«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2003-08-22 | #150, 2003-08-23 | #151, 2003-08-26


ՉԵՄՊԻՈՆԸ ՈՐՈՇՎԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ

Համահայկական 3-րդ խաղերի չեմպիոնի կոչման համար համառ պայքար էր ծավալվել շախմատի տղամարդկանց մրցաշարում։ Վերջին տուրից առաջ աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում էին վանաձորցի Դավիթ Պետրոսյանն ու սիսիանցի Վարդան Մովսիսյանը։ Վերջինս կրում էր Համահայկական առաջին խաղերի չեմպիոնի կոչումը եւ լի էր վճռականությամբ կրկնելու հաջողությունը։ Ավարտական տուրում էլ առաջատարները հերթական հաղթանակները տոնեցինՙ համապատասխանաբար պարտության մատնելով գյումրեցի Հարություն Մովսիսյանին ու երեւանցի Վարդան Դանիելյանին։ Արդյունքում Պետրոսյանն ու Մովսիսյանը վաստակեցին 6,5-ական միավոր։ Հետաքրքրական է, որ միակ ոչ-ոքի արդյունքը նրանց անցկացրած 7 պարտիաներից գրանցվել էր միայն միմյանց միջեւ անցկացված մրցախաղում։ Համահայկական 3-րդ խաղերի չեմպիոնին որոշեց առաջատարների միջեւ արագ շախմատի կանոններով անցկացված 3 պարտիան։ Հաղթելով 1,5-0,5 հաշվով, Դավիթ Պետրոսյանը հռչակվեց չեմպիոն։ Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Տիգրան Ա. Պետրոսյանըՙ 5,5 միավոր։ Սփյուռքահայ շախմատիստներից լավագույնը թեհրանցի Համլետ Թումանյանն էրՙ (5 միավոր), որը զբաղեցրեց 6-րդ տեղը։ Մրցանակակիր եռյակը պարգեւատրվեց մեդալներով ու գավաթներով, իսկ 4-6-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներին պատվոգրեր հանձնվեցին։ Նշենք, որ շախմատի տղամարդկանց մրցաշարին մասնակցեց 67 շախմատիստ։

Կանանց մրցաշարում չեմպիոնուհու տիտղոսի համար մրցավեճի էին բռնվել 25 շախմատիստուհիներ։ Բոլորից հաջող հանդես եկան երեւանցիներ Անի եւ Նունե Դարբինյան քույրերը։ Անին 6 միավորով նվաճեց չեմպիոնուհու կոչումը, իսկ Նունեն, նրանից հետ մնալով կես միավորով, արժանացավ արծաթե մեդալի։ Բրոնզը բաժին հասավ երեւանցի Սաթենիկ Ալթունյանին (5 միավոր)։ Սփյուռքահայ շախմատիստուհիներից 4,5-ական միավորով 5-8-րդ տեղերը բաժանեցին Երազիկ Խաչատրյանը, Անետ Ազատխանյանը (երկուսն էլՙ Թեհրան) եւ Բիայնա Կիրակոսյանը (Ուպսալա)։ Վերջինս բնակվում է Հոլանդիայում եւ այդ երկրի մինչեւ 16 տարեկանների չեմպիոնուհին է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4