Երեկ Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի ձեռքով բացվեց ժուռնալիստ, դիվանագետ, պատմաբան եւ պետական գործիչ Հենրիկ Լիլոյանին (1932-1999 թթ.) նվիրված հուշատախտակ, որի հեղինակն է քանդակագործ Աշոտ Ադամյանը։
Հենրիկ Լիլոյանի անունը լավ հայտնի է 60-ականներից։ Երեւանի համալսարանն ավարտելուց հետո երկար տարիներ զբաղվել է ժուռնալիստիկայով, ապա աշխատել է Հայաստանի կենտկոմում, որտեղ մասնավորապես եղել է Հայաստանի ղեկավար Յակով Զարոբյանի օգնականը։ 1970-75 թթ. Հենրիկ Լիլոյանը դիվանագետ էր Ֆրանսիայում։
1982-89 թթ. Հենրիկ Լիլոյանը ղեկավարում էր ՀՍՍՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչությունը, հետո նույնպես վարելով մի շարք պատասխանատու պաշտոններ։ Սակայն, չնայած ծանրազբաղ պետական գործունեությանը, Հենրիկ Լիլոյանը միշտ մնաց որպես ժուռնալիստ, հրապարակախոսՙ իր բազմաթիվ հրապարակումներով, «Ազգի» հիմնադրման սկզբից աշխատակցելով նաեւ մեր թերթին։