«Կյանքիս երջանկությունը հայերեն թերթ հրատարակելն է»
Պոլսահայ մտավորական Ռոպեր Հատտեճյանն ասում է, որ ինքնության ամենակարեւոր պայմանը լեզուն է, եւ եթե հայը չգիտի հայերեն, անկատար կտեղավորվի իր ազգային ինքնության մեջ։
«35 տարի է «Մարմարայի» խմբագիրն եմ, որից 25 տարիների ընթացքում թերթի տպաքանակը չի պակասել։ Վերջին տասը տարիներին է, որ պակասում է։ Սա ընդհանուր է ոչ միայն Ստամբուլում, այլեւ ողջ սփյուռքում։ Հայերեն կարդացողների թիվը նվազել է Բեյրութում, Ամերիկայում, Ֆրանսիայում», ասում է Հատտեճյանը։
«1947-ից ի վեր 50 գիրք եմ հրատարակել եւ տակավին հրատարակելու 50 կամ ավելի գիրք ունեմ, որոնք համակարգիչների մեջ են եւ հատորի վերածվելու համար ժամանակի կարոտ ունեն։ Ես գրող ու լրագրող չեմ միայն, այլ արվեստի սիրահար», ասում է նա։
Ստեղծագործական 50 եւ ավելի տարիների ընթացքում Հատտեճյանը գրել է կատակերգություններ, թատերախաղեր, հոդվածաշարեր, մենագրություններ, պատմվածքներ, վեպեր, բանախոսություններ, թարգմանել է Ցվայգին, Քաչային, Սարոյանին։ Զարմանալի աշխատասիրությամբ պոլսահայ մեր մտավորականը 1981 թվից սկսած ամեն օր իր «Մարմարայում» տպագրում է «Յուշատետր» խորագրով ամենօրյա հոդվածաշարը։
Հատտեճյանի գրական վաստակը բազմաթիվ անգամ գնահատվել է տարբեր մրցանակներովՙ «Անահիտ» գրական մրցանակ Բեյրութում «Կեանքի մը երեք կիրակիները» թատերախաղի համար, երեք անգամՙ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի մրցանակ... Լրագրող Հատտեճյանը ԹՄՄ Վարդգես եւ Ռիտա Պալյան «Հայ մամուլի» առաջին մրցանակակիրն է։
«Շատ ու շատ շքանշաններ ու մրցանակներ եմ ստացել, որոնց համար հպարտ եմ, բայց ինձ համար այս բոլորից ավելի կարեւորն իմ ընթերցողների համակրանքն է։ Կյանքիս երջանկությունը հայերեն թերթ հրատարակելն է։ Սփյուռքում առաջին ուսուցիչը մամուլն է, եւ մենք մեր «Մարմարայով» արեւմտահայերենը պահում ենք իր գեղեցիկ ձեւի մեջ», ասում է 77-ամյա խմբագիրը։
Պոլիսն (Ստամբուլը) ու Թիֆլիսն իրավամբ եղել են հայ մամուլի ամենից կարեւոր օջախները։ Պոլսում 1832 թվից այս կողմ լույս է տեսել ավելի քան երեք հարյուր անուն պարբերական, որոնց մեծ մասը, ճիշտ է, կարճատեւ հանդիպում է ունեցել հայ ընթերցողների հետ։ Ավելի քան 60 հազար հայ բնակչություն ունեցող այս քաղաքում այսօր տպագրվում է վեց անուն պարբերականՙ «Ժամանակ» եւ «Մարմարա» օրաթերթեր, «Ակօս» շաբաթաթերթ, «Ժպիտ» մանկական ամսաթերթ, Պոլսի Հայոց պատրիարքության «Լրաբեր» եւ հայկական հիվանդանոցի «Սուրբ փրկիչ» ամսաթերթեր։
«Պոլիսը եղել է մեր մշակույթի կարեւորագույն օրրաներից մեկը։ Այդ ավանդույթն այսօր էլ կշարունակվի, բայց, անշուշտ, որոշ տկարացումով, որոշ նահանջով։ Մենք այսօր երբեմն գանգատվում ենք պոլսահայ կյանքի մշակութային մակարդակից, բայց գանգատվում ենք միայն անցյալի հետ համեմատվելով։ Հակառակ նրան, որ այս երկրի մեջ միշտ որոշ աննպաստ պայմաններ են եղել մեր գրականության ու մշակույթի համար, չասեմՙ սահմանափակումներ, հակառակ այդ դժվարությունների, այս քաղաքում ստեղծվել է հոյակապ գրականություն», ասում է Հատտեճյանը։ Նա կարծում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատվելու դեպքում պոլսահայությունը կշահի։
«Թրքահայերս, որպես թրքահպատակ, այս պետության քաղաքացիներ, միաժամանակ հայեր մեր ազգային գիտակցությամբ, երկու կրակի մեջ ենք մնացել եւ ցանկանում ենք, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները մի քիչ բարելավվեն։ Երբ Թուրքիան եւ Հայաստանը դիվանագիտական, չասենք բարեկամական, ասենքՙ գոնե տնտեսական հարաբերություններ հաստատեն, այդ դեպքում հայ համայնքը շատ պիտի օգտվի, որովհետեւ այդ դեպքում մեր վարժարանների համար պիտի կարողանան Հայաստանից ուսուցիչներ բերել, արվեստագետներ, նկարիչներ հյուրընկալել», ասում է Հատտեճյանը։
Այսօր, երբ չկան հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ, ըստ էությանՙ Հայաստանն ու Թուրքիան համարվում են թշնամի պետություններ, պոլսահայությունն ազգային ինքնության պահպանման համար հենվում է իր ներքին ուժերի վրա։ Ցավալիորեն, այսօրվա պոլսահայությունն ավելի ու ավելի շատ դառնում է թրքախոս։ Թերեւս այդ պատճառով է, որ մեր երկու օրաթերթերըՙ «Ժամանակն» ու «Մարմարան» կանգնում են հայ ընթերցողներ կորցնելու իրականության առաջ։
«Մարմարան» կարող է պարծենալ հայոց լեզվիՙ արեւմտահայերենի հանդեպ ցուցաբերած բացառիկ ուշադրության եւ նախանձախնդրության համար։ Չեմ կարող պարծենալ, որ շատ խոշոր թվով ընթերցողներ ունենք, բայց ունենք որակյալ ընթերցողներ, ինչը մեզ քաջալերում է», ասում է Հատտեճյանը։
«Բայց ի՞նչ է լինելու 10, 20 տարի հետո, չգիտեմ», ասում է նա։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Ստամբուլ