«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2003-08-23 | #151, 2003-08-26 | #152, 2003-08-27


ԱԼԵՔՍԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸՙ 85 ՏԱՐԵԿԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ազնիվ աշխատանքով ապրած եւ 85-ի հասած ամեն անհատ արդեն մեծարման արժանի մարդ է։ Իսկ ինչ վերաբերում է Ալեքսան Կիրակոսյանի նման կենսագրություն ունեցողներին, ապա նրանց ծննդյան հոբելյանական մեծարումը ոչ միայն անհիշելի ժամանակներում, այլ ընդամենը տարիներ առաջ էր, որ պետական-կուսակցականորեն եւ հանդիսավորությամբ էր կազմակերպվում։

- Իսկ հիմա ինչու՞ այդ չի արվում,- խորամանկորեն կարող է ինձ հարցնել իմ ոչ միամիտ ընթերցողը - ի՞նչ էՙ պետություն չկա, թե՞ կուսակցություններն են քիչ։

Այդ հարցնողը, սակայն, ինձանից էլ, ձեզանից էլ լավ գիտի, որ թեեւ պետություն կա, բայց, ինչպես ասում են, դեռեւս կայացած չէ։ Գիտի նաեւ, որ այդ չկայացած պետությունը արդեն կայացած բազում նախարարություններ ունի, որոնք պարտավոր են տնօրինելու այդպիսի կարեւոր միջոցառումները։

Բայց հարցնողն էլ, մենք էլ լավ գիտենք, որ այդ նախարարությունները դեռեւս բաժանման ու միացման գործընթացում են. իսկ նախարարներն էլ Ազգային ժողովից նախարարություն, նախարարությունից Ազգային ժողովՙ վազվռտուքի մեջ են, եւ վայ նրան, ով հապաղեց։ Ուշացածը կորած է (իհարկե, ոչ ժողովրդի, այլՙ իր պաշտոնի ու գրպանի համար)։

- Իսկ ու՞ր է Ալեքսան Կիրակոսյանի կոմունիստական կուսակցությունը, որին անձնվիրաբար ծառայել է նաՙ իր երկարամյա կուսակցական գործունեությամբ,- կարող է հարցնել Կիրակոսյանի կենսագրությունը լավ իմացողներից մեկը։

- Այս հարցն էլ հոբելյանի առիթով քննարկվող հարց չէ,- կասի ինքըՙ Կիրակոսյանը,- չէ որ ես այդ մասին մի ամբողջ գիրք եմ գրել։

Կուսակցություն եւ կուսակցականություն, պետություն եւ պետականություն հարցադրումները Կիրակոսյանի կենսագրության, ասել է թեՙ աշխատանքային ողջ գործունեության անբաժան ուղեկիցներն են։

Կուսակցականությունը 20-րդ դարում ապրած ամեն մի հայաստանցու, այլեւՙ ամեն մի հայի, այսօրվա բարդույթն է։ Այլ է, սակայն, Կիրակոսյանի պարագան. այն քիչ կապ ունի ՀԿԿ-ի վերջին տասնամյակի անփառունակ գործունեության, նրա տրոհվելու եւ վերջին ընտրություններում նույնիսկ պահանջվող տոկոսի ձայներ չհավաքելու, եւ, այդպիսով, Ազգային ժողովում ձայն չունենալու անարդարացի իրողության հետ։

Կուսակցականությունը Կիրակոսյանի համար միայն ազգին ծառայելու, ազգային հարցերը լուծելու միջոց է։ Ըստ նրաՙ կուսակցությունն է ազգին ծառայում եւ ոչ թե ազգըՙ կուսակցությանը։

«Դասական առումով Հայաստանում կուսակցություններ չկան,- գրում է նա։- Մի քանի տասնյակի հասնող կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններ հիմնականում նեղ, խմբակային շահեր են հետապնդում եւ քաղաքական լուրջ ուժ չեն ներկայացնում» (Ա լ ե ք ս ա ն Կ ի ր ա կ ո ս յ ա ն, «Մայրամուտի շեմին. հուշեր եւ մտորումներ», Երեւան, 2002, էջ 207)։

«Բազմաթիվ, ամենօրվա նման ինքն իրեն տրոհվող, կորպորատիվ շահեր հետապնդող կուսակցությունների եւ իշխանությունների առճակատումը, որոնք անխտիր հանդես են գալիս ժողովրդի անունից, կարող են անասելի վնաս հասցնել երկրին եւ վտանգի տակ դնել դեռեւս չամրապնդված պետության անվտանգությունը։ Քաղաքակիրթ ձեւով 4-5 կուսակցությունների ձեւավորումը ծայրահեղ անհրաժեշտություն է եւ իրական ընդդիմության ստեղծման իրական պայման։ Ժողովրդի ֆիզիկական գոյությունը եւ ապահովությունը վեր է կուսակցական շահերից» (էջ 118)։

Սա դեռեւս բոլորը չէ. գալով կոմունիստական գաղափարախոսությանըՙ Կիրակոսյանը գրում է. « Կոմունիստական գաղափարախոսությունը անցել ու գնացել է։ Նրանից պետք է արժանապատվորեն բաժանվել»։

Այս ամենը լսելուց հետո այսօրվա էլ ո՞ր «խելոք» կուսակցությունը պիտի պարտավորվեր կամ մտահոգվերՙ Կիրակոսյանի նմաններին դեռ հոբելյաններ էլ կազմակերպելու։

Սակայն, իմ եւ, մանավանդ, Կիրակոսյանի հոգսը հոբելյաններ կազմակերպելը եւ մեծարման ցույցեր անելը չէ։ Մեր ցանկությունն ու Կիրակոսյանի այսօրվա պահանջըՙ անտեր թողնված ժողովրդին գործով (եւ ոչ թե խոստումներով) տեր կանգնող մի քանի կուսակցության եւ նրա շահերին ծառայող ընդդիմության ձեւավորելը պետք է լիներ։

Ո՛վ, ո՛վ, բայց Ալեքսան Կիրակոսյանը արդեն ձեւավորված ընդդիմություն է ե՛ւ այդ անթիվ կուսակցությունների, ե՛ւ պետական վարչակազմի հանդեպ։

***

Կուսակցությունների հետ իր դիրքորոշումը պարզաբանած մեր հոբելյարը վերջին հրապարակումներում փորձում է հստակեցնել իր պետական նախկին գործչի դիրքորոշումըՙ նաեւ Հայաստանի անկախ պետության եւ նրա վարչակազմի նկատմամբ. չէ՞ որ այս ճակատում էլ Կիրակոսյանը շատ տեսանելի կենսափորձ ու դեռեւս չիրականացված ծրագրեր ունի։

Սակայն պարզվում է, որ Հայաստանի երրորդ հանրապետության նախագահի եւ նրա կառավարության հոգսերով տարված Ալեքսան Կիրակոսյանը պետության ու պետական վարչակարգիՙ սնկի պես աճող կուսակցությունների չդադարող առճակատումներում բնավ էլ նախագահի ու նրա կառավարության դաշնակիցը չէ։

Կասեքՙ բայց ինչո՞ւ։ Կպատասխանեմՙ որովհետեւ խորհրդային-համայնավարական տնտեսակարգից ժամանակակից շուկայական հարաբերություններին անցնելիսՙ ժողովրդին քաղցի մատնելու եւ նրա քրտինքով ստեղծված հարստությունը «ալան-թալանի» ենթարկելուՙ այս ստեղծված իրավիճակը նա չի հանդուրժում։

Բացի այս, նաՙ «Հայ ժողովրդի պատմություն» եւ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկաների երեկվա ուսուցիչը, շատ լավ գիտի, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա նախագահը ամեն հայի մտածելակերպում դեռեւս մեր երեկվա հայերեն բառով ու բանաստեղծությամբ փառաբանվող մեր երեկվա թագավոր արքան է։ Իսկ թագավորի իշխանությունը ամեն թողտվություն չէ, որ հանդուրժում է։ Չէ՞ որ նա շարունակում է մնալ նաեւ որպես բռնություն իրականացնող համակարգ։ Կիրակոսյանը հիմա իր մտքում արտասանում է Թումանյանիՙ իմաստուն ծերունուՙ դեռեւս մանկուց անգիր արած հետեւյալ տողերը.

Էլ ի՞նչ թագավոր,

Որ կռիվ չանի,

Երկիր չավերի,

Մարդ չկոտորի։

Այսպես, ուրեմն. այսօր Կիրակոսյանն ու նրա նմանները ընդդիմություն ենՙ եւ՛ կուսակցությունների, եւ՛ նախագահական վարչակարգի հանդեպ։ Հետեւաբար, վերջինս նույնպես նրանց հոբելյանական արարողակարգի հոգսերից իրեն ազատ համարելու իրավունք ունի։

Այսքան երկարացրի, որպեսզի ասեմ, թե Ալեքսան Կիրակոսյանն ինքը ոչ հեռու անցյալում պետական-կուսակցական համբավավոր ղեկավար, ուստի եւ դիմություն էր, իսկ ինձ նման մի քանի համալսարանականներս նրա ընդդիմությունն էինք։ Այդուամենայնիվ, խղճի մտոք պիտի ասեմ, որ այն ժամանակներումՙ մի կերպ հանդուրժվող այդ ընդդիմության հովանավոր - պաշտպանը էլի Կիրակոսյանն էր։ Բայց թե՛ նա, թե՛ մենքՙ ընդդիմադիրներս, լավ գիտեինք, որ ընդդիմությունն էլ օրենքից դուրս ու ամոթից զուրկ չպիտի լինի։

Սրանում համոզվելու համար նորից կարդանք «Մայրամուտի շեմին» գիրքը, որը «Ազգ» օրաթերթը իրավացիորեն բնութագրում է «որպես համազգային միաբանության շեփոր»։

Իր այդ գրքի «Մուտք» վերնագրված առաջաբանում նա գրում է.

«Ես Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակակիցն եմ եւ պատկանում եմ քառասնական թվականների այն սերնդին, որը աշխարհ եկավ 20-րդ դարի սկզբի նզովյալ տարիներին եւ անցավ դժվարին, տատասկոտ եւ, հիրավի, հերոսական ճանապարհ, ըմբոշխնեց մարտական փառքի եւ ստեղծագործ աշխատանքի բերկրանքը, բայց արդյունքում ապրեց մեծ հիասթափություն ականատես դառնալով այդքան դժվարությամբ, մեծագույն ջանքերով ստեղծված արժեքների ոչնչացմանը, կատարված գործի ուրացմանը։ Ամեն սերունդ իր անցած ճանապարհով է հաստատում կյանքի մեծ խորհուրդը, եւ ես հավակնություն չունեմ որեւէ կերպ առանձնացնել կամ կարեւորել իմ սերնդի անցած ուղին» (էջ 3)։

***

Իր կենսագրությունը Ալեքսան Կիրակոսյանը սկսում է իր համար ամենաբանաստեղծ Համո Սահյանիՙ 20-րդ դարը փիլիսոփայորեն բնութագրող հետեւյալ տողերով.

Ես աշխարհ եկա,

Երբ հին աստվածներ արդեն չկային

Եվ աստվածություն չկար աշխարհում։

Ալեքսան Կիրակոսյանը ծնվել է այդ «անաստվածության» դարում, 1918 թ. օգոստոսի 18-ին, թուրքերի առաջին արշավանքի ժամանակ, Շիրակի գավառի Այգաբաց գյուղում։

Երկու տարեկանում կորցրել է մորը։ «1920 թ սեպտեմբերին Կարաբեքիրի հրոսակները գնդակահարել են նրան, ես նրա գրկում եմ եղելՙ արյունոտ բարուրում», դառնությամբ պատմում է Կիրակոսյանը։ Վարվառա մորից զրկված մանկանը մայրություն է անում երկրորդ մայրը։ Անհնար է անարցունք կարդալ նրա հուշագրության շատ ու շատ տողեր, ինչպես եւ հետեւյալները. « Ես էլ, իմ շատ սերնդակիցների պես մանկություն չունեցող մարդկանցից եմ։ Սակայն իմ կորսված մանկության ցավն ու դառնությունը կարողացավ սփոփել երկրորդ մայրսՙ Սաթենիկը, իր սիրով ու գորովանքով» (էջ 3)։

Արմատներով Վերին Բասենից են, որտեղից գաղթել են 1818 թվականին։

Ալեքսան Կիրակոսյանը նաեւ շատերիս պես հայրապաշտ բնավորություն է։ «Հայրսՙ Մաթեւոս Կիրակոսյանը, ծանր ճակատագրի տեր մարդ էր,- գրում է նա։ -Ամեն անգամ նրան հիշելիս կարոտը խեղդում է ինձ։ Հայրս էր, ընկերս, խորհրդատուս, գրագետ չէր, բայց իմաստուն մարդ էր, հումորի անսպառ պաշարի տեր» (էջ 3)։

Եվ այդ արհեստավոր, բարի մարդը, այն ժամանակներում Հայաստանում մոլեգնող համաճարակից մեկ օրում երեք զավակներ կորցրած լինելով, մի քանի օրում սպիտակել է։ Հետագա տարիներինՙ Ալեքսանին հիվանդագին սիրող հայրը, իր գերդաստանին պահել էՙ նախ Լենինականում, ապա Թիֆլիսում, իր բանեցրած արհեստի արդար քրտինքով։

Ալեքսան Կիրակոսյանը 1926 թվականին ընդունվել է Այգաբացի գյուղական դպրոցը, ապա շարունակել է սովորել ու 36-ին ավարտել Լենինականի մանկավարժական տեխնիկումը, որը, ըստ հավաստման, բացառիկ դեր է խաղացել նրա հետագա կյանքում։ Այդ մասին նա գրում է.

«Ինչի որ կարողացել եմ հասնել հետագայում, մեծապես պարտական եմ իմ ուսուցիչներին։ Նրանց մեծ մասը կրթություն էր ստացել Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի համալսարաններում։ Ասես Վերածննդի դարաշրջանի մարդիկ լինեինՙ համապարփակ գիտելիքներով, իրենց գործին անսահման նվիրումով» (էջ 10)։

***

Ալեքսան Կիրակոսյանի աշխատանքային կենսագրությունը սկսվում է 1936-իցՙ ուսուցչությամբ։ Երկու տարի Հարթագյուղում դասավանդել է հայոց լեզու եւ գրականություն, ինչպես նաեւՙ պատմություն առարկաներ, այնուհետեւ նշանակվել է Սպիտակի շրջանի Գոգարան գյուղի դպրոցի տնօրեն։ Մանկավարժական աշխատանքին զուգահեռ սովորել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ 1939 թվին Ֆիննական պատերազմով ընդհատվել են նրա եւ մանկավարժական աշխատանքը, եւ բուհական ուսումնառությունը։

Դեռեւս 1936-ին ամուսնացել է իրՙ արդեն ուսուցչուհի դարձած դպրոցական ընկերուհու հետ։ Բնության եւ Աստծու բարի կամոք տիկին Վիկտորիան Կիրակոսյաններին պարգեւել է երեք տղա (Հայկ, Աշոտ, Գագիկ) եւ երեք աղջիկ (Սիրանուշ, Տաթեւիկ, Ֆենյա)։

Հանճարեղ Թումանյանի ձայնին միշտ ունկնդիր Կիրակոսյանը, որպես ընտանիքի հայր, նրաՙ հայրենիքին չորս տղա, չորս աղջիկ պարգեւած լինելու իրողությունում իր ընտանիքի պակասը լրացնում էՙ թոռների եւ ծոռների հավելումով։ Նա իր փեսաներին ու հարսներին անվանապես թվարկելուց հետո, կարծես, հպարտությամբ ավելացնում էՙ «Ունեմ տասը թոռ, վեց ծոռ։ Սպասում ենք նոր համալրման» (էջ 17)։

***

Ալեքսան Կիրակոսյանը բազմանդամ ընտանիքի նահապետ է։ Նա, որպես իսկական պետական գործիչ, պետության հիմքերի ամրությունը, հասարակական համատարած այս անգործության մեջ մարդու «անբան» չդառնալու միակ փրկությունը տեսնում է հայ ընտանիքի ամրության եւ բարօրության մեջ։ Եվ այս խնդրում էլ Կիրակոսյանը տեսական քարոզչություն չէ, որ անում է. նա այդ տեսությունը իրականացնող է։ Գնացեք եւ կտեսնեք, որ նրա բազմանդամ գերդաստանում ( մեծ թե փոքր) , առանց «բան ու գործի» մարդ չկա։

Ալեքսան Կիրակոսյանի աշխատանքային գործունեության երկրորդ փուլը պատերազմական ժամանակների նրա զինվորական ծառայության շրջանն է։ Այն սկսվում է 1939 թ. Ֆիննական պատերազմով եւ տեւում է մինչեւ 1946 թ. սեպտեմբերՙ ներառելով Հայրենական պատերազմի բոլոր տարիները։

Խարկովում ավարտել է ռազմական բարձրագույն դպրոց, եղել է օդադեսանտային էսկադրիլիայի ավագ քաղղեկ, նույն զորամասի վաշտի, վերջումՙ գումարտակի մարտական հրամանատար։

Երեք անգամ վիրավորվել է։ Տեսել է դաժան պատերազմի բոլոր արհավիրքները, կրել պարտությունների ու մարտական ընկերների կորստի դառնությունը. միաժամանակ նրա սիրտը հպարտությամբ է լցվել տարած հաղթանակների ու ստացած մարտական պարգեւների համար։

***

Վերադառնալով խաղաղ աշխատանքիՙ Ալեքսան Կիրակոսյանն սկսում է համառ ու անձնվեր գործունեությամբ անշտապ վեր բարձրանալ կուսակցական եւ պետական աշխատանքի սանդուղքներով։

Նախ շարունակել է սովորել եւ ստացել է մանկավարժ-բանասերի, ապա կուսակցական աշխատողի բարձրագույն կրթության ավարտագրեր։

Վարել է կուսակցական-ընտրովի եւ կառավարական-նշանակովի ղեկավար պաշտոններ։ Եղել է Խորհրդային Հայաստանի մի քանի շրջանների կուսշրջկոմի առաջին քարտուղար, ՀԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ, մի քանի նախարարությունների նախարար, Նախարարների խորհրդի առաջին տեղակալ։

Այս բոլոր պատասխանատու պաշտոններում Կիրակոսյանը նախապես եղել է ուսումնասիրող, սովորող եւ ապա նորՙ միայն սովորեցնող ու խստապահանջ հրամայող։ Տեսությունը սովորել է իր ահռելի ընթերցասիրությամբ, գործնականըՙ Հայաստանի Հանրապետության եւ, մանավանդ, Խորհրդային Միության պետական քաղաքական առաջին մեծության պաշտոնյաների հետ ունեցած շփումներով եւ համագործակցությամբ։ Այս ընդունակությունների շնորհիվ է, որ նա դառել է իսկական քաղաքական գործիչ։

Ոչ միայն Խորհրդային Միության, այլեւ հաճախ համաշխարհային քաղաքական գործիչներին ունկնդիր քաղաքագետ Կիրակոսյանից շատ բան ունեն սովորելու վերջերս պաշտոնի համար շարունակ պոռոտախոսող «որոշ դիպլոմավոր պալիտոլոգները»։

***

Մեծ է մեր հոբելյարի վաստակըՙ թե՛ Հայաստանի եւ թե՛ Սփյուռքի համար, մանավանդ նրաՙ Նախարարների խորհրդի առաջին տեղակալի պաշտոնում աշխատած տարիներին։

Այդ ժամանակահատվածում Հայաստանում չի կատարվել համապետական նշանակության որեւէ գործ, որին իր նախաձեռնող, ակտիվ մասնակցությունը ցուցաբերած չլինի Կիրակոսյանըՙ ի պաշտոնե, թե քաղաքացիորեն։ Եվ այդ ամենը երկրի քաղաքականության, տնտեսության, գիտության, արվեստների ու ողջ մշակույթի ասպարեզներում, իսկ թե այդ լայն ու ընդգրկուն ասպարեզներում ովքե՞ր են եղել նրա աշխատանքային ղեկավարները, գործընկերներն ու շատ ու շատՙ իրենց գործով ու վաստակով անմահացած հայորդիները, որոնց անունների թվարկումն այս դեպքում անհնար է, կարող եք իմանալ դարձյալ «Մայրամուտի շեմին» գրքից։

Կիրակոսյան գործիչը անկախացած Հայաստանի պետական թե կուսակցական առաջնորդներին նախանձելու ոչինչ չունի։ Նախանձը փոքրոգիների բնավորություն է։

Բայց համազգային գործիչը անտարբեր չի կարող դառնալ ոչ մի տարիքում։ Չշրջանցելով այսօրվա պետական-կառավարական ղեկավարության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին օբյեկտիվ դժվարություններըՙ շրջափակում, պատերազմ վերսկսելու փորձեր, արտաքին ծրագրավորված սադրանքներ, ներքին երկպառակություն եւ անջատողականություն, Կիրակոսյանը իր գրավոր թե բանավոր խոսքում, մասնավորապես, ցավով է արձանագրում անկախ ու ինքնիշխան Հայաստանում ծայր առած հայաթափության կործանարար երեւույթը։ Իր ժամանակին ներգաղթ կազմակերպած, սրա դժվարությունները հաղթահարած եւ առանձին ձախողումների դառը հուշերը չմոռացած պաշտոնյան չի կարողանում հաշտվել արտագաղթ կոչված մտքի հետ, երբ տեսնում է, որ դրա հետեւանքով դպրոցը մնում է առանց աշակերտի, դպրոցներ են փակվում կամՙ միացվում, վտանգվում է դպրոցական եւ բուհականՙ նախկինում մեծամեծ նվաճումների հասած ուսումնական գործը։

***

Քսաներորդ դարը, ինչպես մարդու, այնպես էլ երկրագնդի համար, որքան հրաշագործ արարումների, նույնքան էլ մարդասպան ու երկրակործան դար եղավ։ Այսուամենայնիվ, իրեն եւ բնությունը կործանել սկսած մարդը դեռ լավատեսությունը չի կորցրել։ Լավատես է նաեւ Ալեքսան Կիրակոսյանը։ Ուստի, պատահական չէ, որ իր գրքում Թումանյանի «Բերանն արնոտ մարդակերը էն անբան» քառյակը բերելուց հետո նաեւ մեջ է բերում իմաստուն բանաստեղծիՙ լավատեսությամբ լի հետեւյալ տողերը.

Ու պիտի գա հանուր կյանքի

արշալույսը վառ հագած,

Պիտի գովեն քո նոր կյանքը,

նոր երգերով, նոր խոսքով,

Իմ նոր հայրենիք,

Հզոր հայրենիք։

***

Կիրակոսյանի անցյալի եւ ներկայի ստեղծագործ աշխատանքին ականատես, նրա այսօրվա աշխատաժամերի կանոնակարգին ծանոթ, եւ, մանավանդ, նրա ֆիզիկական առույգ կեցվածքը տեսնող մարդը ինչպե՞ս պիտի համարձակվեր նրան «ծերունազարդ» մակդիրով բնութագրել։

Պատերազմական տարիներին օդաչուների հետ երկինքներում սավառնած եւ անկարգելով (պարաշյուտով) քաջաբար թռիչքներ կատարած մեր ավագ ընկերոջ համար հոգու արիությունն ու ֆիզիկական աշխուժությունը դարձել են հոգեբանություն։ Նա դեռ շատ ու շատ աշխատանքային ծրագրեր ունի իրագործելու։ Իսկ մենք ականատես ենք լինելու «Մայրամուտի շեմին» գրքի պարգեւատրությունների արարողություններին եւ Հայաստանում, եւ Սփյուռքում։

Ալեքսան Կիրակոսյանի կյանքն ու արգասավոր գործունեությունը շարունակվում են, եւ Աստծու օրհնությամբ նրա կյանքի տեւողությունը, մարդու համար անհիշելի ժամանակների պես կրկին դարերով պիտի հաշվվի։ Այդ է հավաստում ինքըՙ Կիրակոսյանը, երբ ճակատի մաքուր քրտինքը սրբելով, ջահել օրերի հավակնությամբ, որպես իր շարունակվող կյանքի բանաստեղծական վերջաբան, մեջ է բերում Համո Սահյանի հետեւյալ բանաստեղծությունը։

Մայրամուտն, ավաղ, մոտ է բարեկամ.

Քո գլխի վերեւ ծածանվող ամպի

թավշյա ստվերում։

Սրբիր ճակատիդ քրտինքը մաքուր

Եվ նորից գնա,

Որ դիմավորես մայրամուտը քո

Լեռան գագաթին.

Լեռան գագաթին օրն ուշ է մթնում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4