Երեկ «Արմենիա» հյուրանոցում բացվեցին հնդկական կաշվե եւ մարզական ապրանքների ցուցահանդեսն ու գործարար հանդիպումը, որին օրերս Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դեեպակ Վոհրան։
Ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես կաշվե կիսաֆաբրիկատ, այնպես էլ կաշվե ապրանքներ (կոշկեղեն, հագուստ, ձեռնոցներ եւ այլն)։ Չնայած ներկայացված արտադրանքի սակավությանը, այդուհանդերձ, հայկական կաշվի մշակմամբ եւ կոշիկի արտադրությամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետաքրքրությունն էր առաջացրել։ Բնական է, որ կոնկրետ արդյունքների մասին խոսելը դեռեւս վաղ է։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաեւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, փոխնախագահ Արամ Վարդանյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանը։ Վերջինս, պատասխանելով լրագրողների հարցերին, վերստին ներկայացրեց ցուցահանդեսի նպատակները։ Անդրադառնալով Հայաստանից արտահանվող անմշակ կաշին հնդկական ընկերությունների միջոցով տեղում մշակելու եւ ապա արտահանելու հնարավորության «Ազգի» հարցին, Դեեպակ Վոհրան ասաց, որ դա իր նպատակն է։ Նրա կարծիքով, Հայաստանի մոտիկությունն ԱՊՀ-ին, մատչելի եւ որակյալ աշխատուժի առկայությունը մեր երկրում իրական հնարավորություններ են բացում Հայաստանում կաշվի մշակման համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար, որի հումքը ձեռք կբերվի Հայաստանում եւ կներմուծվի Հնդկաստանից։
Կցանկանայինք անդրադառնալ մի տհաճ միջադեպի, որը բացառություն չի կարելի համարել։ Դեսպանի եւ լրագրողների զրույցի թարգմանությունն այն աստիճան անորակ էր, որ դեսպանը նախ հարկադրված եղավ անգլերենի փոխարեն հայերեն պարզաբանումներ տալ, ապա հրաժարվել այդ թարգմանչի ծառայություններից։ Որոշ օրինակներ արժե հիշատակել, երբ անգլերենի եւ հայերենի իմացության մակարդակը թարգմանչուհուն հնարավորություն չէր տալիս 15-ը տարբերել 50-ից, ագրոբիզնեսնՙ արդյունաբերությունից, իսկ ինֆորմացիոն տեխնոլոգիաները թարգմանում էր լրատվական տեխնոլոգիաներ։
Ա. Մ.