«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2003-08-22 | #150, 2003-08-23 | #151, 2003-08-26


ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՊՏՈՒՂ ԾԱՌԸ

Եթե այդ ծառը չինովնիկներն են «խնամում»

«Ձայն եմ խնդրում» կինոնկարում հանրահայտ կինոդերասանուհի Ինա Չուրիկովանՙ քաղսովետի նախագահի դերակատարը, իր հերոսուհու անունից ասում էր. «Եթե փականագործն է վատ աշխատում, նրան են հայհոյում, իսկ եթե մենք ենք վատ աշխատում, հայհոյում են պետությանը»։

Այսօր Հայաստանում փականագործին չեն հայհոյում, այսօր Հայաստանում պետությանն են հայհոյում։ Եվ շատերը։ Ինչո՞ւ։ Բազում ինչուներից փաստենք միայն մեկը։

Չգիտես ում մտքի փայլատակումով հանկարծ որոշեցին բնակարանների, առանձնատների մի քանի տարի առաջվա սեփականաշնորհման փաստաթղթերը փոխարինել նորերով։ Դարձյալՙ ինչո՞ւ։ Ո՞րն է նպատակը։ Իմ այս հարցին, թե արժե՞ր արդյոք միայն նորացնելու համար այդքան միջոցներ, աշխատուժ, ժամանակ ու մարդկանց նյարդեր քայքայել, անշարժ գույքի կադաստրի պետկոմի Նոր Նորքի տարածքային բաժնի պետի տեղակալ պրն Ջաղացպանյանն ու աշխատակից պրն Ռոբերտը սառը նետեցինՙ հարցրեք պետությանը...

Թե որքան միջոցներ ներդրվեցին դրանում, որքան աշխատանք ծախսվեց, որքան մարդկանց նյարդահոգեբանական իրավիճակ պարպվեց, դեռեւս հայտնի չէ, քանզի այն շարունակվում է։ Ինչեւէ, եթե նույնիսկ ընդունենք, որ դա իրոք անհրաժեշտություն էրՙ պատճառաբանված պետական շահերով կամ առավել եւսՙ մարդու իրավունքներով, գուցե ասենՙ մատաղդ ընդունելի լինի... Բայց որ դա փորձանք եղավ շատ-շատերի համար, նույնիսկ իրենքՙ կադաստրի աշխատակիցները, անհարմարության աստիճան ամաչելով, կհաստատեն։

Քաղաքացին մարտ ամսին ներկայանում է Նոր Նորքի տարածքային բաժինՙ ստանալու արդեն պատրաստված-ավարտված (ըստ իրենց) փաստաթուղթը։ Չկա՛։ Խորհրդատվությունՙ եկեք մեկ շաբաթից։ Մեկ շաբաթից էլ չկա։ Եկեք մեկ ամսից։ Դա էլ չկա։ Եվ այսպեսՙ մեկ շաբաթից մինչեւ օգոստոսՙ 6 ամսից ավելի։ Դարձյալ չկա։

Կասկած չունեմ, որ նման կամ նմանատիպ իրավիճակ է նաեւ մյուս համայնքներում։ Չեմ կասկածում նաեւ, որ նման եւ ավելի վատ չինովնիկներ կան հասարակարգ փոխած Հայաստանի շատ ու շատ հիմնարկություններում։ Առիթի բերումով դժբախտություն եմ ունեցել հաճախակի շփվելու այդպիսի շատ մարդկանցՙ բարձրագույն ատյաններից սկսած... Նշանակում է համատարած հիվանդություն է, որն ախտորոշված է, բայց բուժման միջոց դեռեւս չկա։

Եվրոպական, նույնիսկ համաշխարհային շատ կազմակերպությունների անդամ ենք, ընդունել ենք եվրոպական, նույնիսկ ամերիկյան «օրիենտացիան»ՙ կողմնորոշումը։ Շատ հարցերում էլ պարտավորություններ ենք վերցրել։ Ուզում ենք նմանվել նրանց։ Բայց մեր շատ աշխատողների ու չինովնիկների աշխատաոճն ու արմատացած տհասությունը թո՞ւյլ են տալիս դրանք։ Նրանց մոտ րոպեների ընթացքում լուծում են փաստաթղթային դժվարին շատ հարցեր։ Իսկ մեզ մո՞տ։ Րոպեներ եւ վեց ամիս։ Համեմատության եզրեր կա՞ն։ Մեզ որքա՞ն ժամանակ է պետքՙ վազելով նրանց հետեւից հասնելու համար։ Մի կյանքը կբավարարի՞։ Եթե այսպես...

Եթե մեզանում չինովնիկըՙ իշխանության ներկայացուցիչը, այդպես անմարդկայնորեն է վարվում բարոյականությամբ ու հոգեկերտվածքով իրենից ավելի վեր կանգնած մարդու հետ, տվյալ անձը ո՞ւմ կհայհոյի։ Դարձյալՙ ինչո՞ւ։ Որովհետեւ, իբր թե օրենք կա, մարդու իրավունքներ կան, բայց օրինականություն ու բարոյականություն չկա։ Եթե դրանք լինեինՙ վեց ամիս մարդուն տանել-բերելով տանջահար չէին անի, եթե դրանք լինեինՙ մեկ ուրիշ դեպքում քրեորեն պատժելի արարքն անհետեւանք չէր մնա ու կասեցվի, եթե դրանք լինեին... Եթե լինեին... շատ ու շատ հարցեր ժամանակին կլուծվեին, շատ ու շատ մարդիկ էլ կպատժվեին իրենց արածի եւ, ինչու չէ, նաեւ չարածի համար։

Այս պարագայում մարդն ի՞նչ կմտածի չինովնիկի, իշխանավորի, պետության ու ժողովրդավարության մասին։ Արտասահմանցի մեկ-երկու բարձրաստիճան պաշտոնավարի կոնյակ խմեցնելով Հայաստանի ժողովրդավարության ուղին բռնելու մասին բանավոր փաստելը դեռեւս ժողովրդավարություն չէ։ Իսկական ժողովրդավարությունը, դրա կայացումը ինքըՙ ժողովուրդը, պետք է արձանագրի։ Իսկ քանի դեռ չկան մարդու իրավունքների, դրա պաշտպանության մասին օրենսդրական ու պետական հոգածություն, քանի դեռ մարդը պաշտպանված չէ ամբողջապես, որտեղ էլ լինի, անբարոյական է ժողովրդավարության մասին խոսելը։

Հայաստանի Հանրապետության սահմանադրության 9 գլուխների 117 հոդվածների 80 տոկոսը, մեր կարծիքով, հիմնականում պետք է վերաբերեր մարդու իրավունքներին, իսկ մյուսները, գրագետ եւ սեղմ շարադրմամբ, մնացած 8 գլուխներին։ Ժողովրդավարության սցենարը հաջողությամբ բեմադրելու համար, կարծում եմ, մարդու իրավունքներին վերաբերող յուրաքանչյուր հոդված, թեկուզ այսօրվա շարադրվածը, անպայման պետք է իրականացվի նրա սկզբունքին խիստ համապատասխան, մարդու հոգեբանական վիճակի, արժանապատվության, սոցիալական պաշտպանվածության եւ կյանքի անվտանգության համար պետք է պատասխանատու լինեն հանրապետության նախագահից մինչեւ վերջին պաշտոնյան։

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4