«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2003-08-26 | #152, 2003-08-27 | #153, 2003-08-28


«ՀԱՅԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԼԱՎՆ ԵՄ ՏԵՍԵԼ»

Ասաց Սիրիայի գյուղատնտեսության նախարարը

Երեկ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության պայմանագիր ստորագրեցին Հայաստանի եւ Սիրիայի գյուղնախարարներ Դավիթ Լոքյանն ու Նուր ադ դին Մունան։ Ստորագրման արարողությունից հետո Դավիթ Լոքյանը մանրամասնեց այն ոլորտները, որտեղ հնարավոր է երկու երկրների համագործակցությունըՙ բուսաբուծություն, թունաքիմիկատներ, հողերի աղակալման դեմ պայքար, վերամշակող ձեռնարկություններ։ Նա հայտնեց, որ երկու գյուղնախարարներն այցելելու են Արտաշատի պահածոների գործարան, որտեղ գյուղացի- վերամշակող ձեռնարկություն-բանկ կապը հստակորեն գործում է։ Համագործակցության ծրագրերում նախատեսվում է նաեւ գիտական փորձի, մասնագետների փոխանակում եւ վերապատրաստում։ Հայաստանի գյուղնախարարն ընդգծեց երկու երկրների բարեկամական հարաբերությունների փաստը եւ հայկական համայնքի ապահով ու արժանապատիվ գոյությունը Սիրիայում, ինչը եղել է «շնորհիվ Հաֆեզ Ասադի եւ այժմ էլ Բաշար Ասադի»։

Նուր ադ դին Մունան եւս իր ելույթում անդրադարձավ Սիրիայի հայկական համայնքին, ասելով, որ ինքը 20 տարի ապրել է Հալեպում եւ տեղի հայերից միայն լավն է տեսել։ Այնուհետեւ նա նշեց, որ գյուղատնտեսությունը Սիրիայում վերելք է ապրել 70-ական թվականներից։ Եթե մինչ այդ Սիրիան հացահատիկը ներմուծում էր, ապա այժմ արտահանելու հնարավորություն ունի։ Այդ երկրի գյուղնախարարը կարծիք հայտնեց նաեւ, որ հայ գործընկերներին կհետաքրքրեն Սիրիայից արտահանվող ցիտրուսները, ձիթապտուղը, պիստակը, խնձորը։ Նա պատրաստակամություն հայտնեց Հայաստանին տրամադրել այն հաջողությունների գաղտնիքները, որոնց իր երկիրը հասել է գյուղատնտեսության բնագավառում։

Իր հերթին, պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի գյուղնախարարը նշեց, որ մենք եւս ունենք որոշակի փորձ, որն օգտակար կլինի սիրիական կողմի համար։ Մասնավորապես Հայաստանում ավելի արագ են մուտք գործում սննդարդյունաբերության նոր տեխնոլոգիաները, ինչպես նաեւ բանկային համակարգի հետ գյուղատնտեսության գործակցությունն ավելի զարգացած է։ Դավիթ Լոքյանը նշեց նաեւ Սիրիայից Հայաստանին որպես օգնություն տրամադրված խնձորի 20 հազար տնկիների, երաշտի ժամանակ 10 հազար տոննա ցորենի, ինչպես նաեւ աղակալած հողերի վերականգնման հարցում համագործակցության փաստերը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4