ Ինչպես արդեն հայտնի է, եկեղեցու այս առաջարկները բավարարվել են։

Բայց եկեղեցին բնականաբար չէր կարող, կենտրոնանալով զուտ հոգեւոր կամ աստվածաբանական հարցերի վրա, անուշադրության մատնել համազգային նշանակություն ունեցող այլ հարցերը։ Բացի հոգեւոր հարցերից, կան նաեւ այլ մտահոգիչ խնդիրներ, ուստի իր պաշտոնական փաստաթղթում նաեւ ընդգծել է, որ ցանկալի է համընդհանուր օգտագործման քարտի փոխարեն առանձին ոլորտների համար նախատեսել առանձին քարտեր (հարկային, բանկային եւ այլն) տարբեր համարներով, նաեւ հստակեցնել, թե ո՞ր տեղեկատվական համակարգերի միջեւ եւ ո՞ր դեպքերում է թույլատրելի տվյալների փոխանակումը։ Նկատի ունենալով, որ «Անհատական ծածկագրերի մասին» օրենքի հետ մեկտեղ ընդունվել են համակարգն ի մի բերող «Անհատական ծածկագրերի մասին» եւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքները, առաջարկել է իր մատնանշած փոփոխություններին համապատասխանեցնել նաեւ այս օրենքները եւ հարցին առնչվող այլ փաստաթղթեր։

Սակայն, եթե անգամ եկեղեցին սահմանափակվեր սոսկ հոգեւոր ոլորտով, միեւնույն է, ես չէի դիտի այդպիսի կողմնորոշումը կոմպրոմիսային։ Կոմպրոմիսային կարելի է համարել, օրինակ, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը, որով նա առաջարկեց ոչ թե շտկել օրենքը քրիստոնեական հոգեւոր ըմբռնումներին համապատասխան, այլ պահանջեց միայն վերապահություն անել հավատացյալ քրիստոնյաների համարՙ չպարտադրելով նրանց համարանիշ ստանալ։ Ի տարբերություն Ուկրաինայի, Հայ եկեղեցին առաջարկեց ընդհանրապես վերացնել հոգեւոր խնդիրը, նկատի ունենալով, որ այդ համակարգի տակ չի կարող գտնվել նաեւ այսօրվա անհավատը, քանի որ նա էլ է վաղը դարձի գալու։ Ես գտնում եմ, որ հոգեւոր խնդիրն իրոք լուծված կլինի, եթե Ազգային Ժողովն ընդունի Հայ եկեղեցու կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները։

- Ըստ ձեզ, խնդիրն ինչպե՞ս լիարժեք լուծում կստանա։

- Կարելի է հասկանալ պետական մարմնի այն դիրքորոշումը, ըստ որի նա ավելի հեղինակավոր եւ իր համար պարտադիր է գտել եկեղեցու հարցադրումները միայն հոգեւոր ոլորտի առնչությամբ։ Ուստի այն, որ մյուս առաջարկները չեն ընդունվել, ես արտառոց չեմ գտնում, թեպետ շատ եմ ուզում «չեն ընդունվել» բառին հավելել «առայժմ» բառը։ Խնդիրը լիարժեք լուծում կստանա, եթե օրենսդրորեն վերացվի ամբողջատիրական համակարգի, տոտալ հսկողության վտանգի հնարավորությունը, որն առայժմ գոնե ես տեսնում եմ օրենքում, եւ որը կարող է վերանալ Հայ առաքելական եկեղեցու մյուս առաջարկների, ինչպես նաեւ մի շարք այլ փոփոխությունների ընդունումով։ Եկեղեցին իր խոսքն ասաց, մնում է, որ, հոգեւոր հարցերից զատ, մյուս հարցերի վերաբերյալ խոսեն հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունները, հեղինակավոր մարդիկ, մշակույթի գործիչները։

- Ի՞նչն եք համարում վտանգավոր նոր ներդրվելիք համակարգում այս պահին։

- Այն, որ հաճախ են այս խնդրի առնչությամբ հիշատակվում Հովհաննու Հայտնությունը եւ «մարդու անվան թիվ» հասկացությունը, արդարացված է նաեւ աշխարհիկ ըմբռնումների համատեքստում։ Հայ եկեղեցին, ինչպես բոլոր մյուս եկեղեցիները, մերժեց թվերի մոգական ներգործությունը մարդու վրա, բայց նշեց, որ մարդկանց թվակալումը դիտում է որպես գուցե չգիտակցված, բայց աստվածըմբոստ քայլ։ Այո, այդ քայլը քաղաքացին չի անում, այլՙ իշխանությունը, որը փորձում է երկրում ստեղծել համապատասխան մթնոլորտ եւ իր քաղաքացուն տեղադրել այդ մթնոլորտում։ Կրոնական իմաստով թվակալված մարդկանց համակարգը որակվում է սատանայական, եւ դա համահունչ է աշխարհիկ իմաստով սպասվածին։ Պետությունն իր քաղաքացուն սկսում է դիտել որպես իր կամ անհատականությունից զուրկ էակի։ Այստեղից կարող են բխել հեռու գնացող հետեւանքներՙ մարդու ամրժանապատվության եւ իրավունքների առումով։ Համարակալված մարդիկ ոչ թե պետության քաղաքացիներ են, այլ, ինչպես XX դարի պատմությունն է վկայում, համակենտրոնացման ճամբարների բնակիչներ։ Դա աստվածըմբոստ եւ մարդատյաց հասարակարգին ներհատուկ համակարգ է։ Իսկ ո՞վ է Աստծո դեմ եւ մարդուն ատողը, եթե ոչ սատանան, որը միշտ էլ բնակվում է այնտեղ, որտեղից վտարում են Աստծուն։ «Անաստված» բառի իմաստը նույնն է ե՛ւ հավատացյալի, ե՛ւ անհավատի համար։

Ներկայիս իրավիճակում հարկավոր է սպասել Ազգային Ժողովի որոշմանը, որի վրա է ընկնում ողջ պատասխանատվությունը։ Օրենսդդիր մարմնի դիրքորոշումից է կախված, թե ինչպիսին կլինի, մեր պետության վերաբերմունքը իր քաղաքացիների հանդեպ։ Ցանկալի կլիներ նաեւ, որ Ազգային Ժողովը, կրկին անդրադառնալով հիշյալ օրենքին, լրջորեն վերանայեր նույնականացման ողջ համակարգը եւ վերացներ նաեւ այլ պոտենցիալ վտանգ պարունակող դրույթները։

Համենայն դեպս, քարտերը քաղաքացիներին պարտադրելու գործընթացը կասեցվել է մինչեւ հարցի վերջնական լուծումը։

- Չե՞ք կարծում, որ համակարգի հանդեպ անհանդուրժողականությունը մեծապես պայմանավորված է նաեւ հոգեբանական դրդապատճառներով։ Ցանկացած նոր իրողություն սովորաբար մեծ դիմադրության է հանդիպում։

- Վստահաբար կարող եմ ասել, որ հոգեբանական խնդիրըՙ նույն հոգեւոր խնդրի մի այլ բեկում է։ Պարզեմ միտքս։ Քրիստոնյա հավատացյալը չի ընդունում նույնականացման նոր համակարգը, որովհետեւ դիտում է այն որպես սրբապղծություն, որպես փորձՙ հեռացնելու նրան Աստծուց, որի հպատակ է համարում իրենՙ ընդունելով իր անունը որպես այդ հպատակության նշան։ Այդ պատճառով ներմուծվող համակարգը նա համարում է կործանարար իր հոգու համար։ Կա եւս մի մոտեցում, որին համամիտ են նաեւ նրանք, ովքեր չեն ընդունում քրիստոնեական վարդապետությունը կամ այդքան ցավագին չեն ընդունում շեղումներն այդ վարդապետության «տառից»։ Այդ մոտեցումը հետեւյալն է։ Համարակալել կարելի է իրեր, նույնանման առարկաներ։ Ես մարդ եմ, անհատ, մարդկանց մասին ասում են «այսքան հոգի», ոչ թեՙ «այսքան հատ» (մեր լեզուն էլ է հաստատել, որ մարդը ան-հատ է)։ Եթե մարդկանց համարակալում են, ապա նույնացնում են բոլորին, զրկում են անհատականությունից։ Այն պահից, երբ մարդկանց սկսում են հաշվել ոչ թե հոգիներով, այլ «հատով», դադարում են մարդկանց համարել կենդանի հոգի։ Այդ իսկ պատճառով համակարգը պարզապես վիրավորական է ցանկացած մարդու համար։ Սա նույն հոգեւոր հարցն էՙ աշխարհիկ ձեւակերպումով։ Քրիստոնյաների մտավախությունը հոգու կործանման մասին է, մյուսներինըՙ «հոգի» հասկացության, ուստի եւ մարդու արժանապատվության վերացման մասին։ Նույն խնդիրը քրիստոնեական մոտեցումով ներկայանում է որպես հոգեւոր, իսկ այլ մոտեցումովՙ հոգեբանական։ Իհարկե, հասարակական դիմադրության պատճառները նաեւ բարոյական, քաղաքական եւ այլ երանգներ եւս ունեն, սակայն բոլոր այս խնդիրներից առաջնահերթը հոգեւորն է։

- Անհատական ծածկագրերի ներդրման պաշտպանները հաճախ են շրջանառում այն գաղափարը, թե համակարգի դեմ պայքարի հեղինակները ստվերային տնտեսավարողներն են, ում ձեռնտու չէ դրա ներմուծումը։

- Կարծում եմ, որ այդպես չէ. այսքան ժամանակ ես ականատես եմ եղել, որ համակարգին դեմ էին հասարակ մարդիկ, ամենաանպաշտպան խավերըՙ թոշակառուներ, նպաստ ստացողներ եւ այլն։ Ծիծաղելի է ենթադրել, որ նրանք առնչություն ունեն դրամի ստվերային շրջանառությանը։ Մինչդեռ հենց նրանց են խաբեությամբ եւ սպառնալիքներով պարտադրում ստանալ անհատական ծածկագրեր, պարտադրում են երեխաներին, ովքեր նույնպես որեւէ առնչություն չեն կարող ունենալ ստվերային երեւույթներին։ Ցայսօր ինձ հայտնի չէ որեւէ գործարարի կամ մեծահարուստի հարկադրելու դեպք։ Ստվերային ոլորտի որոշ ներկայացուցիչներ գուցեեւ մեծ ցանկություն ունեն թաքցնելու իրենց եկամուտները, սակայն համակարգի ընդդիմադիրների պահանջները այդ նպատակին չեն կարող ծառայել. նրանք պահանջում են ոչ թե վերահսկողության վերացում, այլ համարանիշի վերաիմաստավորում, անհատական ծածկագրի համապատասխան վերաանվանում, կրոնական համոզմունքները վիրավորող խորհրդաբանության վերացում եւ այլն։ Տարբեր ոլորտներում տարբեր քարտերի օգտագործումով վերահսկողության համակարգը ոչ թե կխաթարվի, այլ պարզապես կդառնա ավելի աստվածահաճո։ Երբ ասում են, թե այդ դեպքում համակարգը չի գործի, մեզ թյուրիմացության մեջ են գցում. եւրոպական գրեթե բոլոր երկրները (բացառությամբ միայն սկանդինավյան երկրների եւ Իսլանդիայի) հենց այս համակարգով են իրականացնում վերահսկողության գործառույթը։ Այնպես որ պետք չէ հասարակությանը գցել նաեւ այլ շփոթմունքի մեջ, ամեն վեճի ժամանակ հղում կատարելով Եվրոպային եւ պնդելով, թե իբր ողջ Եվրոպան ընդունել է մեզ առաջարկվող համակարգը։

- Ինչո՞վ բացատրել ԱՄՆ տեխնիկական աջակցությունը։ ԱՄՆ-ն ինքը կիրառո՞ւմ է նույնականացման այս համակարգը։

- Արդեն ասացի, որ Եվրոպայում կիրառվում է էականապես տարբերվող համակարգ։ Նույնը կարող եմ ասել ԱՄՆ-ի մասին։ Ամերիկյան պաշտոնական փաստաթղթերին ծանոթ չեմ, բայց այս խնդրով զբաղվելիս զրուցել եմ ամերիկացիների հետ եւ տեղեկացել, որ այնտեղ կիրառվում են մի քանի քարտերՙ իրենց (ոչ թե քաղաքացու) համարանիշներով, բանկային քարտ, սոցապահովման քարտ եւ այլն։ Չծավալվելու համար ավելի լավ է նշեմ երեք օրինաչափություն. ա. իրեն եւ իր քաղաքացիներին հարգող ոչ մի երկիր չի կիրառի նման համակարգ, բ. այլ երկրների արհամարհող եւ նրանց պոտենցիալ վասալ համարող երկիրը սովորաբար շահագրգռված կլինի նրանց այդպիսի համակարգ պարտադրել, գ.ամենաթույլ եւ ինքնասիրությունից զուրկ երկրները միայն հեշտությամբ կընդունեն իրենց պարտադրված այդ համակարգը։ Սա էլ ընդունենք որպես հարցի առաջին մասի պատասխան։

- Հավանաբար համակարգից խուսափում են նաեւ արտագաղթելու մտադրություն ունեցողները, քանի որ իրենց տվյալները կարող են մատչելի դառնալ նաեւ դեսպանատների համար։

- Չունեմ այդպիսի տեղեկություն։ Արտագաղթի առումով կարող եմ ասել հետեւյալը։ Հայաստանում ցայսօր կա մի կայուն խավ, որը ոչ մի պարագայում չի լքի հայրենիքըՙ Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ զավակները։ Ցավոք, նույնականացման այս համակարգի ներդրման պատճառով արդեն լսելի են դարձել նաեւ այս խավի ներկայացուցիչների մտադրություններըՙ համակարգի ներդրման դեպքում Գերմանիա կամ Պորտուգալիա մեկնելու մասին։ Խոսում են հատկապես այդ երկրների մասին, քանի որ դրանք կտրականապես մերժել են քննարկվող համակարգը ։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4