«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2003-08-22 | #150, 2003-08-23 | #151, 2003-08-26


ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՓԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՊԱՏԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ

Փակ տարածքներում գեոպաթոգեն (ախտածին) օջախների եւ բնակչության վրա դրանց ազդեցության ուսումնասիրմամբ այսօր Հայաստանում զբաղվում է գիտական մեծ խումբՙ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Լեւոն Արարատյանի եւ երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Սաղաթելյանի ղեկավարությամբ։ Գիտական խմբում ընդգրկված են այն բոլոր անձինք, ում մասնագիտությունն այս կամ այն չափով առնչվում է ուսումնասիրվող խնդրին։ Երկար ժամանակ գիտնականների մեծամասնությունը թերահավատությամբ էր վերաբերվում պրոբլեմին այն իմաստով, որ դրա գոյությունը ներկայացվում էր մի տեսակ վերացականորեն, լոկ տեսական կտրվածքով, բայց գործնականում հիմա էլ չկա որեւէ սարք եւ սարքավորում, որի միջոցով հնարավոր լինի չափել ճառագայթման հետեւանքով ձեւավորված էներգետիկ նուրբ դաշտը։

Ապացուցված է, որ քաղցկեղի եւ ընդհանրապես ուռուցքային հիվանդությունների առաջացումը մեծապես կապվում է այդ գոտիների առկայության հետ տվյալ տարածքում։ Բնակարաններում ախտածին ցանցերը տարածվում են գլխավորապես պատերին զուգահեռ, թեեւ բնության մեջ երբեւէ չեն շեղվումՙ ուղղվելով հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք։ Վտանգավոր են հատկապես սրանց խաչման հանգույցները, որոնք սովորաբար 30-40 սմ լայնություն են ունենում։ Սովորական աչքի համար աներեւույթ էներգետիկ այդ գունագեղ զսպանակները, այնուամենայնիվ, տեսանելի են որոշ մարդկանց, այսպես կոչված էքստրասենսներին, բայց նրանց վկայաբերումները, իբրեւ սուբյեկտիվ գործոն, գիտական լուրջ ուսումնասիրությունների համար վստահելի հիմք չեն համարվում։ Առայժմ ողջ աշխարհում չկա համապատասխան սարք, որը նկատի էներգիայի արտազատումները։ Գեոպաթոգեն գոտիների հայտնաբերման միակ մեթոդը բիոլոկացիոն եղանակն է պարզ սարքի միջոցով, որն այս գոտում հայտնվելով, անմիջապես շեղվում է։ Այս եղանակն առաջին անգամ կիրառել են Ամերիկայի գաղութարարները, երբ փորձում էին ստորերկրյա խորություններում հայտնաբերել խմելու ջրով տարածքները։ Այժմ արտասովոր այս պրոբլեմով զբաղվող հայ գիտնականների խումբը աշխատում է նոր սարքավորման ստեղծման վրա, որի միջոցով հնարավոր կլինի նաեւ չափել այդ գոտիները։ Պարզել, թե ինչ բաղադրիչներից են կազմված այս ճառագայթումները, որ տեսակի ազդեցությունն է առավել վտանգավոր, որ պահին եւ ինչպես են փոխվում ճառագայթող ալիքների տարածման արագությունն ու հաճախականությունը։ Առաջին փորձերն արդեն արվել են, եւ բավական հուսադրող արդյունքներ կան։ Աշխարհում առաջինը հայ գիտնականներին է հաջողվել լուսանկարել այդ գոտիները, դրանցից արտազատվող ճառագայթումները։ Այդ սարքավորման ստեղծման պատիվը պատկանում է տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Աղբալյանին։ Այժմ գիտական խմբի գերխնդիրն է հայտնագործել այնպիսի սարքավորում, որի միջոցով հնարավոր լինի չափել այդ ֆիզիկական երեւույթը, որի գոյությունը վաղուց ապացուցվել է։

Երկրաախտածին գոտիների ազդեցության միջավայրը ավելի լայն է եւ դուրս է գալիս փակ բնակարանի պատերից։ Ոչ դեղորայքը, ոչ հատկապես դոնորական արյունը չպետք է պահվեն ախտածին գոտիներում։ Ըստ Էմմա Սաղաթելյանի, էլեկտրամագնիսական ճառագայթումները ազդում են նաեւ տեխնիկական սարքավորումների վրա եւ ժամանակի ընթացքում նույնիսկ մեծ աղետների պատճառ կարող են դառնալ։ Չեռնոբիլի ատոմակայանում վթարի վարկածներից մեկն էլ կապվում է վթարված էներգաբլոկի տեղակայման տարածքում գեոպաթոգեն գոտիների առկայության հետ։

Վաղուց արդեն ապացուցվել է, որ դրանք բացասաբար են ազդում հենց անմիջականորեն շենքերի ու շինությունների, նաեւ բույսերի աճի ու զարգացման վրա։ Սանկտ Պետերբուրգում, դեռեւս Պետրոս Առաջինի գահակալության ժամանակ, որեւէ շինություն կառուցելուց առաջ այդ տեղում մսի կտորներ էին կախում։ Որտեղ միսը շուտ էր փտում, այդ տարածքում շինություն չէր կառուցվում, որովհետեւ համոզված էին, որ կրում է վտանգավոր ճառագայթման ընթացքում դուրս հոսող վնասակար բակտերիաների ներգործությունը։ Դրանք ազդում են շինարարական նյութերի որակի վրաՙ նպաստելով դրանց արագ քայքայմանը։ Դրանց ազդեցության գոտում հայտնված ծառն ու բույսն արագ չորանում են, ինչքան էլ լավ խնամես նրանց։ Եվ հակառակը, կան նաեւ բուսատեսակներ, որոնք էներգաակտիվ տարածքում լավ են աճում։ Այս իմաստով, գեոպաթոգեն գոտիների վերաբերյալ իրազեկությունը խիստ անհրաժեշտ է նաեւ գյուղատնտես մասնագետներին, իմանալու, թե որ տարածքում ինչ է նախընտրելի ցանել։

Լեւոն Արարատյանի համոզմամբ, ախտածին գոտիների այս տեսակիՙ այսպես ասած տեղային օջախների առաջացումը կապված է երկրակեղեւի խզվածքների ու ճեղքվածքների, դատարկությունների, ստորերկրյա ջրերի առկայության հետ։ Ոչ վաղ անցյալում Լենինգրադում, օրինակ, քաղաքի երկրաախտածին տեղանքները քարտեզագրվել են։ Խնդիրը առաջնային է նաեւ մեզ համար, որովհետեւ Հայաստանը իբրեւ սեյսմակտիվ տարածք, գտնվում է հենց այս կարգի խզվածքների վրա։ Որպես կանոն, սեյսմակտիվությանը զուգահեռ ակտիվանում է նաեւ ճառագայթման մակարդակը։ Երկրորդ կարգի ախտածին գոտիներն անվանվել են գրոբալ, վանդակավոր ցանցեր։ Սրանք ամենուր են տարածված, եւ, ցավոք, առայժմ նույնիսկ հայտնի չէ, թե որտեղից են առաջանում։ Հնարավոր չէ նաեւ իրականությանը մոտ կանխատեսումներ անել, թե տվյալ տեղանքում կա՞ն դրանք։ Եթե շենքը կառուցվել է տեղային գոտու վրա, իսկ բնակարանի ներսում մահճակալը տեղադրված է խաչման ցանցի վրա, ապա երկու գոտիների միաժամանակյա ազդեցության գրոհին ենթակա, տարիներ այդ մահճակալին քնող մարդու հիվանդանալու հավանականությունը կասկածի տեղիք չի տալիս գիտնականներին։ Ախտածին ներգործությունն ուժգնանում է, երբ խաչվում են միանգամից 2-3 գոտիներ, եւ մարդը կարող է հանկարծակի հիվանդանալ 1-2 տարվա ընթացքում։

Ավստրիացի գիտնականների նախաձեռնությամբ 14 երկրներում ուսումնասիրվել է գեոպաթոգեն գոտիների ներգործությունը 11 հազար մարդու վրաՙ սկսած 1-2 տարեկան երեխաներից մինչեւ տարեց մարդիկ։ Հետազոտությանը տրամադրվել է 400 հազար մարկ։ Պարզաբանել են, օրինակ, որ այն երեխաները, ովքեր դաս են պատրաստում ախտածին գոտիներում, ավելի դժվարընկալունակ են։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են գեոպաթոգեն գոտում, նվազ արդյունավետություն են ցուցաբերում։ Հետաքրքրական է, որ ըստ դիտարկումների նույնիսկ նորածին երեխան օրորոցում զգում է դրանց առկայությունը եւ խիստ անհանգիստ է լինումՙ բնազդաբար փորձելով դուրս պրծնել վտանգավոր օջախից։ Հոգեկան ու ֆիզիկական անհարմարության սուր զգացումներ են ունենում նաեւ մեծահասակները, ովքեր քնում են ճառագայթների խաչման գոտում տեղադրված մահճակալի վրա։ Եվ վերջապես ժողովրդական իմաստությունը դարեր առաջ նույնպես ենթագիտակցորեն արձանագրել է իրողությունը։ Հիվանդ մարդուն մշտապես առաջարկել են «բարձի տեղը փոխել»։ Ուսումնասիրվել է նաեւ վտանգավոր ճառագայթումների ազդեցությունը կենդանիների վրա։ Հետաքրքրական իրողություն է պարզվել. կատուները սիրում են նստել հենց այս տարածքներում։ Հակառակը, դրական գոտիներ են համարվում այն օջախները, որոնք նախընտրում են շները։ Հին Ռուսաստանում նոր տան կառուցումն ավարտելուց հետո առաջին գիշերը շանը թողնում էին տան ներսում, եւ ըստ այդմ որոշում մահճակալների տեղը։ Այսինքն եւ շները, եւ կատուները բիոլոկացիոն ունակություններ ունեն։

Ըստ ռադիացիոն բժշկության մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածու Արտավազդ Պետրոսյանի, մարդը կարող է գտնվել ճառագայթային գրեթե մահացու չափաքանակի ներգործության տակ եւ ամենեւին տեղյակ չլինել, քանի որ անմիջական արտահայտությունը սովորաբար շատ թույլ է լինում։ Մարդկային օրգանիզմը զուրկ է այն զգայարանից, որն անմիջապես պիտի ահազանգի այդ մասին։ Ճառագայթումներիՙ ժամանակի ընթացքում աստիճանաբար ահագնացող գումարային ազդեցությունը առավել արագ ու ավերիչ է գործում, եթե տվյալ տարածքում ճառագայթման ուժգնությունը մեծ է, իսկ նրա թիրախ դարձած մարդկային օրգանիզմը թույլ ու ցածր դիմադրողականություն ունի։ Ուռուցքաբանության ինստիտուտի եւ ուֆոլոգիական խնդիրներով զբաղվող գիտական խմբի համատեղ ուսումնասիրությունների տվյալներով, խրոնիկական հիվանդությունների 86 եւ քաղցկեղով հիվանդացածության դեպքերի 90 տոկոսի առաջացման հիմնական գործոնը գեոպաթոգեն գոտիներն են։ 128 հետազոտված, քաղցկեղով հիվանդ մարդկանցից 77-ի հիվանդության պատճառը կապված է եղել գեոպաթոգեն գոտիների հետ։ Ընդ որում, 88 տոկոսի դեպքումՙ պատճառ դարձել են քնատեղերը, 10-12 տոկոսի դեպքումՙ նստատեղերը։ Իբրեւ ակնհայտ օրինակ, գիտական խմբի անդամները վկայաբերում են տարիներ առաջ մեր երկրաբանության ինստիտուտում կատարված դեպքերը, երբ 2-3 տարվա ընթացքում մեկը մյուսի հետեւից մահացան ինստիտուտի սեկտորի վարիչն ու նրան փոխարինողները։ Երեքն էլ նստում էին նույն տեղում, երեքն էլ մահացան քաղցկեղից։ Ռուսաստանի Պետական դումայի էկոլոգիայի կոմիտեի նախագահ Իլյա Չեռնոզուբովի կարծիքով, բոլոր խրոնիկական հիվանդությունների մոտ 40-50 տոկոսը պայմանավորված է ախտածին գոտիների առկայությամբ։

Որ երեւույթը կա, անժխտելի է։ Սակայն առայժմ Հայաստանի համար սա լոկ ֆանտաստիկ, երեւակայական ոլորտի խնդիր է, որի առկայությանը գուցե եւ շատերը հավատում են, բայց այս ուղղությամբ նախնական հետազոտությունները շինհրապարակներում, բնակարաններում ու գյուղատնտեսական աշխատանքներ ձեռնարկելիս առայժմ եւ շռայլություն են թվում, եւ պետության միջոցներն են անբավարար։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4