«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2003-08-23 | #151, 2003-08-26 | #152, 2003-08-27


ԻՐԱՊԵՍ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

Որեւէ բանկի սնանկացման կամ փակման հետ կապված մի երեւույթ հաստատապես չի ընկալվի որպես համազգային նշանակության իրողություն, համենայն դեպս, նման առիթով հասարակության սերուցքըՙ մտավորականների ստվար խմբով հանդես չի գա ոչ բաց նամակով կամ որեւէ հայտարարությամբ։ (Ավանդատուների խնդիրն այլ է)։ Վերջերս Թումանյան 17 հասցեում գտնվող շենքի վաճառքը (որտեղ 1971-ից գործում էր «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը») մտահոգության ու տագնապի տեղիք տվեց մտավորականության շրջանակումՙ գրավելով լրատվամիջոցների ուշադրությունը։ Կարծում ենքՙ բնական է անհանգստությունը ազգային դիմագիծը պահպանող որոշակի հաստատությունների ճակատագրի եւ դրանց պահպանման համար։ «Ազգ» օրաթերթը վերոհիշյալ խնդրի առաջին արձագանքողներից էրՙ ելնելով մշակութային-հոգեւոր արժեքների առաջնահերթ կարեւորության ելակետային դիրքերից։ Մեր հրապարակմանը հաջորդեց հանրապետության առաջադեմ մտավորականության բողոք-նամակը վերոհիշյալ երեւույթի դեմ, եւ հարցը հասարակական հնչեղություն ստացավ, ինչը ըստ «Ինեկոբանկի» որակվեց իբրեւ «կազմակերպված աղմկոտ արշավանք» հանրագիտարանի կողմից («Ազգ», 22 օգոստոս)։

Ըստ էության, այս արձագանքները մի երեւույթի դեմ են, որի արտաքին, մակերեսային ըմբռնումներից եթե հեռանանք եւ խորքային պատճառները դիտարկենք, կհասկանանք, թե հետեւանքները որքան աղետալի են լինելու ամենատարբեր առումներով։ Իմ խորին համոզմամբ, որեւէ ժամանակ եւ որեւէ երկրում բարոյական ճգնաժամի առկայությամբ ոչ տնտեսություն եւ ոչ էլ մշակույթ չի կարող զարգանալ։ Այսօր մեր հասարակության վատթարացման մասին շատ է խոսվում, իսկ պատճառներից մեկն արդյոք արժեքային համակարգի թյուր ըմբռնումը չէ՞, կամ դասական առումով այդ ըմբռնումների կտրուկ շրջադարձը։ Բնավ չնսեմացնելով նյութական արժեքների կարեւորությունը մեր կյանքում, այնուամենայնիվ, վստահ եմ, որ հասարակության, առհասարակ մարդու գիտակցության մեջ կատարվող տեղաշարժերն են որոշում մեր կեցությունը։

Խորհրդային տարիներին բոլոր կարեւոր մշակութային օջախները, ստեղծագործական միությունները, հրատարակչությունները, գրադարանները, բարձրագույն կրթական հաստատությունները եւ այլն տեղակայված էին Երեւանի կենտրոնական հատվածներում եւ լավագույն կառույցներում։ Պարզ էՙ կոմունիստական վարչակարգի գաղափարախոսության ամրապնդմանն ուղղված պետական քաղաքականություն էր, որից շահում էին նաեւ մշակույթը, կրթությունը, գիտությունը։ Անկախությունից հետո արժեքային կտրուկ փոփոխությունների հետեւանքով, պետական հոգածությանը սովոր վերոնշյալ մշակութային, կրթական, գիտական հաստատությունները, մասնակի բացառություններով, բարձիթողի վիճակում հայտնվեցինՙ անկարող հոգալու իրենց նվազագույն ծախսերը։ Աշխատավարձ վճարել չկարողանալու պայմաններում շենքերի պահպանման, վերանորոգման, սեյսմիկ անվտանգության մասին խոսելն ավելորդ է արդեն։ Ինչ է մնում նրանց. «վաճառվե՞լ» այս կամ այն բիզնեսմենին, բանկիրին կամ վերածվե՞լ առեւտրային օբյեկտի։ Հանրագիտարան կլինի, օպերային թատրոն կամ, ասենք, հին ձեռագրատուն, պատերի ծեփը թափած գրադարան կամ թանգարան։ Նման գործարքների պարագայում շրջանցվում կամ առնվազն չի գիտակցվում այստեղ պահպանվող եւ ստեղծվող բուն արժեքների նշանակությունը, ընդհակառակըՙ լավ տնտղվում են շենքի տեղը, դիրքը եւ որակը։ (Կարծում ենքՙ շատ էական է տվյալ մշակութային օջախի ղեկավարության եւ աշխատակազմի սկզբունքային դիրքորոշումը նույնպես։ Սակայն այսպիսի նախադեպ եղել է տարիներ առաջՙ ի դեմս Երեւան քաղաքի պատմության թանգարանի, երբ որեւէ դեր չխաղացին աշխատակիցների եւ տնօրենի երկարատեւ պայքարն ու բողոքները)։

«Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության» շենքի վաճառքի հետ կապված երեւույթը վտանգավոր նախադեպ է նկատվումՙ հաշվի առնելով, որ նման պայմաններում գտնվող շատ մշակութային հաստատություններ կարող են եւս արժանանալ նույն «բախտին»։ Նաեւ այս մտահոգությամբ է «Ազգն» արծարծել հանրագիտարանի շենքի հարցը։ Մեր թերթի հրապարակման առիթով հանրագիտարանի գլխավոր խմբագրության հետ նախապես որեւէ համաձայնություն կամ «կազմակերպվածություն» չի եղել։ Հանուն արդարության պետք է ասել, որ մեր զրույցների ժամանակ որեւէ ակնարկ չի եղել շենքում վարձակալությամբ գտնվող, հետագայում գնորդ «Ինեկոբանկի» հասցեին, վաճառքն է, որ համարվել է ոչ բարոյական, իսկ գնորդի ով լինելը համարվել է անկարեւոր։ Դեռ ավելինՙ բանկի վարձակալությունից հանրագիտարանի ստացած գումարի եւ բանկի կողմից այլ օգնությունների մասին արտահայտվել են երախտագիտությամբ։

Ինչ վերաբերում է «Ինեկոբանկի» հայտարարություններինՙ հանրագիտարանի գլխավոր խմբագրության անճարակության մասին, թե չի կարողանում շենքը պահել, նույնիսկ չի իրականացնում տպագրված գրականությունը, գրքի (հատկապես հանրագիտարանային) այսօրվա սպառողական մակարդակներում, գրահրատարակչական ոլորտի հարկային քաղաքականության մեր պայմաններում, կարծում ենք, ռեալ փաստարկներ չեն։ Նման հաստատություններին պետք է օգնել, ոչ թե վատ վիճակից օգտվելով, նպաստել նրանց գործունեության հետագա կասեցմանը։ (Քանի որ այդպիսի պայմաններում նման հաստատությունների գիտական ներուժը կազմալուծվում է, հանգեցնում դրանց լուծարմանը)։ Իսկ կատարած օգնությունների մասին բարձրաձայնելն էլ մի բան չէ։ Թե չէ մնում է, որ Երեւանի կենտրոնում տեղակայված մշակութային օջախներն աստիճանաբար իրենց տեղը զիջեն առեւտրային օբյեկտներին, քանի որ փող ունեցողները միայն կարող են հիշյալ շենքերը դարձնել «ամուր խնամված ու գեղեցիկ»։ Վաղը, մյուս օրը գրադարանը կդառնա բար, հրատարակչությունը սուպեր-մարկետ կամ կազինո, լավագույն դեպքում, ասենք, բանկ։ Դե, Հայաստանում բանկերն էլ հավերժական չեն, թե շենքը հետո ում կվաճառվի, կամ ինչի կվերածվի, ո՞վ իմանա։ Մի՞թե նման պայմաններում գտնվող շենքերի պահպանման եւ բարեկարգման միակ ելքը վաճառքն է։ Իսկ ո՞ւր է մնում պետության վերաբերմունքը մշակույթին, կրթությանը։ ԱՊՀ շատ երկրներում հատուկ քաղաքականություն է մշակվել այս ուղղությամբ։ Գործում են տարբեր հիմնադրամներ, (նախագահական, վարչապետական), խրախուսական զանազան մեթոդներ են իրականացվում, օրինակ, ալկոհոլ, ծխախոտ արտադրողները տարեկան որոշակի գումար են մուծում այս կամ այն հիմնադրամներինՙ մշակութային ծրագրեր իրագործելու նպատակով։ Եվ վերջապես որքան էլ սուղ լինի պետբյուջեն, ցանկության դեպքում ելքեր կարելի է գտնել։ Մեր աչքի առաջ մի քանի ամիսների ընթացքում «Ազգ» օրաթերթի խմբագրության դիմաց վեր խոյացավ «Հանրապետական» կուսակցության նոր, հսկա շենքը։ Ցանկության եւ հոգատարության արդյունք չէ՞ սա, կուսակցական անդամավճարների հաշվի՞ն կառուցվեց, ինչ է։ Եթե այս հետեւողական հոգատարությունը փող հայթայթելու փութաջանությունը լինեն նաեւ ժողովրդի եւ նրա ստեղծած մշակութային արժեքների նկատմամբ, որքան կշահի Հայաստանը։ Թերեւս ժամանակ է պետք, որ մեր նորօրյա իշխանավորները եւ մեծահարուստները սեփական բարեկեցության պիկին հասնելուց հետո գոնե մտածեն այս մասին։ Եթե...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4