Ինչպես եւ թիմային պայքարում, սեղանի թենիսի անհատական մրցումներում էլ մրցակցությունից դուրս էին Ռուսաստանի ներկայացուցիչները, հատկապես մոսկվացի թենիսիստները։
Կանանց զուգախաղերի եզրափակիչում չեմպիոնուհու կոչումը վիճարկեցին Գալինա Մկրտումյան-Քրիստինա Նազարյան մոսկովյան զույգն ու Աննա Պողոսյան-Լուիզա Նազարյան երեւանյան երկյակը։ Առաջին չորս խաղափուլերից հետո հաշիվը հավասար էրՙ 2-2։ Ամեն ինչ վճռեց 5-րդ խաղափուլը, որը տեւեց 40 րոպե։ Ի վերջո, հաջողությունն ուղեկցեց մոսկովյան զույգին։ Հենց մոսկվացի այս թենիսիստուհիներն էլ ոսկե մեդալների համար պայքարում հանդիպեցին մենախաղում։ Այստեղ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ եղավ անցկացնել 7 խաղափուլ։ 5 խաղափուլից հետո 3-2 հաշվով հաղթում էր Գալինան, սակայն նրան չհաջողվեց վճռորոշ հարվածը հասցնել հաջորդ խաղափուլում։ Քրիստինա Նազարյանը հավասարեցրեց հաշիվը։ Վճռորոշՙ 7-րդ խաղափուլը շահելով 11-8 հաշվով, Գալինա Մկրտումյանը հռչակվեց խաղերի չեմպիոնուհի։
Տղամարդկանց զուգախաղում մոսկվացի Վիտալի Սարկիսովն ու Սոչիի ներկայացուցիչ Էդգար Ավակունին համառ մրցապայքարում 3-2 հաշվով հաղթեցին Դավիթ Սարգսյան-Արթուր Գրիգորեւ զույգին եւ նվաճեցին չեմպիոնի կոչումը։
Համառ պայքար էր սպասվում նաեւ մենախաղում, որտեղ ոսկե մեդալների համար մրցավեճի էին բռնվել մոսկովյան նույն ակումբում հանդես եկող Դավիթ Սարգսյանն ու Վիտալի Սարկիսովը։ Սակայն սպասված մրցակցությունը չստացվեց։ Սարգսյանը հաղթեց 4-1 հաշվով։