«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2003-08-22 | #150, 2003-08-23 | #151, 2003-08-26


ԱՄԲԻՈՆԸ ԼՈՒԾԱՐՎԵԼ Է ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

Իսկ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը դա «չի նկատել»

Դժբախտաբար Հայաստանում բացառիկ չեն դեպքերը, երբ քաղաքացու իրավունքները կոպտորեն խախտվում են, գործող օրենքներնՙ արհամարհվում, իսկ դրանք պաշտպանելու կոչված մարմինները ոչ միայն իրենց պարտականությունները չեն կատարում, այլեւ կամա թե ակամա աջակից են դառնում ապօրինություններին։ Իր հետ կատարվող նման մի դեպքի մասին մեզ պատմեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության եւ տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Գարեգին Ղույումչյանը։

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Գարեգին Ղույումչյանի եղբայրըՙ Ուկրաինայի քաղաքացի Սանասար Ղույումչյանը, տնտեսական գործունեություն սկսեց հայրենի քաղաքում։ Այդ ժամանակ (2002 թ. գարնանը) նա բախվեց տարբեր չինովնիկների անբարյացակամ վերաբերմունքին եւ ապօրինի պահանջներին (որոնց մասին, ի դեպ, «Ազգը» գրել է)։ Սանասար Ղույումչյանը նաեւ բարեգործական գործունեություն սկսեց ծավալել, այդ թվում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում։ Ըստ Գարեգին Ղույումչյանի, ինստիտուտի ռեկտոր Ռ. Եդոյանը այդ ժամանակ «իր բաժինը» պահանջեց բարեգործական ծրագրից եւ իր եղբորից մերժում ստանալով, սկսեց զանազան մեթոդներով ճնշումներ գործադրել ամբիոնի վարիչ Գարեգին Ղույումչյանի նկատմամբ։ Կոնֆլիկտը սրվեց այն աստիճան, մինչեւ ռեկտորը լուծարեց ամբիոնը։

Պատմելով այս մասին, Գարեգին Ղույումչյանը թվարկեց, թե օրենքի ինչպիսի բազում խախտումներով է լուծարվել ամբիոնը։ Նախ ռեկտորը ղեկավարվել է ինստիտուտի նախկին, կառավարության չհաստատած եւ ուժ չունեցող կանոնադրությամբ, ինչը նշանակում է, որ տվյալ պահին ամբիոններ լուծարելու կանոնադրական հիմք չի եղել։ Այնուհետեւՙ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության 28 եւ 40 կետերը մարդկանց աշխատանքից ազատելու եւ այլ աշխատանքի տեղափոխելու մասին, «Կրթության մասին» օրենքի 32-րդ եւ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածըՙ օրենքի գերակայության մասին, ամբիոնի դասախոսների իրավունքներն իրենց վերաբերող հարցերի քննարկումներին մասնակցելու եւ իրենց կարծիքն արտահայտելու մասին։ Ռ. Եդոյանը ինստիտուտի խորհրդին, համաձայն կանոնադրության 27 ե կետի, չի ներկայացրել առաջարկություններ ամբիոնի լուծարման մասին։ Մինչդեռ ֆակուլտետի խորհրդի առաջարկությամբ եւ ինստիտուտի խորհրդի հաստատմամբ են միայն կառուցվածքային փոփոխությունները կատարվում։ Ռ. Եդոյանը գիտակցաբար ինստիտուտի խորհուրդը եւ գիտական խորհուրդը նույնացված է ներկայացրել։ Սակայն գիտխորհրդի որոշումներն այս հարցում որեւէ լիազորություն չունեն։

Գարեգին Ղույումչյանը բողոք է ներկայացրել նաեւ գիտության եւ կրթության նախկին ու ներկա նախարարներին, բայցՙ ապարդյուն։ Հարկադրված դիմել է դատարան, բայց այստեղ էլ Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Ա. Միկոյանը, անտեսելով օրենքի եւ կանոնադրության կոպիտ խախտումները, մերժել է հայցը։ Ներկայումս հայցը բողոքարկվել է եւ Վերաքննիչ դատարանում է։ Համենայն դեպս, Գարեգին Ղույումչյանը վճռական է իր իրավունքների պաշտպանությունը շարունակելու հարցում, եւ, եթե Հայաստանի դատական համակարգը չվերականգնի օրինականությունը, նա մտադիր է դիմել Եվրադատարան։

Մեր կողմից կցանկանայինք ավելացնել, որ Գ. Ղույումչյանի ղեկավարած ամբիոնը համանուն ֆակուլտետի միակ թողարկող ամբիոնն է եւ չի կարելի լուծարել, քանի դեռ ինստիտուտը շարունակում է տվյալ մասնագիտությամբ կադրեր պատրաստել։ Բացի ուսումնամեթոդական գործառնություններից, ամբիոնը կատարում է նաեւ գիտահետազոտական աշխատանքներ։ Նրա ներկայացրած թեմաները մտել են ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի կողմից համակարգվող կարեւորագույն հետազոտությունների պլանի մեջ։ Սրանք փաստեր են, որոնք եթե իրավական նշանակություն չունեն, այնուամենայնիվ, արժեքավոր պետք է լինեն համապատասխան բնագավառում։ Մինչդեռ կրթության եւ գիտության նախարարությունն ու նորանշանակ նախարարն առայժմ այդքան էլ խորամուխ չեն եղել այս հարցում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4