«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2003-08-22 | #150, 2003-08-23 | #151, 2003-08-26


ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՅԱՆԻ

«Քանդակներ 1994-2001 թ.» ալբոմը

1994 թ. իր առաջին իսկ անհատական ցուցահանդեսով Բեյրութի «Le Cenacle» ցուցասրահում լիբանանահայ քանդակագործ Վարուժան Մարտիրյանը ներկայացավ իբրեւ ինքնատիպ շնորհներով օժտված արվեստագետ։ 33 փայտյա քանդակներում գերիշխողը կանանց կերպարներն էինՙ կատարված ազատ եւ անկաշկանդ ոճով, կնոջ բնույթի ամենաբազմազան նրբերանգների արտահայտություններով։ «Մարտիրյանի քանդակները բազմադիմականի են։ Իւրաքանչիւր տիպար ունի անհամար նշանակութիւն։ Իր գործերուն մեծամասնութիւնը կնոջ մարմնին փառաբանումն է, հաւատարմութիւն մը սիրոյ հանդէպ, ինչպէս նաեւ խորհրդանշող յարատեւ վերածնունդը մարդ արարածին», 1997 թ. NOAH՛S ARK ցուցասրահում բացված աշխատանքների առիթով գրվել է «Ալ Նահար» օրաթերթում։

1998-ին իտալական Բատովա քաղաքում Թոտեշինի թանգարանում ցուցադրվեցին Մարտիրյանի 26 քանդակները։ Թանգարանի տնօրեն Պոսոլո Չեդինան Մարտիրյանի գործերը նմանեցնում է լիբանանյան մայրիներինՙ քանդակների մեջ տեսնելով բանաստեղծականություն եւ քնարականություն։

1999-ին լիբանանյան եւ ավստրիական մշակութային միության հրավերով Վարուժան Մարտիրյանի 26 փայտե քանդակների ցուցադրություն կայացավ Վիեննայում։ 1999-ին նման մի ցուցահանդես բացվում է Բեյրութում, իսկ 2000-ինՙ Միացյալ Նահանգներում։ Մարտիրյանի աշխատանքները ներշնչված են կյանքից ու բնությունից։ Կինը կյանքի աղբյուրն է, կնոջ գեղեցկությունըՙ փայտին շունչ ու բույր հաղորդողը։

Այս մասին ամփոփ տեղեկացնում է Վարուժան Մարտիրյանի «Քանդակներ 1994-2001» ալբոմը, որի գինեձոնը կատարվեց վերջերս Բեյրութի «Garden Tower» հյուրանոցում։ Գիրքը ընդգրկում է արվեստագետի քանդակների գունավոր լուսանկարներըՙ արվեստագետ, արվեստաբանների կարծիք-մեկնաբանությունների զուգադրությամբ։

Մ. Բ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4