ԵՐԵՎԱՆ. 27 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Պատմական վայրերի եւ հուշարձանների պահպանության համաշխարհային հասարակական կազմակերպության («ԻԿՈՄՈՍ») Հայաստանի ազգային կոմիտեն առաջիկայում բողոքի ձայն կբարձրացնի Հոռոմոսի վանքի ավերման կապակցությամբ։ Ինչպես նշեց կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի տարածքումՙ Անիից դեպի հարավ գտնվող եկեղեցու պատերի արտաքին շերտի քարե շարվածքը հանվում է։ Հայկական պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանի հանդեպ վանդալիզմի հերթական այս դրսեւորման առիթով կոմիտեն կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, «ԻԿՈՄՈՍԻ» անդամ երկրներին։