«Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնում իրենց մրցավեճն ավարտեցին բասկետբոլի կանանց եւ տղամարդկանց մրցաշարերի մասնակիցները։ Թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց մրցաշարերում ոսկե մեդալների համար մրցավեճի բռնվեցին Երեւանի ու Գլենդեյլի թիմերը։ Եվ եթե կանանց մրցապայքարում սուր մրցակցություն չծավալվեց, քանի որ երեւանցի մարզուհիները խաղային բոլոր առումներով գերազանցեցին մրցակցին (87-59) ու հռչակվեցին չեմպիոն, ապա այլ էր պատկերը տղամարդկանց մրցաշարում։ Այստեղ ոսկե մեդալների համար բավական համառ ու անզիջում պայքար ծավալվեց, ինչն ավարտվեց դրամատիկ ելքով։ Առաջին երկու խաղափուլերում գրեթե հավասար պայքար էր ընթանում եւ միավորների տարբերությունը մեծ չէր։ Սակայն 2-րդ խաղափուլի ավարտին երեւանցիները կարողացան 10 միավորի առավելություն ստանալ։ Բայց հետագայում ամերիկահայ բասկետբոլիստներն ակտիվության եւ տուգանային հաջող հարվածների շնորհիվ նախ հավասարեցրին հաշիվը (65-65), ապա եւ առաջ անցան։ Խաղավարտից 9 վրկ առաջ երեւանցիները մրցակցին զիջում էին 83-86 հաշվով։ Եվ ահա, վերջին գրոհն ավարտվում է 3 միավորանոց նետումովՙ 86-86։ Հաղթողին որոշելու համար նշանակված լրացուցիչ ժամանակում Գլենդեյլի բասկետբոլիստներն ի վերջո հասան հաղթանակիՙ 97-92։