«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2003-08-26 | #152, 2003-08-27 | #153, 2003-08-28


ՀԱՅԵՐԸ ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ

Մեր թերթի մարտի 19-ի համարում Եթովպիայի հայկական համայնքի մտահոգությունների մասին տպագրված Սաբրինա Ավագյանի հոդվածին է անդրադառնում Ադիս Աբեբայում ծնված, բայց արդեն 28 տարի Մ. Նահանգներում եւ ապա Կանադայում (Վանկուվեր) բնակվող Հարվարդի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, նույն համալսարանի Քենեդու անվան կառավարման բաժնից մագիստրոսի աստիճան ստացած, հակամարտությունների կարգավորման գծով մասնագետ Կարպիս Քորհաճյանի խմբագրությանը հասցեագրված անգլերեն ընդարձակ հոդվածը, որից թարգմանաբար ներկայացնում ենք հետեւյալ տեղեկությունները։

Հայերի ներկայությունը Եթովպիայում ավելի քան հինգ հարյուր տարվա պատմություն ունի։ Որոշ աղոթավայրերում հայտնաբերված ձեռագրեր մանրամասն վկայություններ են պարունակում երկրի զարգացման տարբեր բնագավառներում հայերի ունեցած դերակատարության մասին։ Բայց հայկական համայնքը մեծապես բարգավաճեց վերջին հարյուրամյակի ընթացքումՙ հասնելով 1.200 հոգու (ըստ Հ. Ս. հանրագիտարանիՙ 1500- Հ. Ծ.)։ Եթովպիայի ժողովուրդը նրանց ընդունել է բարյացակամությամբ։

Մենելիք կայսեր գահակալության (1889-1913 թթ.) շրջանում հայերն զբաղեցրել են զանազան պաշտոններ արքունիքում։ Սեբաստացի Պողոս Մարգարյանը եղել է զենքերի ձեռքբերման պատասխանատու (ըստ Հ. Ս. հանրագիտարանիՙ բժշկապետ- Հ. Ծ.), վանեցի Բաղդասարյան եղբայրներըՙ պալատական ոսկերիչներ։ Հայլե Սելասիե կայսեր օրոք հոդվածագրի պապըՙ Աբրահամ Քորհաճյանը 25 երկար տարիներ եղել է ֆինանսական գործերի կառավարիչ եւ խորհրդատու։ Խոսրով Պողոսյանըՙ գլխավոր ախոռապան, Մինաս Խերբիկյանըՙ գլխավոր ճարտարապետ, Փայլակ Ազեճյանըՙ գլխավոր հաշվապահ, Արշավիր (ըստ Հ. Ս. հանրագիտարանիՙ Արշակ) Թերզյանըՙ կայսեր անձնական դեղագործն ու խորհրդատունՙ առողջապահության գծով։

Անցյալ դարի քսանական թվերին կայսր Սելասիեն անձամբ որդեգրել է քառասուն հայ որբերի Երուսաղեմի վանքից եւ նրանց Եթովպիա տեղափոխել։ Նրանք նվագախմբի անդամներ են եղել, եւ նրանց ղեկավարինՙ Գեւորգ Նալբանդյանին կայսրը հանձնարարել է հեղինակել երկրի պետական հիմնը, ինչը նա արել է մեծ վարպետությամբ։ Նրա եղբոր որդինՙ Ներսես Նալբանդյանը շարունակելով իր հորեղբոր աշխատանքը, հետագայում դարձել է երկրում ամենահարգված ու ամենահեղինակավոր երաժշտագետը։

Բայց ամենից ավելի արհեստների եւ գործարար շրջանակներում են հայերը աչքի ընկել։ Տպագրական, ոսկերչական, կաշեգործական, կարուձեւի, հողագործական եւ շինարարական աշխատանքներով զբաղվողների մեծ մասը հայ է եղել։ Մարտիրոս Տարաքչյանը, օրինակ, երկրի ամենամեծ կոշիկի ֆաբրիկայի տերն է եղել, Գեւորգ Սվաճյանըՙ նույնպես։ Վերջինս կոշիկներ է մատակարարել հատկապես բանակայիններին։ Էլյաս եւ Ջորջ Ճերահյաններն ամենամեծ տպարանի սեփականատերն են եղել։ Տպարանատերեր են եղել նաեւ Պետրոս եւ Թորգոմ Ասլանյաններն ու Չաքրյան եղբայրները։ Էդի եւ Հրայր Բեսնիլյանները խոշորագույն ալրաղացի եւ մակարոնի ֆաբրիկայի տերն ու տնօրենն են եղել։ Ապահովագրական մեծագույն ընկերությունը դարձյալ պատկանել է մի հայի։

Հայկական փոքրիկ համայնքը լավ կազմակերպված է եղել։ Ունեցել է ընտրված ներկայացուցիչների եւ 2 տիկնանց հանձնախմբեր, մի դպրոց, մի եկեղեցի եւ մի ակումբ։ 1974-ի իշխանափոխությունից հետո, կոմունիստ Հայլե Մարիամի կառավարությունն ազգայնացրել է բոլոր ֆաբրիկաներն ու գործարար շրջանակի հարստությունները, ինչի հետեւանքով մեծ թվով հայեր հեռացել են երկրից եւ հաստատվել Մ. Նահանգներում, Կանադայում եւ Ավստրալիայում։

Այժմ լավագույն հաշվարկներով երկրում ապրում են 80-100 հայեր, որոնք մեծ զոհողություններով եւ անձնուրաց նվիրումով վառ են պահում ազգային ոգու ջահը։ Գործում են եկեղեցին, դպրոցը, ակումբը։

Ներածական այս մասից հետո հոդվածագիր Կարպիս Քորհաճյանը փորձում է պատասխանել Սաբրինա Ավագյանի նամակ-հոդվածում առաջ քաշված դժգոհություններին։ Անդրադառնալով բանկում 1 միլիոն բիրի եւ գերեզմանատան հարցերին, նա գրում է.

«Երբ 1999-ին համայնքի հաշվարկներն անձամբ ստուգեցի, բանկում 400 հազար բիր կար։ Հաշվեցուցակները աուդիտական ստուգման էին ենթարկված եւ դրանցում խախտումներ չկային։ Մնացած 600 հազար բիրի եկամուտը գոյացել է անցնող չորս տարիների ընթացքում։ Ընդհանուր գումարն այժմ կազմում է մոտ 115 հազար դոլար։ Երբ համայնքի այսօրվա ղեկավարներն ընտրվեցին, համայնքը բանկում շատ չնչին գումար ուներ։ Նրանք փաստորեն վերընտրվեցին, եւ եթե համայնքը չէր վստահում նրանց, ապա կարող էր չքվեարկել նրանց օգտին։

Ինչ վերաբերում է գերեզմանատանը, ես միշտ այցելում եմ ինչպես հինը, այնպես էլ նորը, ամեն անգամ, որ Եթովպիա եմ գնում։ Հինը մոտ 100-ամյա կյանք ունի, նորըՙ 40։ Մեկի եւ մյուսի միջեւ տարածությունը մի քանի հարյուր մետր է։ Նոր գերեզմանատան վիճակը լավ է։ Հինն, անշուշտ, կարիք ունի խնամքի։ Այստեղ պետք է նշեմ, որ ամբողջ աշխարհով մեկ գերեզմանատների պահպանությունը (բացի, անշուշտ, ազգային նշանակության գերեզմանատների, որտեղ հերոսներ ու հասարակական ճանաչված գործիչներ են թաղված) վերապահված է այն անհատներին, որոնք հարազատներ ունեն այնտեղ թաղված։ Այնպես որ, համայնքի ղեկավարներից ավելի, նրանց պարտականություն է բարվոք վիճակում պահել գերեզմանատունը»։

Ապա իր մասնագիտական հմտությամբ նա կոչ է անում փոխադարձ մեղադրանքների փոխարեն համախմբվել եւ գործել միասնաբարՙ հօգուտ համայնքի շահերի։

«Նախ եւ առաջ անհրաժեշտ է կասեցնել դատական գործը, ետ վերցնել հայցը։ Համայնքային տարաձայնությունները կարելի է լավագույնս լուծել համայնքի անդամների միջեւ խոսակցություն ծավալելով։ Անձնական պատճառներն ու դժգոհությունները պետք է դուրս մղվեն բանակցային գործընթացից։ Մինչեւ այժմ կարողացել ենք պահպանել համայնքի բարեկեցությունը, կարող ենք նույն ձեւով շարունակել նաեւ այժմ եւ հետագայում», եզրակացնում է նա, հույս հայտնելով, որ իր հոդվածը կնպաստի համանքում խաղաղ մթնոլորտի վերահաստատմանը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4