Օդանավակայանի անունը փոխեցին, բայց դրամ շարունակում են շորթել
«Արմենիա» միջազգային օդանավակայանում (նախկինումՙ «Զվարթնոց») Հայաստանից հեռացող շարքային քաղաքացիներից փող են շորթում, նվազագույնըՙ օդանավակայանի չինովնիկները փորձում են փող շորթել։
Օգոստոսի 4-ին Երեւան-Ստամբուլ չվերթով Թուրքիա մեկնող «Ազգի» թղթակցից դրամ խնդրեց չինովնիկներից մեկը, որի պարտավորությունների եւ լիազորությունների շրջանակը քաղաքացիների ձեռքի ճամպրուկների պարունակությունը ստուգելն է։
«Մի հինգ դոլար դիր «պասպորտիդ» մեջ ու տուր», ասաց նա։
Իմ ճամպրուկի մեջ չկային պայթուցիկ, արգելված ապրանք, իմ գրպանի պարունակությունը չէր գերազանցում արտարժույթի սահմանված չափը, իմ անձնագիրը («պասպորտը») անթերի էր, ավելինՙ ես կրում էի օսլայած վերնաշապիկ, հետեւաբարՙ ինձ այդպես զզվանքով նայելու ոչ մի պատճառ չկար։
Ուղիղ երկու տարի առաջ Նյու Յորք մեկնելիս կրկին փորձեցին փող շորթել։ Ստիպված էի ցույց տալ լրագրողի փաստաթուղթը, այսինքնՙ չարաշահել «պաշտոնական» դիրքը։
Վերջերս, 10 տարի Ռուսաստանում բնակվելուց հետո, Երեւան վերադարձավ բարեկամներիցս մեկըՙ ընտանիքով։ Նրանից էլ էին փորձել փող շորթել։ Ահա այսպեսՙ «Արմենիա» միջազգային օդանավակայանում մանր չինովնիկները փող են շորթում շարքային քաղաքացիներից, եթե ատամները կտրում են։
Երեկ պիտի մեկնեի Սոչի։ Օդանավն ուշանում էր։ Որեւէ ձեւով հնարավոր չէր ճշտել, թե ինչքան է ուշանում։ Օդանավակայանում տեղեկատու չկա։ Դիմում եմ համազգեստով աշխատակցինՙ տեղեկատու չկա՞։ Այնպես է նայում քեզ (ներողությունՙ բութ հայացքով), կարծես նրանից ուրիշ բան ես ուզում։ Հարցնում ես երրորդին, չորրորդին... Ցմփոր մեկն էլ քեզ խորհուրդ կտա զանգահարել ՀՀ նախագահի գրասենյակ։
ՀՀ նախագահի մամլո ծառայությունից «Ազգին» տեղեկացրին. «Նախագահի վերահսկողության ծառայությունն այս օրերին օդանավակայանում անցկացնում է ստուգումներ սպասարկման ոլորտում»։ Մեզ նաեւ ասացին, որ քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով օդանավակայանի մի քանի աշխատակիցներ արդեն ազատվել են աշխատանքից։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Զայրույթս թղթին հանձնելու նպատակով օդանավակայանից վերադարձա «Ազգ» եւ 1-87 տեղեկատուով ճշտեցի, որ Երեւան-Սոչի չվերթը նախատեսված է 19։00-ի սահմաններում։