Վերջերս Սան Պաուլուի «Բուֆե ֆրանսիացի» շքեղ դահլիճում նշվել է ազգային Դուրյան վարժարանի հիմնադրման 75-ամյակը, մասնակցությամբ թեմի առաջնորդ Տաթեւ արք. Ղարիբյանի, ազգային բարերարների, հոգեւորականների եւ հասարակության ներկայացուցիչների, հաղորդում է կանադահայ համայնքի «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթը։
Ճաշկերույթ-հանդիսության ընթացքում կարդացվել են Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնության եւ գնահատանքի գիրը եւ Լիբանանից ուղարկված Գալուստ Գուլբենկյան հիմնարկության հայկական բաժնի վարիչ Զավեն Եկավյանի շնորհավորագիրը։ Ողջույնի խոսքերով հանդես են եկել թեմի վարչական կենտրոնական խորհրդի ատենապետն ու սրբազան հայրը, որոնք բարձր գնահատելով վարժարանի առաքելությունը, կոչ են անում ներկաներին զորավիգ կանգնել այդ կրթօջախին։
Այդ առթիվ հրատարակվել է հիշատակի մի գրքույկ դպրոցի անցած պատմական ուղու մասին հետաքրքրական տեղեկություններով եւ լուսանկարներով։
Բրազիլիայի այս առաջին հայկական դպրոցը հիմնվել է 1928-ինՙ Առաջադիմասեր հայուհիների միության նախաձեռնությամբ։ Երեք տարի անց, միանալով Մարաշի հայրենակցական միության դպրոցին, անցել է թեմական խորհրդի տրամադրության տակ եւ կոչվել Հայ ազգային Դուրյան վարժարան։ 1988-ին Հայ առաքելական եկեղեցու թեմական վարչության միջոցներով միջնակարգ կրթության դասարանների թիվն ավելացել է երեքով, հեշտացնելով շրջանավարտների համալսարան ընդունվելու հնարավորությունները, իսկ 1992-ին բացվել է Գրեգորի Մավյան մանկապարտեզի բաժինն իր առաջին շենքով։ Վերջին չորս տարիների ընթացքում բոլոր դասարաններին հատկացվել են արդիական պայմաններով եւ սարքավորումներով, շնորհիվ այլ նվիրատվությունների շարքին նաեւ Գալուստ Գուլբենկյան հիմնարկության հատկացրած նպաստի։
Հ. Ծ.