ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ավիափոխադրումների վիճակին ու «Զվարթնոց» օդանավակայանում մատուցվող ծառայությունների որակին առընչվող հարցերն են քննարկվել ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության եւ հանրապետության տուրիզմի ոլորտում ներգրավված սուբյեկտների ներկայացուցիչների օգոստոսի 26-ի հանդիպմանը։ Քննարկվել են նաեւ նշված ծառայությունների որակի բարելավման հնարավորությունները։ Ըստ քննարկմանը մասնակցած տուրօպերատորների, ավիափոխադրումների եւ օդանավակայանում մատուցվող ծառայությունների ցածր որակը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներից է։ Նշվեց, որ դրանց հաղթահարման նպատակով բազմիցս կազմակերպված քննարկումները առայսօր մնացել են անարդյունք։ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունների որակը չի բարելավվել նույնիսկ այն արգենտինահայ հայտնի գործարար Է. Էռնեկյանին հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո։