«Կենաց ծառ» ցուցահանդեսում
Անահիտ Իսունցը ձեռագործ արվեստի ճանաչված վարպետներից է, կատարում է նաեւ ուսումնասիրություններ։ Նա հայ արվեստի մի չքնաղ ճյուղիՙ դարեր շարունակ մեր կենցաղի անքակտելի մասը դարձած ասեղնագործության պահապաններից եւ սերունդներին փոխանցողներից է, որպեսզի դրանք չդառնան թանգարանային նմուշներ։ Ասեղնագործությամբ աշխարհի քիչ ժողովուրդներ են զբաղվում, դրանց շարքում են նաեւ հայերը։ Յուրաքանչյուր հայ կին ասեղնագործել գիտեր, սովորում էր մանկուց, աղջկա օժիտի մեջ անպայման պետք է լինեին նրա ասեղնագործ աշխատանքները։ Մենք ունենք ասեղնագործության Ուրֆայի, Մարաշի, Այնթապի դպրոցներ, որոնք դեռեւս ուսումնասիրության կարիք ունեն։ Իսկ Սվազի ասեղնագործությունը նույնիսկ վերականգնելու կարիք ուներ։ Անահիտ Իսունցը Հայաստանի այն երեք վարպետներից մեկն է, որ վերականգնեց Սվազի ասեղնագործությունը։ Ժողովրդական արվեստի թանգարանի հիմնական ցուցադրության մեջ որպես Սվազի ասեղնագործության նմուշ ներկայացված է նաեւ Անահիտ Իսունցի աշխատանքը։ Երեկ ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց նրա առաջինՙ «Կենաց ծառ» անհատական ցուցահանդեսը, ուր նրա ժանյակները եւ հելունագործ աշխատանքներն էին (սփռոց, հագուստ), Վանի ժանյակ (մուճակ, գոբենակ), խառը տեխնիկայով աշխատանքներ (Ուրֆայի, Մարաշի, Այնթապի ասեղնագործություններով)։ Նա այժմ վերականգնում է մեզանում մոռացված մեծ մաքոքով ժանյակի տեխնիկան, որի օրինակը ներկայացրել է իր անհատական ցուցահանդեսում։
Մեր մտածողությունը երեւում է մեր մշակույթով, դրա պահպանմամբ եւ շարունակականությամբ։ Մեզ պարտադրվող բարքերին մենք կարող ենք դիմադրել միայն մեր մշակույթը պահպանելով, որն այն ուժն է, որին հնարավոր չէ հաղթել։ Այս ցուցահանդեսն այդ ուժի դրսեւորումներից մեկն է։
Ա. Ա.