«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2003-08-22 | #150, 2003-08-23 | #151, 2003-08-26


ԱՌԱՏ ՑՈՐԵՆՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՉԷԺԱՆԱՑՐԵՑ ՀԱՑԸ

Այս տարի ԼՂՀ-ում արտադրվել է ավելի քան 70.000 տոննա հացահատիկ, որը ռեկորդային կարելի է համարել Արցախի անկախության ողջ ժամանակաշրջանում։ Ստացված բերքից 40.000 տոննա հացահատիկ արդեն արտահանվել է հայաստանյան շուկա, որը շուրջ 4 միլիարդ դրամի եկամուտ է բերել ԼՂՀ-ին։

Եթե հենվենք զուտ պաշտոնական տվյալների վրա, ապա պիտի ենթադրել, որ այս տարի էժան հացի առատություն է լինելու Արցախում։ Մինչդեռ ամռան ընթացքում արդեն երկրորդ անգամ հացը թանկանում է այստեղ։ Առաջին ճգնաժամը եղել է հունիսի 1-ին, որը հարթվել է ԼՂՀ կառավարության միջամտությամբ։ Այն ժամանակ գործադիրը հացարտադրողների հետ հացի գներն իջեցնելու գործնական պայմանավորվածություն էր ձեռք բերել։ Այս հիմամբՙ օգոստոսի 12-ից 10 դրամով հացի թանկացումը ոչ մի հիմնավորված պատճառաբանում չուներ։ Երեւույթն աննախադեպ է նաեւ այն առումով, որ հանրապետությունում տիրող հացահատիկային բումը միայն էժանացում էր ակնկալում հացի շուկայում։ Ո՞րն է այս տրամաբանական եզրահանգման անտրամաբանական հետեւանքի էությունը։ Իսկ ավելի կոնկրետՙ ալյուրի գնի անփոփոխության պայմաններում ի՞նչն է ստիպել հացարտադրողներին թանկացնել հացը, խախտելով կառավարության հետ պայմանավորվածությունը։

Օրերս կառավարությունում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունը թերեւս որոշակի լույս է սփռում խնդրի տակտիկական ուղղվածության վրա։ Համենայն դեպս, խորհրդակցության ժամանակ խիստ շեշտադրումներով ընդգծվել է, որ Ստեփանակերտում եւ շրջաններում վաճառվող հացը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին, հացաթխման արտադրամասերում չեն ապահովվում սանիտարահիգիենիկ պայմանները, հացը տեղափոխվում է ոչ պատշաճ փոխադրամիջոցներով եւ այլն։ Ընդ որում, լրագրողների հետ զրույցում ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը դժգոհություն է հայտնել նաեւ հացաթխման արտադրամասերում եւ առհասարակ կենցաղում օգտագործվող թուրքական արտադրության խմորիչների որակից, ակնարկելով առաջիկայում Արցախում խմորիչների արտադրամաս բացելու մտադրության մասին։

Այսօր Ստեփանակերտում, ըստ հանրապետական համաճարակային ծառայության գլխավոր բժիշկ Արինա Հարությունյանի, սանիտարական նորմերի խախտմամբ գործում է 13 հացի արտադրամաս։ Խոսքը վերաբերում է հաց թխող այն ձեռնարկություններին, որոնք տեղադրված են բնակելի շենքերի տարածքներումՙ նկուղներում կամ էլ առաջին հարկերում։ Ընթացիկ տարում հակահամաճարակային ծառայությունը երկու անգամ ստուգումներ է կազմակերպել մայրաքաղաքում եւ շրջաններում գործող հացարտադրման ձեռնարկություններում, որոնց արդյունքներով եղել են միայն նախազգուշացումներ հացի փռերի տերերին։ Իսկ օգոստոսի 21-ին կայացած խորհրդակցությունում վարչապետի հանձնարարությունը, հացի թանկացման կապակցությամբ, խստապահանջ բնույթ ուներՙ պարբերաբար ստուգումներ կատարել եւ ընդհուպ նաեւ փակել հացաթխման այն արտադրամասերը, որոնք չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին։ Խստացված ստուգումներ կատարելու հանձնարարություն է ստացել նաեւ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման կենտրոնի պետը։ Այս տեսանկյունից, երեւի, առաջիկայում կփակվի Ստեփանակերտում գործող 32 հացի փռերի մի զգալի մասը։ Նույնը նաեւՙ շրջաններում։ Ասել է թե ոչ հեռու ապագայում, հացի ոլորտում, այս կերպ տեղի է ունենալու յուրօրինակ մոնոպոլիզացիա։

ԼՂՀ-ում արտադրվող հացահատիկը մեծմասամբ կենտրոնացված է առավել խոշոր հողատերերի ձեռքին։ Վերջերս Ստեփանակերտի հացի գործարանի կողմից «Ալրաղաց գործարան» ՊՓԲԸ-ն սեփականաշնորհելու փաստը հիմք է տալիս ենթադրելու, որ հացարտադրման ոլորտը մենաշնորհելու միտումն առկա է։ Այն փաստը նաեւ, որ հացի գործարանի ղեկավարությունը խոստացել է ամեն պարագայում հացը չթանկացնել, հնարավորություն է տալիս կառավարությանըՙ շրջանցել հացի շուկայի գնային տատանումների հետ կապված հնարավոր գլխացավանքները։

Ի դեպ, նույն այս գործարանը դեռեւս խորհրդային տարիներին միայնակ ապահովում էր Ստեփանակերտ քաղաքի լիարժեք հացամատակարարումը։ Ժողովրդագրական առումով ԼՂՀ մայրաքաղաքը քանակապես մնացել է մոտավորապես նույնը, եւ անգամ բնակչության թվաճի պայմաններումՙ հացի գործարանն ի վիճակի է լինելու ապահովել ստեփանակերտցիների հանապազօրյա պահանջը։

Արդյոք հենց սրա՞ն է ուղղված հացի պատճառով հերթական իրարանցումը ԼՂՀ մայրաքաղաքում։ Եվ ի՞նչ կերպ կարձագանքեն դուրս մղված մանր հացարտադրողները։ Բոլոր դեպքերումՙ գլխավոր պատասխանատուն շուկան է, իսկ շուկան արդեն իսկ այսօր դրսեւորում է իր հրամայականները։ Անկախ նրանիցՙ ցորենի բերքը ռեկորդային է, թե ոչ։

Քիչ հավանական չէ, որ մենաշնորհային հավակնություններ ունեն նաեւ այլ խոշոր հացարտադրողներ։ Եթե այս մրցակցությունը շարունակվի երկար, ապա չի բացառվում հացի գնի նոր բարձրացում Արցախում։

Վերոհիշյալ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ունեցած անկեղծ զրույցում վարչապետը նաեւ նշել է, որ գների ինդեքսացմանը զուգահեռՙ 2004 թվականի հունվարի 1-ից կառավարությունը կբարձրացնի աշխատավարձերն ու թոշակները։ Ուրեմն, կարելի է եզրակացնել, որ հացի եւ ալյուրի շուրջ նոր իրարանցումները սպասելի՞ են։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4