2003 թ. հունիսին Աբու Դաբիում արաբերենով լույս տեսավ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանի վերջին երկու տարիների ընթացքում արդեն երրորդ մենագրությունը արաբերեն լեզվով։ Ինչպես նախորդ երկու գրքերըՙ «Ուսումնասիրություններ Արեւելքի պատմության եւ մշակույթի մասին» եւ «Հայ-արաբական հարաբերությունների պատմությունը», դեսպանի արաբերեն լեզվով երրորդ աշխատությունը նույնպես հրատարակվել է Աբու Դաբիում Արաբական պետությունների լիգայի «Համակարգման եւ հետազոտությունների Զայեդ միջազգային կենտրոնի» հովանավորությամբ։ «Համակարգման եւ հետազոտությունների Զայեդ միջազգային կենտրոնը» քաղաքագիտական հետազոտությունների կենտրոն է, որը հայտնի է ոչ միայն արաբական աշխարհում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Բացի տարբեր ծրագրեր, գրքեր եւ միջազգային կոնֆերանսներ հովանավորելուց, կենտրոնը պարբերաբար կազմակերպում է դասախոսություններ եւ գիտաժողովներ, որոնց մասնակցում են հայտնի գիտնականներ եւ աշխարհահռչակ քաղաքական գործիչներ, որոնցից են, օրինակ, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթը, ինչպես նաեւ արաբական ու եվրոպական պետությունների ղեկավարներ եւ դիվանագետներ։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ջանքերով նույն կենտրոնում դասախոսություններով հանդես են եկել նաեւ ՀՀ գիտաքաղաքական տարբեր գործիչներ, այդ թվումՙ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ռուբեն Շուգարյանը, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը եւ այլք։
Դեսպան Արշակ Փոլադյանի «Իսլամ. կրոն եւ պետություն (Արաբական խալիֆայությունում իսլամի տարածման մեթոդների եւ փուլերի շուրջ)» նոր մենագրությունը անկասկած այսօր չափազանց արդիական է եւ ունի բավական մեծ օգտակարություն։ Գրքում հեղինակը խոսում է Արաբական խալիֆայության ստեղծման գործում իսլամի դերի, Արաբական կայսրության կայացման եւ իսլամի տարածման ժամանակաշրջանների, ինչպես նաեւ նվաճված երկրների ազգաբնակչության կողմից իսլամի ընդունման գործոնների վերաբերյալ։
2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած սարսափազդու ահաբեկչական գործողություններից հետո սկսեցին ավելի շատ հետաքրքրվել համաշխարհային այդ կրոնով եւ դրա գաղափարախոսությամբ, մասնավորապես Արեւմուտքում թյուր կարծիք ձեւավորվեց, թե իսլամը ահաբեկչություն ծնող կրոն է, սկսվեցին նրա սկզբունքների եւ գաղափարախոսության մեկնաբանումն ու նրա հակամարտ էության կեղծ հիմնավորումը, ինչն անտեղի կրքեր բորբոքեց իսլամի (բառացիորեն նշանակում է հնազանդություն) հարյուր միլիոնավոր հետեւորդների մեջ ամբողջ աշխարհում։ Նմանատիպ կարծիքներն ու եզրահանգումները զուրկ են գիտական որեւէ հիմնավորումից։ Իսլամի, նրա իրական սկզբունքների ու գաղափարախոսության, ստեղծման ու տարածման, Արաբական խալիֆայության կազմավորման ու հզորացման գործում նրա ունեցած հսկայական դերի, պատմության ընթացքում քրիստոնեության հետ նրա հարաբերությունների եւ այսօր թե գիտնականներին, թե քաղաքական ու մշակութային գործիչներին հետաքրքրող բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ ընթերցողը կգտնի Ա. Փոլադյանի նոր գրքում։
«Իսլամը եւ նրա դերը արաբական պետության ստեղծման գործում» վերնագրված առաջին գլխում հեղինակը նշում է իսլամի մեծ դերը ոչ միայն արաբական հզոր պետության ստեղծման, այլեւՙ արաբական ցեղերի միավորման եւ որպես ազգի ձեւավորման, ինչպես նաեւ իսլամի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի հսկայական առաքելությանՙ արաբների ազգային ոգու վերածնման գործում։ Մինչ իսլամի երեւան գալը Արաբական թերակղզին մասնատված եւ տնտեսապես թույլ զարգացած տարածաշրջան էր, որտեղ բազմաթիվ քոչվոր ցեղեր պատերազմներ էին մղում միմյանց դեմՙ բնակության համար առավել նպաստավոր վայրերի տիրանալու համար։ Արաբական թերակղզու մասնատվածությունը նպաստավոր հող էր ստեղծում օտար հզոր պետություններին իրենց նվաճողական ծրագրերն իրականացնելու համար։ Մուհամմեդ մարգարեի եւ նրա ստեղծած կրոնի շնորհիվ հաջողվեց միավորել արաբական ցեղերին եւ հիմնադրել արաբական պետություն, որը հետագայում կոչվեց խալիֆայություն։
«Արաբական կայսրության կայացումը եւ իսլամի տարածումը» երկրորդ գլխում հեղինակը նկարագրում է Արաբական խալիֆայության տարածքների ընդլայնման եւ իսլամի տարածման գործընթացը։ Մուհամմեդ մարգարեի մահից հետո առաջնահերթ խնդիր էր դարձել պետության տարածքների ընդլայնումը եւ այնպիսի պայմանների ստեղծումը, որը կհանգեցներ նվաճված երկրների ազգաբնակչության կողմից իսլամական կրոնի ընդունմանը ոչ բռնի մեթոդներով։ Այս առաքելությունը բաժին ընկավ այսպես կոչված արդարադատ խալիֆներինՙ Աբու Բաքրին, Օմար իբն ալ-Խատաբին, Օսմանին եւ Ալի իբն Աբու Տալիբին։ Այս ժամանակաշրջանում սկսեցին այսպես կոչված արաբական արշավանքները, որոնց հետեւանքով գրավվեցին հսկայական տարածքներՙ Աֆղանստանից մինչեւ Հյուսիսային Աֆրիկա եւ Անդալուզիաՙ Հարավային Իսպանիա։ 8-րդ դարի կեսերից սկսած արաբերենը լայն տարածում է ստանում ամբողջ կայսրությունում եւ դառնում խալիֆայության պաշտոնական գրագրության լեզու։
«Նվաճումների մեթոդները եւ իսլամի տարածման ժամանակաշրջանները» երրորդ գլխում հեղինակը գրում է իսլամի տարածման մեթոդների եւ եղանակների մասին։ Արաբների կողմից հարակից երկրների նվաճումները տեղի էին ունենում երկու հայտնի ձեւովՙ «ունվաթան» («բռնի») եւ «սուլհան» («խաղաղ»)։ Նվաճված երկրների ազգաբնակչությունից գանձվում էր հիմնականում երկու տեսակի հարկ. «ջիզյա», այսինքնՙ գլխահարկ, եւ խարաջՙ հողահարկ։ Եթե նվաճվող երկրի կառավարիչը կնքում էր հաշտություն, իսկ բնակչությունը խաղաղ ճանապարհով ընդունում էր նոր կրոնըՙ իսլամը, ապա ազատվում էր գլխահարկից։
«Իսլամի ճանաչման գործոնները» չորրորդ գլխում հեղինակը հանգամանալից խոսում է իսլամական կրոնի էության, նրա գաղափարախոսության եւ սկզբունքների մասին։ Իսլամը որպես կրոնական գաղափարախոսություն սկսեց համատարած ընդունել խալիֆայության գրեթե բոլոր նահանգների բնակչությունը։ Իր կենսունակության շնորհիվ այն կարողացավ դուրս մղել զրադաշտականությանը եւ տեղական այլ կրոններին ու հավատալիքներին։
Աշխատությունը պրոֆեսոր Ա. Փոլադյանի երկար տարիների գիտական ուսումնասիրությունների արդյունք է։ Գրքում օգտագործվել են ինչպես հայտնի արեւմտյան եւ արաբական միջնադարյան պատմիչների աշխատություններ եւ սկզբնաղբյուրներ, այնպես էլ հայերեն եւ ռուսերեն արժեքավոր ուսումնասիրություններ։
Ա. Փոլադյանը Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների եւ երկրի գործող դիվանագիտական անձնակազմի շրջանակներում հայտնի է որպես արաբագետ եւ արաբական աշխարհի պատմության ու մշակույթի, ինչպես նաեւ իսլամի գաղափարախոսության հիանալի գիտակ, ինչն իրապես զգալի չափով նպաստում է տարածաշրջանում ՀՀ դիվանագիտության հաջողություններին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը։
ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտ