«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2003-08-23 | #151, 2003-08-26 | #152, 2003-08-27


ԹՎԵՐԸՙ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԻ ՀԱՅԵԼԻ

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակել է 2003 թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակի տվյալները, ըստ որի հունվար-հունիս ամիսներին հանրապետության համախառն ներքին արդյունքը կազմել է 11319.6 մլն դրամՙ նախորդ տարվա համեմատ 12.7 տոկոսով ավել թվաճով։

Արդյունաբերության ոլորտում թողարկվել է 4646.6 մլն դրամի արդյունաբերական արտադրանք (աճըՙ 48.8 տոկոս)։ Պետական հատվածում այս ուղղությամբ ցուցանիշը կազմում է 2002.8 մլն դրամ, ոչ պետական հատվածումՙ 2643.8 մլն դրամ։ Երկու դեպքում էլ աճն ակնհայտ է։

Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը 263 մարդով ավելացել եւ կազմել է 3181 մարդ։ Մեկ աշխատողի կողմից արտադրված արտադրանքն արդյունաբերական ձեռնարկություններում հունվար-հունիս ամիսներին կազմել է 1460.3 հազար դրամ (36.4 տոկոս)։

Գյուղատնտեսության բնագավառում նկատելի է բուսաբուծության համախառն արտադրանքի աճի տեմպի նվազում, որը պայմանավորված է բնակլիմայական պայմանների պատճառով բերքահավաքի աշխատանքների ուշացմամբ։ Առաջին կիսամյակում համախառն արտադրանքը փաստացի գներով, այսպիսով, կազմել է 3169.5 մլն դրամ, համադրելի գներով 12.6 տոկոսով նվազելով։

2003 թ. կատարվել է 44558.0 հեկտար մշակաբույսերի ցանքս, որոնց գերակշիռ մասը կազմում է հացահատիկային եւ հատիկաընդեղենային ցանքսըՙ 41802.1 հեկտար։

Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը տարեսկզբի նկատմամբ աճել է 20.6 տոկոսով։ Ըստ ամփոփագրի, անասնագլխաքանակի աճը հիմնականում պայմանավորված է «ԼՂՀ տարածքում դաջման եւ համարակալման միջոցով հաշվառում կազմակերպելու մասին» ԼՂՀ կառավարության անցյալ տարվա նոյեմբերին ընդունած որոշմամբ իրականացրած աշխատանքներով։ Զգալիորեն աճել է նաեւ մանր եղջերավորների եւ խոզերի գլխաքանակը։ Իսկ ահա թռչունները նվազել են 8.3 տոկոսով։

Կիսամյակի տվյալներով, ԼՂՀ-ում սպանդի համար իրացվել է 1291.5 տոննա (կենդանի քաշով) անասուն եւ թռչուն, արտադրվել է 15754.2 տոննա կաթ, 8503.9 հազար հատ ձու եւ 58.8 տոննա բուրդ։ Անասնապահական բոլոր մթերքների արտադրության գծով առկա է զգալի թվաճ։

Ցուցանիշները բարձր են նաեւ շինարարության բնագավառում։ Այսպեսՙ 2003 թ. առաջին կիսամյակում իրականացվել է 2851.5 մլն դրամի կապիտալ շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 129.0 տոկոս։ Շուրջ վեց անգամ աճել են օտարերկրյա ներդնողների հաշվին իրականացված աշխատանքները։ Թվաճ է արձանագրվել նաեւ համայնքների, արտաբյուջետային եւ մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացրած շինաշխատանքներում։

Համեմատական ժամանակաշրջանում, կապի ոլորտում գործունեությունից ստացված եկամուտների ընդհանուր գումարը, փաստացի գներով (առանց ԱԱՀ), կազմել է 531.4 մլն դրամ, որից 528.2 մլն դրամըՙ միայն հիմնական գործունեությունից (աճըՙ 45.4 տոկոս)։ Հիմնական հեռախոսային ապարատների թիվը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 15912 հատ։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ բնակարանային հեռախոսային ապարատների թիվն ավելացել է 862-ով։ Շուրջ վեց անգամ աճել է նաեւ բջջային սարքերի թիվըՙ 3236 հատ։

2003 թ. հունվար-հունիսին հանրապետությունում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 8187.3 մլն դրամ (16.7 տոկոս աճ)։ Իսկ բնակչությանը մատուցված վճարովի ծառայությունների ծավալն աճել է 6.8 տոկոսով (1422.1 մլն դրամ)։

ԼՂՀ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.6 տոկոս։ Շուրջ 5 տոկոսով նվազել են արդյունաբերական ձեռնարկությունների թողարկած արտադրանքի գները, իսկ գյուղմթերքների իրացման գների ինդեքսը կազմել է 104.1 տոկոս։

Ամփոփագրի համաձայն, 2003 թ. առաջին կիսամյակում տնտեսության ճյուղերում զբաղվածների միջին ցուցակային թվաքանակը ավելացել է 1772 մարդով (ընդհանուր թիվըՙ 31251 մարդ)։ Նյութական արտադրության ոլորտում, մասնավորապես անտառտնտեսության, ինֆորմացիոն հաշվողական սպասարկման եւ այլ ճյուղերում նվազել է վարձու աշխատողների թիվը, իսկ ոչ նյութական արտադրության ոլորտում նվազումը տեղի է ունեցել առողջապահության, բնակարանային-կոմունալ տնտեսության եւ կենցաղսպասարկման ճյուղերում։

Կիսամյակի ընթացքում ԼՂՀ սոցապ նախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնում հաշվառման են կանգնել 4484 աշխատանք փնտրող քաղաքացիներ, որոնցից 3498-ին տրվել է գործազուրկի կարգավիճակ։ Նման կարգավիճակ ունեցող անձանց թիվը հանրապետությունում, համեմատական ժամանակահատվածում, 2.0 տոկոսով նվազել է։

Տնտեսությունում զբաղված մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 32366 դրամ կամ 11.8 տոկոս թվաճ։ Այդ աճն առավելապես գրանցվել է ինֆորմացիոն հաշվողական սպասարկման ճյուղում եւ շինարարությունում։

Բնակչության դրամական եկամուտները հունվար-հունիս ամիսներին կազմել են 11409.3 մլն դրամ, իսկ դրամական ծախսերըՙ 10417.8 մլն դրամ։ Եկամուտները գերազանցել են ծախսերին 991.5 դրամով կամ 8.7 տոկոսով։

Համախմբված բյուջեի եկամուտները նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել են 496.8 մլն դրամով (33.7 տոկոս)։ Իսկ ահա պետական բյուջեի մուտքի ցուցանիշները, համադրական թվերով, 2.4 տոկոսով (130.8 մլն դրամ) իջել են։ Նվազել են նաեւ պետբյուջեի ծախսերըՙ 143.1 մլն դրամով կամ 3.0 տոկոսով։ Համայնքային բյուջեի եկամտային եւ ծախսային մասերի համեմատական ցուցանիշներն աչքի են ընկնում միայն դրական արդյունքով։

Ժողովրդագրության ոլորտում պատկերն այսպիսին է. հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմել 145.6 հազար մարդ, որը տարեսկզբի համեմատ 600 մարդով ավելի է։ Ծննդաճը հանրապետությունում կազմել է 989 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ քիչ է 23 երեխայով։ Բնակչության բնական հավելաճը, համադրելի թվերով, 8 մարդով նվազել էՙ կազմելով 357 մարդ։ Հունվար-հունիս ամիսներին հանրապետություն է եկել 625 մարդ, իսկ մեկնել է 409 մարդ (մեխանիկական հավելաճըՙ 216 մարդ)։

Նվազել է ընտանիքներում ծնված 3-րդ եւ հաջորդ երեխաների թիվը (8.8 տոկոս)։ Առաջին կիսամյակում հաշվառվել են շրջաններում բնակվող մինչեւ 18 տարեկան 7 եւ ավելի երեխա ունեցող 14 ընտանիք, որոնց համար մեկ տարվա ընթացքում պետք է կառուցվեն բնակելի տներ։

Հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը ԼՂՀ-ում կազմել է 3635.7 մարդ, որը 561-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Դրան զուգահեռՙ 384 մարդով ավելացել է հանրապետությունում գրանցված հաշմանդամների թիվը (8899 մարդ)։ Նրանց 67.2 տոկոսը հանդիսանում են երկրորդ խմբի հաշմանդամներ։

ԼՂՀ ԱՎԾ ամփոփագիրը ներառում է նաեւ քրեածին իրավիճակի պատկերը առաջին կիսամյակի կտրվածքով, ըստ որի հանրապետությունում գրանցվել է 335 հանցագործության դեպք, որը 36-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված հանցագործությունների քանակից։ Դրանցում մեծ տեսակարար կշիռ են կազմում քրեական հանցագործությունները։ Դրանց գերակշիռ մասը անձնական ունեցվածքի հափշտակություններն են, որոնց թիվը սակայն համեմատական ժամանակահատվածում շուրջ մեկ քառորդով նվազել է։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4