«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2003-08-22 | #150, 2003-08-23 | #151, 2003-08-26


«27»-Ի ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՄԻՋՎԵՑ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ

Այդ ընթացքում Ն. Հունանյանի նոր պաշտպանը կծանոթանա գործի ծավալին

«Հոկտեմբերի 27»-ի գործով նախորդ նիստի ժամանակ Նաիրի Հունանյանը միջնորդել էր կրկին պաշտպան ունենալու մասին։ Դատարանը բավարարելով նրա միջնորդությունը, ամբաստանյալի պաշտպանությունը հանձնել էր Նաիրի Հունանյանի նախկին պաշտպան Բենիամին Մինասյանին։

Երեկվա նիստում պարզ դարձավ, որ Բենիամին Մինասյանը հրաժարվել է պաշտպանել Նաիրի Հունանյանին։ Ուստի տուժող Սմբատ Այվազյանի ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը միջնորդեց ընդմիջել նիստըՙ Նաիրի Հունանյանին պաշտպան ապահովելու համար։ Մեկժամյա ընդմիջումից հետո դատարան ներկայացավ փաստաբան Սամվել Մարտիրոսյանը։ Այդ ժամանակ եւս ընդմիջում խնդրեց Նաիրի Հունանյանըՙ իր նոր փաստաբանի հետ խորհրդակցելու համար։

Կրկին հայտարարված ընդմիջումից հետո, մինչ Նաիրի Հունանյանը կփորձեր հայտարարություն անել, նրա նոր պաշտպան Սամվել Մարտիրոսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի հետ պայմանավորվել է միջնորդությամբ հանդես գալ։ Նա միջնորդեցՙ պահանջելով մեկ շաբաթ ժամանակ հատկացնել գործի ծավալին ծանոթանալու համար։ Ընդ որում, մեկ շաբաթ հետո, ըստ Սամվել Մարտիրոսյանի, ինքը նոր կորոշի, թե որքան ժամանակ է անհրաժեշտ ողջ գործին ծանոթանալու համար։

Դատավոր Սամվել Ուզունյանը հիշեցրեց, որ գործի ծավալը կազմում է 43 հատոր նախաքննական նյութ, դրան ավելացրած 5 հատոր գաղտնալսումներ։ Պաշտպան Սամվել Մարտիրոսյանը սրան ի պատասխան նշեց, որ Հունանյանին լիարժեք պաշտպանելու համար պետք է ծանոթանա գործի նյութերին, ինչն էլ կարող է տեւել նվազագույնը երեք ամիս։

Նաիրի Հունանյանը դեմ արտահայտվեց երեք ամիս ժամանակ տրամադրելու միջնորդությանը, նշելով, որ կողմնակից է դատավարությունն արագ ավարտելուն։ Հունանյանն առաջարկեց մինչեւ ուրբաթ օրը ժամանակ տրամադրել իր պաշտպանին, հավելելով, որ կօգնի այդ ընթացքում ծանոթանալու բազմաթիվ հատորներում առկա կարեւոր նյութերին։ Կարեն Հունանյանը բավարար համարեց 2-3 շաբաթը։

Ինչ վերաբերում է դատավարության մյուս մասնակիցների կարծիքներին միջնորդության կապակցությամբ, ապա Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը համաձայնեց, որ մեկ շաբաթ պետք է տրամադրել պաշտպանին։ Ժիրայր Գեւորգյանի ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը նույնպես անհրաժեշտ գտավ մեկ շաբաթ տրամադրելը։

Մինչդեռ մեղադրող կողմը, մատնանշելով Նաիրի Հունանյանի պաշտպանից հրաժարվելու հանգամանքը, գտավ, որ միջնորդությունը պետք է մերժել։

Սմբատ Այվազյանի ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը մեջբերեց քր.դատ.օր.-ի համապատասխան դրույթը, համաձայնեց Յունոշեւիՙ մեկ շաբաթ տալու առաջարկությանը։ Նաիրի Հունանյանն էլ որպես եզրափակում հայտնեց, որ այնքան էլ համաձայն չէ մեկ շաբաթվան, քանի որ իր առաջարկը վերաբերում էր մինչեւ ուրբաթ օրը ժամկետ տալուն։

Ինչեւէ, միջնորդությունը բավարարվեց, այսինքնՙ դատավոր Ուզունյանի հայտարարությամբ դատական նիստն ընդմիջվեց մեկ շաբաթով։

Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանին, ապա նա այդպես էլ չհասցրեց անել իր հայտարարությունը։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4