«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2003-08-02 | #148, 2003-08-21 | #149, 2003-08-22


ՅՈՒՆՈՇԵՎԸ ԽՂՃՈՒՄ Է ՈՒԶՈՒՆՅԱՆԻՆ

Հավանական համարելով «27»-ի ամբաստանյալների արդարացումը

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ժամանակ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը դատարանում հաճախակի է հանդես գալիս միջնորդություններով, որոնցում ուղղակիորեն կամ անուղղակի դատարանի կայացրած որոշումները որակվում են անօրինական։ Հետաքրքրական է նաեւ, որ Յունոշեւի միջնորդություններն ակնհայտորեն հետեւողական են, մասնավորապես, այսպես թե այնպես վերաբերելով «27»-ի գործից անջատվածՙ կազմակերպիչների մասով գործին։ Խնդիրն այստեղ այն է, որ անջատված մասով դեռեւս տարվում է նախաքննություն, այսինքնՙ այս քրգործի նյութերը համարվում են գաղտնի։ Յունոշեւի հետ կապված թերեւս կարեւոր են այն հայտարարությունները, որոնք անում է պրն Օլեգ Յունոշեւը տարբեր ասուլիսների ժամանակ, գնահատականներ տալով ոչ միայն դատարանի որոշումներին, այլեւՙ մեղադրող կողմի եւ դատավորի գործողություններին։ Այս եւ այլ հանգամանքների մասին «Ազգի» հարցերին պատասխանում է փաստաբան Օլեգ Յունոշեւը։

- Պրն Յունոշեւ, վերջին օրերին հատկապես շատացել են ձեր միջնորդությունները։ Հիմնականում, ըստ ձեզ, ինչի կարող են բերել դրանք։

- Դրանք արվում են իմ վստահորդի իրավունքներն իրականացնելու նպատակով։ Այսինքն իմ վստահորդն իրավունք ունի հարցաքննել վկաներին եւ ուսումնասիրել ապացույցները։ Մինչդեռ դատարանն ընդունել է անօրինական որոշումՙ պետական մեղադրողի առաջարկով, այսինքնՙ կրճատել է դատակոչված վկաների ցուցակը։ Այդպիսով իմ վստահորդը զրկվել է իր իրավունքներից։ Մեր միջնորդություններն ուղղված են այդ իրավունքները վերականգնելուն եւ դրանցից օգտվելուն։

- Դատարանում քանիցս հնչել են կարծիքներ, թե դուք այնքան էլ լավ չգիտեք ՀՀ օրենսդրությունը։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։

- Ինձ համար անձամբ դժվար է պատասխանել այդ հարցին, բայց ես ցանկանում եմ ասել, որ հաճույքով կսովորեի գիտակ մարդկանցից Հայաստանի օրենսդրությունը, բայց, ցավոք, այս դատարանն այն տեղը չէ, որտեղ կարելի է սովորել։

- Անդրադառնալով ձեր վերջին ասուլիսում արված հայտարարություններին, արդյոք կարծո՞ւմ եք, որ փաստաբանը նման գնահատականներ պետք է տա դատարանի դահլիճից դուրս, անգամ կատարելով անձնական որակումներ։

- Այստեղ հարցը փաստաբանը չէ։ Իր դատողություններն արտահայտելը յուրաքանչյուր մարդու գործն է։ Փաստաբան է թե ոչ, տարբերություն չկա։ Տարբերությունն այն է, որ փաստաբանը չի կարող արտահայտել օրենքին հակասող դատողություններ։ Ես իրավունք ունեմ համարելու, որ դատավոր Սամվել Ուզունյանը հնարավորություն ունի հեռանալու, նա միշտ կարող է ինքնաբացարկ հայտնել, կարող է համաձայնել մերՙ իրեն բացարկ հայտնելու միջնորդություններին։ Այստեղ օրենքի հետ որեւէ հակասություն չկա։ Ուզունյանին ես արդեն 2 տարի ուսումնասիրում եմ։ Որպես մարդ ես նրան խղճում եմ, որ նա ընկել է նման աննորմալ քաշքշուկի մեջ, որ հսկայական ճնշում է զգում։ Ես տեսնում եմ, թե դա ինչպես է անդրադառնում նրա առողջության վրա։ Ես որպես մարդ նրան ցանկանում եմ բարիք։ Նրա համար ամենալավը կլիներ պահպանել իր բարի անունը, իր առողջությունը եւ հեռանար։ Նրա համար դժվար կլինի այս դատավարությունից հետո ապրել Հայաստանում։ Ես շփվում եմ մարդկանց հետ եւ նրանց վերաբերմունքը միանշանակ վատ է Ուզունյանի նկատմամբ։

- Ինչո՞ւ դատավարությանը միացավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արամազդ Զաքարյանը։ Արդյոք դա կարելի՞ է հասկանալ ոչ բավարար գնահատական ձեր աշխատանքին կամ լրացում։

- Եթե ես զգայի անվստահություն կամ ինձ հայտնվեր ոչ լավ գնահատական, դա կավարտվեր նրանով, որ ամենամոտ չվերթի թռիչքի տոմս կվերցնեի եւ կմեկնեի։ Այնպես որ այստեղ նման խոսք անգամ լինել չի կարող։ Ինչ վերաբերում է Զաքարյանին, ապա Աշոտ Սարգսյանի հեռանալու պարագայում հասկանալի է, որ իմ ծանրաբեռնվածությունը կկրկնապատկվեր։ Ես եւ Աշոտ Սարգսյանը խորհրդակցում էինք, շատ բաներ կոորդինացնում։ Եվ որպեսզի այդ ծանրաբեռնվածությունը մի քիչ թեթեւացվի, իմ վստահորդը որոշեց, որ Զաքարյանը լինելով հայ, իմանալով հայերեն, ինձ կօգնի փաստաթղթերի հետ աշխատանքում, ես նրանՙ օրենքի մեկնաբանություններում։

- Որո՞նք են ձեր հետագա քայլերը եւ ի՞նչ նպատակ են հետապնդելու։

- Հետագա քայլերն ուղղված կլինեն դատարանի անօրինական որոշումների վերացմանը, եւ հետո մենք մտադրություն ունենք շատ ուշադիր հետեւել դատախազների գործողություններին եւ արձագանքել։ Եթե մենք այս դատավարությունից հեռանանք, այն կավարտվի շատ վատ։ Ամբաստանյալներին կամ կարդարացնեն, կամ կտան փոքր ժամկետներ։ Ըստ մեզ, նման հավանականություն կա, քանի որ հիմա ամբաստանյալի աթոռին նստածների մեղքի ապացուցվածության աստիճանը փաստացի չի տարբերվում Ալեքսան Հարությունյանի, Նաիրի Բադալյանի, Մուշեղ Մովսիսյանի մեղքի ապացուցվածության աստիճանից։ Վերջիններիս արդարացրել են։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարում ամբաստանյալներին։ Ինչ-որ մի տեսանյութ, որը հաճախակի ընդհատվո՞ւմ է։ Նույն այդ դատախազները վաղը կարող են ասել, որ տեսանյութն ապացույց չեն համարում։ Ի՞նչ կմնա այդ դեպքում։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4