ԿԲ խորհուրդը օգոստոսի 22-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տ. Սարգսյանը, որոշեց նվազեցնել կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքը 1 տոկոսային կետով եւ սահմանել այն տարեկան 9 տոկոս։ ԿԲ մյուս գործառնությունների տոկոսադրույքները մնացին անփոփոխ. տրամադրվող լոմբարդային վարկերինըՙ 20 տոկոս, իսկ ներգրավվող ավանդներինըՙ 5 տոկոս։
ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է ֆինանսական շուկայում ԿԲ գործառնությունների տոկոսադրույքների սահմանման վերաբերյալ ԿԲ խորհրդի օգոստոսի 8-ի նիստում ընդունված որոշման հիմնավորումը։ «Հուլիսի 25-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակը եւ ֆինանսական շուկայի միտումները հետեւյալն էին.
Մակրոտնտեսական իրավիճակը
Ըստ ՀՀ ԿԲ դիտարկումների, նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.8% դեֆլյացիաՙ նախորդ ժամանակահատվածի 1% դեֆլյացիայի պարագայում։ Բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են 1 մլրդ 36 մլն դրամՙ նախորդ ժամանակահատվածի 790 մլն դրամի դիմաց։
Դրամավարկային քաղաքականություն
Այդ ժամանակահատվածի ծրագրավորման համաձայն փողի բազան պետք է աճեր 2 մլրդ 449 մլն դրամով եւ օգոստոսի 7-ի դրությամբ կազմեր 104 մլրդ 281 մլն դրամ։ Փաստացի արդյունքներով գրանցվել են շեղումներ, եւ փողի բազան օգոստոսի 7-ի դրությամբ կազմել է 105 մլրդ 656 մլն դրամ։
ԶԱԱ-ի ցուցանիշն աճել է 819 մլն դրամովՙ ծրագրված 2 մլրդ 554 մլն դրամ աճի փոխարեն։ ԶԱԱ-ի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է եղել 1 մլրդ 101 մլն դրամի բյուջեի արտարժութային եկամուտների ստացմամբ (Լինսի հիմնադրամ), 90 մլն դրամի սեփականաշնորհման արտարժութային գումարների ավելացմամբ, ինչպես նաեւ իրականացվել են 69 մլն դրամի չափով արտաքին պարտքի տոկոսագումարների վճարում եւ 303 մլն դրամի այլ փոխարկումներ։
Ծրագրավորման համաձայն նախատեսվել էր ԶՆԱ-ի 105 մլն դրամի չափով նվազում, սակայն արձանագրվել է 3 մլրդ 5 մլն դրամի աճ։ Շեղումը պայմանավորված է հետեւյալ բաղադրատարրերի փոփոխությամբՙ կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշն աճել է 4 մլրդ 377 մլն դրամով, իսկ զուտ այլ ակտիվները նվազել են 352 մլն դրամովՙ նախատեսված համապատասխանաբար 455 մլն դրամի աճի եւ 110 մլն դրամի նվազման փոխարեն։ Կառավարության պարտավորությունների փոփոխությունն իր հերթին պայմանավորված է եղել 4 մլրդ 522 մլն դրամի կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի ծախսմամբ, կառավարության դեպոզիտների 79 մլն դրամի աճով եւ 67 մլն դրամի պետական պարտատոմսերի մարմամբ։ Բանկերի պարտավորությունները նվազել են 1 մլրդ 20 մլն դրամովՙ 1 մլրդ 320 մլն դրամի ավանդների զուտ ներգրավման եւ բանկերին KfW վարկի 300 մլն դրամի չափով տրամադրման արդյունքում, որի պարագայում օգոստոսի 7-ի դրությամբ բանկերի պարտավորությունները կազմել են 6 մլրդ 330 մլն դրամ։
Օգոստոսի 1-ին նախորդած շաբաթվա ընթացքում փողի զանգվածը (առանց կուտակված տոկոսների) նվազել է 1 մլրդ 620 մլն դրամով եւ կազմել 200 մլրդ 873 մլն դրամ։ Շրջանառության մեջ եղած կանխիկն աճել է 1 մլրդ 363 մլն դրամով, իսկ ավանդները նվազել են 3 մլրդ 56 մլն դրամով։ Ցպահանջ արտարժութային ավանդները աճել են 74 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդները նվազել 2 մլրդ 829 մլն դրամով։ Ժամկետային արտարժութային ավանդները նվազել են 145 մլն դրամով եւ կազմել 43 մլրդ 305 մլն դրամ։ Պայմանավորված վերոգրյալովՙ դրամային զանգվածը նվազել է 1 մլրդ 547 մլն դրամով եւ օգոստոսի 1-ին կազմել 118 մլրդ 564 մլն դրամ։
Ֆինանսական շուկայի միտումները Նշված ժամանակաշրջանում թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 15,380 մլն դրամ, իսկ պարտադիր պահուստավորումըՙ 11.8 մլրդ դրամ։
Ներքին արժութային շուկայում, ՊՊ առաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները։
Ներքին արժութային շուկա ԿԲ կողմից վաճառվել է 427 հազ. ԱՄՆ դոլարՙ 578.55 դրամ փոխարժեքով եւ գնվել 160 հազ. ԱՄՆ դոլարՙ 568 դրամ փոխարժեքով։ Միջբանկային շուկայում գործառնությունների համախառն ծավալը կազմել է 63 մլն ԱՄՆ դոլար, որից 28.6 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 34.4 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 573.40 եւ 575.35 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.1%-ովՙ 574.48 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 574.88 դրամի։
ՊՊ առաջնային շուկա
Տեղի է ունեցել ՊՊ 2 թողարկում։ Առաջին շաբաթում տեղաբաշխվել են 52-շաբաթյա պարտատոմսերՙ 500 մլն դրամ ծավալով։ Վերջինիս նկատմամբ պահանջարկը կազմել է 1 մլրդ 433 մլն դրամ (286.51%) եւ ձեւավորվել 10.53% եկամտաբերություն։ Երկրորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է 39-շաբաթյա ՊԿՊ-երի թողարկում, որի նկատմամբ ձեւավորվել է 10.34% եկամտաբերություն։ Այս ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից հետ են գնվել 24 եւ 36-ամսյա պետական պարտատոմսերՙ համապատասխանաբար 37.5 մլն եւ 936 մլն դրամ ծավալներով, 10.55% ու 11% եկամտաբերություններով։
ՊՊ երկրորդային շուկա
Իրականացվել է 3 մլրդ 14 մլն դրամի գործարքՙ 10.77% միջին կշռված եկամտաբերությամբ։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 914 մլն դրամի գործարքՙ 11.92%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 2 մլրդ 100 մլն դրամի գործարքՙ 10.27%-ով։
Միջբանկային ռեպո գործառնություններ
Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 5 մլրդ 990 մլն դրամՙ 7.26% միջին կշռված փոխարժեքով։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 3 մլրդ 479 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 7.34%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 2 մլրդ 511 մլն դրամ ծավալով գործարքՙ 7.14%-ով։
Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում Օգոստոսի 8-21-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ ԶԱԱ-ի ցուցանիշը, ծրագրավորման համաձայն, կաճի 1 մլրդ 921 մլն դրամով, ինչը կապահովվի 5 մլրդ 350 մլն դրամի բյուջեի արտարժութային եկամուտների ավելացման (Լինսի դրամաշնորհ եւ FSP դրամաշնորհ), 745 մլն դրամով արտաքին պարտքի ամորտիզացիայի եւ տոկոսագումարների վճարման, 364 մլն դրամի այլ փոխարկումների եւ 2 մլրդ 320 մլն դրամին համարժեք արտարժույթի վաճառքի արդյունքում։
Կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը կնվազի 931 մլն դրամովՙ հիմնականում կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի 893 մլն դրամի կուտակման եւ 38 մլն դրամի պետական պարտատոմսերի մարման արդյունքում։ Բանկերի պարտավորությունները կաճեն 70 մլն դրամովՙ ավանդների զուտ մարման արդյունքում եւ ժամանակաշրջանի վերջում կկազմեն 6 մլրդ 400 մլն դրամ։ ԿԲ զուտ այլ ակտիվները կնվազեն 38 մլն դրամով։ Վերոհիշյալ փոփոխությունները կհանգեցնեն ԶՆԱ-ի 899 մլն դրամով նվազման։ Արդյունքում, երկշաբաթվա ընթացքում փողի բազան կաճի 1 մլրդ 22 մլն դրամով եւ կկազմի 106 մլրդ 677 մլն դրամ։
Ելնելով ֆինանսական շուկայում տոկոսադրույքների ձեւավորված միտումներից եւ ծրագրված ժամանակահատվածում ԿԲ-ի կողմից դրամային շուկային չմիջամտելու քաղաքականության ուղղվածությունից, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց տոկոսադրույքները թողնել անփոփոխՙ ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանել 10%, լոմբարդային վարկերի տոկոսադրույքըՙ 20% եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքըՙ 5%։
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն, 22 օգոստոս, .2003թ.