Նկատի ունենալով Հայոց եկեղեցու վիթխարի դերը հայոց պետականության ամրապնդման, զարգացման, հայոց հոգեւոր, մշակութային կյանքում, հսկայական մատուցած ծառայությունները, որոշվեց Հայաստանի դպրոցներում ներդնել Հայոց եկեղեցու պատմություն առարկան։ 2002 թ. օգոստոսի 22-ին ՀՀ կառավարության եւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միջեւ կնքվեց համաձայնագիր, որով հանրակրթական դպրոցների 4-10-րդ դասարաններում ներդրվելու է Հայոց եկեղեցու պատմություն առարկան։ Գիտության, կրթության նախարարության կրթական բարեփոխումների կենտրոնում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը կազմված էր բարեփոխումների մեթոդի մասնագետներից, ԵՊՀ-ի, ինչպես նաեւ Մայր աթոռի ներկայացուցիչներից։
Կարճ ժամանակահատվածում մշակվել են դասընթացի հայեցակարգային դրույթները, ծրագիրը, որից հետո սկսվել են աշխատանքները։ «Քրտնաջան աշխատանքի արդյունքում չորս ամսվա ընթացքում պատրաստվեցին 4-րդ եւ 5-րդ դասարանների դասագրքերը», ներկայացրեց նախարարության կրթության բարեփոխումների կենտրոնի փոխտնօրեն, «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացը հանրակրթական դպրոցներում ներդնելու ծրագրի պատասխանատու եւ դասագրքերի խմբագիր Վարդան Ղանդիլյանը։
- Պրն Ղանդիլյան, աշխատանքի ընթացքում եղե՞լ են դժվարություններ։
- Դժվարություններ, իհարկե, եղան, որովհետեւ մենք ձեռնամուխ էինք եղել նախադեպը չունեցող դասագրքի ստեղծմանը։ Սակայն բոլոր դժվարությունները մնացին հետեւում, եւ ունենք հաջողված դասագրքեր հանրակրթական դպրոցներում սովորողների համար։
- Բացի գրքերի ստեղծումից, ձեր կենտրոնը նաեւ ձեռնամուխ է եղել ուսուցչի ձեռնարկի ստեղծմանը։
- Դասագրքերի ու առարկայի դասավանդումը հնարավոր չէր լինի, եթե չլիներ ուսուցչի ձեռնարկի ստեղծումը։ Հանրապետության 70 դպրոցների ուսուցիչներ անցան վերապատրաստումներ, որից հետո 2003 թ. հունվարից մայիս ժամանակահատվածում դասագրքերը փորձաշրջան անցան այդ դպրոցներում։
- Ինչպիսի՞ արձագանքներ եղան փորձաշրջանի վերաբերյալ։
- Իհարկե, եղել են բազմաթիվ առաջարկություններ հասարակության տարբեր խավերի ու շերտերի, մասնագետների կողմից։ Եղել են նաեւ դիտողություններ ու այլ կարծիքներ, որն էլ հնարավորություն տվեցին աշխատանքային խմբին լրամշակումներ անելու, եւ վերջնական տարբերակով հրատարակվեց։
- Դուք նաեւ տպագրել եք 6, 7, 8-րդ դասարանների համար նախատեսվող դասագրքերը, ուսուցչի ձեռնարկը, որոնք սեպտեմբերի 1-ից պետք է ներդրվեն որպես փորձնական ձեռնարկներ։ Ո՞րն է լինելու հաջորդ քայլը։
- Այդ փորձնական դասագրքերը (շաբաթական մեկ դասաժամ) եւ ձեռնարկները մեկ տարի կանցնեն փորձաշրջան, կհավաքվեն առաջարկներն ու դիտողությունները, որից հետո կհրատարակվի հիմնական, վերջնական տարբերակը։ Մի խոսքովՙ սեպտեմբերի 1-ից մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք փորձաշրջանի վրա եւ հույս ունենք, որ շատ կարճ ժամանակում կունենանք բոլոր պահանջվող դասագրքերը Հայոց եկեղեցու պատմությունը մատչելի եւ դյուրին մատուցելու հանրակրթական դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ