ԲԱՔՈՒ, 27 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ օգոստոսի 28-ին Բաքու կժամանի ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունըՙ հանրապետական կոնգրեսական Կուրտ Վելդոնի ղեկավարությամբ։ Ադրբեջանական «Զերկալո» թերթը գրում է, որ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ այդ առթիվ, իսկ ոչ պաշտոնական աղբյուրները վկայել են, որ օգոստոսի 28-29-ին պատվիրակության անդամներին կընդունեն Ադրբեջանի վարչապետը, խորհրդարանի խոսնակը եւ առանցքային նախարարները։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարբեր ոլորտներում, մասնավորապես, էներգետիկական ոլորտում, համագործակցությանը վերաբերող հարցեր։