«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2003-08-22 | #150, 2003-08-23 | #151, 2003-08-26


ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿԱՐԳԻ «ՀՐԱՎԻՐԵԼ» ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Փողոցային առեւտրի նման մայրաքաղաքի հարյուրավոր կանգառներ եւս վաղուց քաղաքային կենցաղավարման համար անընդունելի նկարագիր ու բովանդակություն ունեն։ Ինչպես բացօթյա առեւտրի մեջ, այստեղ եւս չգրված արատավոր ավանդույթներն օրենքի ուժ ու ամրություն են ստացել։ Անկախ նրանից, թե կանգառին հարող կամ դրան պատկանող տարածք է, կողմնակի փոխադրամիջոցների բազում վարորդներ մեքենաները կայանում են հենց այդ տեղերում։ Թե ինչ անհարմարություններ են առաջանում ե՛ւ տրանսպորտային միջոցների, ե՛ւ ուղեւորների համար, բոլորիս է հայտնի։ Քաղաքապետի հանձնարարականով անցած շաբաթ տրանսպորտի վարչությունը պետավտոտեսչության հետ կոնկրետ ուսումնասիրություններ է կատարել Երեւանի շուրջ 965 կանգառներում։ Առայժմ կարգազանց վարորդներին պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ են մշակվում։ Բավական ուշացած այս գործողությանը, սակայն, խանգարում է ճանապարհային նշանների եւ գծանշանների բացակայությունը, որոնք հասարակական տրանսպորտի համար առանձնացված տարածքները պիտի բաժանեն փողոցի մյուս հատվածներից։

Պետավտոտեսչությունը հասցրել է գույքագրել երթեւեկության տեխնիկական միջոցները։ Պարզվել է, որ ճանապարհային շուրջ 2000 նշանների կարիք կա։ Այսինքնՙ կարգազանց վարորդները նաեւ արդարանալու հիմքեր ունեն, իսկ քաղաքային իշխանությունները փոքր-ինչ շտապել են իրենց ձեռնարկում։ Մայրաքաղաքի ողջ տարածքում ճանապարհային գծանշանների տեղադրումը երկար ժամանակ ու միջոցներ կխլի, առայժմ որոշվել է միայն 38 փողոցներում իրականացնել այն։

Իհարկե, ճանապարհային նշաններից ու գծանշաններից զատ, նաեւ աշխատող ու չաշխատող լուսացույցները ոչ պակաս լումա ունեն փողոցային իրականությունը շիլաշփոթի վերածելու հարցում, եւ վաղուց խնամքի ու հարդարանքների կարիք են զգում։ Կարծում ենք, այս հիմնախնդիրը եւս պիտի ներառվի իրականացվող միջոցառման շրջանակներում։ Եվ վերջապես, վերջ տրվի նաեւ կարմիր թեւկապավորների ինքնակոչ գործունեությանը, ովքեր տարիներ անպատիժ զբաղված են վարորդներից դրամ շորթելով։

Գերբեռնված եւ թերբեռնված երթուղիների առկայությունը եւս հաճախ դառնում է քաղաքային տրանսպորտի աշխատանքից դժգոհության լուրջ պատճառ։ Երթուղայինների բաշխման հավասարակշռություն ստեղծելու եւ այս առթիվ քաղաքացիների մշտական ահազանգերի գոնե մի մասին վերջապես լուծում տալու համար, ըստ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանի, առաջիկա 10-15 օրվա ընթացքում թերբեռնված երթուղիներում միկրոավտոբուսների քանակը կավելանա։ Աշխատանքը շարունակական է լինելու, մինչեւ երթուղային քարտեզը կմաքրվի անհեթեթություններից։

Ի դեպ, վերջին անգամ քաղաքի երթուղային ցանցի քարտեզը կազմվել է 2000 թ. վերջերինՙ հետագա ընթացքում ենթարկվելով միայն մասնակի փոփոխությունների։

Իհարկե, այս ծրագրի մեջ էլ հակասություն կա այն առումով, որ հանրային փոխադրամիջոցների վաղվա օրը մեր տրանսպորտայինները, իրենց հավաստմամբ, չեն կապում միկրոավտոբուսների հետ։ Ինչքան էլ դրանք այսօր ամուր ու ճյուղատարած ցանց հյուսած լինենՙ ներառելով նաեւ մեծաքանակ ստվերային տնտեսվարողներին։ Այս հանգույցը քանդելը, գոնե այսօրվա վիճակով, մեծ ճիգեր ու լարվածություն է պահանջելու, եթե, իհարկե, երբեւէ իշխանությունները փորձեն վճռականորեն դուրս մղել ստվերը երթուղիներից։ Հայտնի է, որ Լիոնի քաղաքապետարանի հետ մեր քաղաքապետարանը համագործակցում է հարմարավետ ավտոբուսների խմբաքանակներ Երեւան հասցնելու համար։ Թեեւ արդեն 2 անգամ իրականացվել է պայմանավորվածությունը, սակայն դեռեւս այդ ավտոբուսների թիվը խիստ սակավ է, եւ կարգաբերման որեւէ միջոցառում իրականացնելիս, ուզենք թե չուզենք, հենվելու ենք միկրոավտոբուսների վրա։ Իսկ առայժմ փողոցների ուռճացումը երթուղայիններով անցանկալի է ե՛ւ բավական թանկ արժեքի, եւ փողոցների թողունակության ու կանգառների, ե՛ւ անհարմար փոխադրումների հետ կապված բազում խնդիրների պատճառով։

Արեգ Բարսեղյանը հավաստիացրեց, որ առաջիկայում որեւէ նոր երթուղի չի բացվելու, ուղեգծերում իրականացվելու են միայն լոկալ տեղաշարժեր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4